ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) ստորագրման յոթնամյակի կապակցությամբ 2024 թվականի նոյեմբերի 22-ին Հայաստանում Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսը և ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Երևանում համատեղ հյուրընկալել են բարձր մակարդակի միջոցառում։
Միջոցառմանը մասնակցեցին ՀՀ նախարարներ, փոխնախարարներ, և կառավարության բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, ԵՄ պատվիրակության և ԵՄ անդամ երկրների դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև ՀԸԳՀ քաղաքացիական հասարակության հարթակի ներկայացուցիչներ: Միջոցառումը հնարավորություն ընձեռեց անդրադառնալու իրականացվող բարեփոխումների ուղղությամբ ձեռքբերված առաջընթացին և կրկին հաստատելու ՀԸԳՀ-ի իրականացման նկատմամբ համատեղ շարունակական հանձնառությունը:
Փոխվարչապետ Գրիգորյանն անդրադարձել է նաև ՀԸԳՀ-ի նշանակությանը` ընգծելով դրա դերը Եվրամիության հետ Հայաստանի գործընկերության ամրապնդման և ժողովրդի զարգացման գործում:
«Մեծարգո ՀՀ փոխվարչապետ, Ձերդ գերազանցություն դեսպաններ, հարգելի գործընկերներ,Շնորհավորում եմ ՀԸԳՀ-ի ստորագրման յոթերորդ տարեդարձի կապակցությամբ։
Ես Սյուզաննա Սողոմոնյանն եմ, ներկայացնում եմ ԵՄ-Հայաստան ՀԸԳՀ-ի պլատֆորմը, որտեղ առաջադրված եմ Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից։
Նախևառաջ ցանկանում եմ ընդգծել այն կարևոր իրողությունը, որ մեր հարթակում հավաքված կազմակերպությունները՝ քաղաքացիական հասարակության կառույցները, դավանում են ԵՄ հիմնարար արժեքները՝ իրավական պետություն, ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, և համոզված են, որ Հայաստանի Հանրապետության զարգացման ճանապարհը տանում է դեպի Եվրոպական Միություն։
Այսօր այս առումով Հայաստանը գտնվում է կարևորագույն փուլում։ Մեր հարթակը կարևորում է ԵՄ հետ հարաբերությունների խորացումը, այդ թվում՝ վիզաների ազատականացման հարցը։ Իսկ մինչ այդ, մեր քաղաքացիները պետք է ունենան արժանապատիվ ընթացակարգերով ԵՄ անդամ պետություններից վիզա ստանալու իրավունք։
Հատկապես կարևորում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանին ԵՄ խաղաղապահ առաքելության դերը, որը էական նշանակություն ունի տարածաշրջանային կայունության և անվտանգության ապահովման գործում։
Մեր հանձնառու ենք ներքին բարեփոխումների կատարման ուղղությամբ օժանդակելու կառավարությանը՝ թե՛ փորձագիտությամբ, թե՛ մոնիթորինգով։ Մինչև 2024թ. նոյեմբեր ՀԸԳՀ-ի քաղաքացիական հասարակության հարթակը արդեն տասնհինգ խորհրդատվական փորձագիտական կարծիքներ է տրամադրել կառավարությանը՝ դատաիրավական, հակակոռուպցիոն և մի շարք այլ ոլորտներում ՀԸԳՀ-ի կատարման ընթացքի վերաբերյալ, որոնց մասով կազմակերպվել են նաև շահագրգիռ կողմերի հետ լայն քննարկումներ։ Սրա համար անհրաժեշտ է, որ կառավարությունը կառուցողական ձևաչափով արձագանքի հարթակի բարձրացրած հարցերին։
Կարևոր է նաև, որ կառավարություն-հարթակ ձևաչափով խորհրդատվություններն ու հանդիպումները ստանան ինստիտուցիոնալ բնույթ և պարբերականություն։
Դրա համար հարկավոր է նաև, որ ԵՄ-ն և Հայաստանում գործող ԵՄ անդամ պետությունների դեսպանատները տրամադրեն համագործակցության և աջակցության դիվերսիֆիկացված և համաչափ մոտեցում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և նրանց կոալիցիաների նկատմամբ՝ ՀԸԳՀ-ի և հարթակի ստանձնած հանձնառությունները արդյունավետ կատարելու համար։»։
Լուսանկարները՝ Եվրոպական միության էջից։