Մինչև վիզաների ազատականացումը, ՀՀ քաղաքացիները պետք է արժանապատիվ ընթացակարգերով ԵՄ անդամ պետություններից վիզա ստանալու հնարավորություն ունենան. Սյուզաննա Սողոմոնյան

ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) ստորագրման յոթնամյակի կապակցությամբ 2024 թվականի նոյեմբերի 22-ին Հայաստանում Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսը և ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Երևանում համատեղ հյուրընկալել են բարձր մակարդակի միջոցառում։

Միջոցառմանը մասնակցեցին ՀՀ նախարարներ, փոխնախարարներ, և կառավարության բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, ԵՄ պատվիրակության և ԵՄ անդամ երկրների դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև ՀԸԳՀ  քաղաքացիական հասարակության հարթակի ներկայացուցիչներ: Միջոցառումը հնարավորություն ընձեռեց անդրադառնալու իրականացվող բարեփոխումների ուղղությամբ ձեռքբերված առաջընթացին և կրկին հաստատելու ՀԸԳՀ-ի իրականացման նկատմամբ համատեղ շարունակական հանձնառությունը:

Դեսպան Մարագոսն ընդգծեց, որ ՀԸԳՀ-ն հանդիսանում է ԵՄ-Հայաստան հարաբերությունների հիմնաքարը և խթան է հաղորդում երկրում իրականացվող բարեփոխումներին և արդիականացմանը՝ համահունչ Հայաստանի երկարաժամկետ ռազմավարական տեսլականին։
Փոխվարչապետ Գրիգորյանն անդրադարձել է նաև ՀԸԳՀ-ի նշանակությանը` ընգծելով դրա դերը Եվրամիության հետ Հայաստանի գործընկերության ամրապնդման և ժողովրդի զարգացման գործում:
Հանդիպմանը տարբեր պետական մարմինների ղեկավարներ և ներկայացուցիչններ ներկայացրեցին իրենց ոլորտում ՀԸԳՀ-ի իրականացման ուղղությամբ կատարված  աշխատանքները։
Միջոցառման ընթացքում ելույթ է ունեցել նաև ՀԸԳՀ քաղաքացիական հասարակության հարթակի անդամ, Իրավաբանների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչ Սյուզաննա Սողոմոնյանը։ Նա վերահաստատել է հարթակի անդամների այն դիրքորոշումը, որ Հայաստանի Հանրապետության զարգացման ուղին տանում է դեպի Եվրոպական Միություն։ Ելույթում անդրադարձ է կատարել վիզաների ազատականացմանը և ՀՀ քաղաքացիների՝ արժանապատիվ ընթացակարգերով ԵՄ անդամ պետություններից վիզա ստանալու հարցերին։ Կարևորել է նաև ՀՀ-Ադրբեջան սահմանին ԵՄ խաղաղապահ առաքելության դերը։ Սյուզաննա Սողոմոնյանը վերահաստատել է նաև հարթակի հանձնառությունը՝ օժանդակել ՀՀ կառավարությանը համաձայնագրից բխող ներքին բարեփոխումների իրականացման հարցում՝ շեշտադրելով կառավարություն-հարթակ ձևաչափով խորհրդատվությունների և հանդիպումների ինստիտուցիոնալ բնույթն ու պարբերականությունը։
Սյուզաննա Սողոմոնյանի ամբողջական ելույթը ներկայացվում է ստորև։

«Մեծարգո ՀՀ փոխվարչապետ, Ձերդ գերազանցություն դեսպաններ, հարգելի գործընկերներ,Շնորհավորում եմ  ՀԸԳՀ-ի ստորագրման յոթերորդ տարեդարձի կապակցությամբ։

 

Ես Սյուզաննա Սողոմոնյանն եմ, ներկայացնում եմ ԵՄ-Հայաստան  ՀԸԳՀ-ի պլատֆորմը, որտեղ առաջադրված եմ Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից։

Նախևառաջ ցանկանում եմ ընդգծել այն կարևոր իրողությունը, որ մեր հարթակում հավաքված կազմակերպությունները՝ քաղաքացիական հասարակության կառույցները, դավանում են ԵՄ հիմնարար արժեքները՝ իրավական պետություն, ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, և համոզված են, որ Հայաստանի Հանրապետության զարգացման ճանապարհը տանում է դեպի Եվրոպական Միություն։

Այսօր այս առումով Հայաստանը գտնվում է կարևորագույն փուլում։ Մեր հարթակը կարևորում է ԵՄ հետ հարաբերությունների խորացումը, այդ թվում՝ վիզաների ազատականացման հարցը։ Իսկ մինչ այդ, մեր քաղաքացիները պետք է ունենան արժանապատիվ ընթացակարգերով ԵՄ անդամ պետություններից վիզա ստանալու իրավունք։

Հատկապես կարևորում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանին ԵՄ խաղաղապահ առաքելության դերը, որը էական նշանակություն ունի տարածաշրջանային կայունության և անվտանգության ապահովման գործում։

Մեր հանձնառու ենք ներքին բարեփոխումների կատարման ուղղությամբ օժանդակելու կառավարությանը՝ թե՛ փորձագիտությամբ, թե՛ մոնիթորինգով։ Մինչև 2024թ. նոյեմբեր ՀԸԳՀ-ի քաղաքացիական հասարակության հարթակը արդեն տասնհինգ խորհրդատվական փորձագիտական կարծիքներ է տրամադրել կառավարությանը՝ դատաիրավական, հակակոռուպցիոն և մի շարք այլ ոլորտներում  ՀԸԳՀ-ի կատարման ընթացքի վերաբերյալ, որոնց մասով կազմակերպվել են նաև շահագրգիռ կողմերի հետ լայն քննարկումներ։ Սրա համար անհրաժեշտ է, որ կառավարությունը կառուցողական ձևաչափով արձագանքի հարթակի բարձրացրած հարցերին։

Կարևոր է նաև, որ կառավարություն-հարթակ ձևաչափով խորհրդատվություններն ու հանդիպումները ստանան ինստիտուցիոնալ բնույթ և պարբերականություն։

Դրա համար հարկավոր է նաև, որ ԵՄ-ն և Հայաստանում գործող ԵՄ անդամ պետությունների դեսպանատները տրամադրեն համագործակցության և աջակցության դիվերսիֆիկացված և համաչափ մոտեցում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և նրանց կոալիցիաների նկատմամբ՝  ՀԸԳՀ-ի և հարթակի ստանձնած հանձնառությունները արդյունավետ կատարելու համար։»։

 

Լուսանկարները՝ Եվրոպական միության էջից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել