Մենք փաստաբաններս ինչ-որ տեղ Ձմեռ պապի ենք. Հայկ Ալումյան

Փաստաբան Հայկ Ալումյանն իր ամենահիշվող Ամանորը անցկացրել է բանակում: Այս մասին նա հայտնեց Իրավաբան.net-ի հետ զրույցում:

«Ամենահիշվող Ամանորը եղել է ոչ թե մանկության տարիներին, այլ այն ժամանակ, երբ ես ծառայում էի բանակում և իմ ակտիվության պատճառով հայտնվել էի զինվորական կալանատանը: Ամանորի մասին իմացա այն ժամանակ, երբ սկսեցին  օդ կրակել»,- ժպիտով հիշեց փաստաբանը:

Զինվորական կալանատանը գտնվելուց շատ ժամանակ չի անցել, երբ փաստաբանի ընկերներն օգնության են հասել. «Կարճ ժամանակ անց  ընկերներս կարողացան շատ յուրահատուկ ճանապարհով ինձ ուտելիք և մի փոքր ոգելից խմիչք փոխանցել, ինչն այդ ժամանակ բավական բարդ էր»:

Ինչպես շատերը, Իրավաբան.net-ի զրուցակիցն էլ մանկության տարիներին հավատացել է Ձմեռ պապիին և ամեն տարի անհամբեր սպասել նրա գալուն. «Ամեն տարի սպասում էի և միշտ զարմանում, թե ոնց չէի կարողանում գոնե մի անգամ տեսնել նրան: Թեև քույրս ինձանից փոքր էր, բայց առաջինն ինքը պարզեց, որ Ձմեռ պապին իրականում մեր ծնողներն են»:

Փաստաբանը պատմեց նաև Ձմեռ պապից ստացած ամենահիշվող նվերի մասին, որը բավական էր ամբողջ տարին բարձր տրամադրություն ունենալու համար. «Մանկության տարիներին մարկաների հավաքածու ունեի ու  ինչ մարկա, որ երազում էի ունենալ, բերում էր Ձմեռ պապը»:

Հայկ Ալումյանի խոսքով` որպես ավանդույթ, իրենց տանը պահպանվել է Ամանորը  տոհմի մեծի տանը նշելը: Արդեն տարիներ շարունակ Նոր տարվա գիշերը հավաքվում են փաստաբանի տատիկի տանը: Ու թեև նա արդեն 96 տարեկան է, բայց չի դադարում զարմացնել պատրաստած համեղ հայկական ուտեստներով:

Այս տարի Ձմեռ պապիկից Հայկ Ալումյանն ուզում է ավելի շատ արդարություն. «Երևի մանկությունից է գալիս, որ Նոր տարուց սպասում ես ինչ-որ լավ բան: Իսկ արդարության առումով մենք փաստաբաններս ինչ-որ տեղ Ձմեռ պապի ենք, քանի որ մեզանից շատ բան է կախված»:

Զրույցի վերջում փաստաբանը մաղթեց մարդկանց, որ հավատան ամանորյա հրաշքներին և երբեք չկորցնեն հավատը դրականի հանդեպ. «Գուցե տարօրինակ թվա, բայց ես ինքս էլ հավատում եմ ամանորյա հրաշքներին»:

 

 Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել