Հակակոռուպցիոն քրեական դատարանում, դատավոր Սուրեն Խաչատրյանի նախագահությամբ, այսօր՝ հոկտեմբերի 17-ին, շարունակվեց նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գործով քննությունը։
Մեղադրական եզրակացության մեջ նշվում է՝ Գասպարյանը, տեղյակ լինելով, որ իր հետ փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող Սուսաննա Սարդարյանը (Գասպարյանը) ՊՆ ՌՈ ծառայության չի ներկայացել և պաշտոնից բխող ծառայողական պարտականությունները երբևէ չի կատարել, վերջինիս աշխատավարձ է վճարել։
Պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերով 17միլիոն 275 հազար 721 դրամի վնաս:
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ այս դատական նիստին ներկայացել էին դատակոչված երեք վկաները՝ Ալինա Գալոյանը, Արմեն Սուլթանյանն ու Արշավիր Բակլաչյանը։
Առաջինը հարցաքննվեց վկա Ալինա Գալոյանը։ Վկան հայտնեց, որ ճանաչում է մեղադրյալ Վլադիմիր Գասպարյանին, երկար տարիներ Ռազմական ոստիկանությունում միասին աշխատել են։
Նախաքննական մարմնում հարցաքննվելիս հայտնել է, որ Գասպարյանի կնոջը՝ Սուսաննա Գասպարյանին չի ճանաչել, չի տեսել։
Հանրային մեղադրող, դատախազ Արմեն Մուրադյանի հարցին, թե ՌՈ-ում որ թվականից է աշխատել, վկան ասաց՝ 2002-ից, ԶԻԼ (Զորամասն ինքնակամ լքած զինծառայողների հայտնաբերման բաժանմունք) բաժնում՝ որպես վերլուծական խմբի տեսուչ։
– Կասե՞ք՝ ով է ստորաբաժանումը ղեկավարել, և աշխատակիցներից ում եք հիշում։
– Ղեկավարել ա պարոն Բակլաչյանը, աշխատակիցներից էլ, օրինակ, ներկայումս Անահիտ Հարությունյանի հետ մինչև հիմա աշխատում ենք, մեր բաժնում այն ժամանակ ինքն էլ ա եղել, տղաներից Սուլթանյան Արմենն ա աշխատել, Մելքոնյան Մուշեղն ա աշխատել, շատ են եղել։
– Իսկ քանի՞ աշխատող կար։
– Մոտ 12, եթե ոչ ավելի։
– Բաժնի գործառույթներն ինչու՞մ էին կայանում։
– Զորամասն ինքնակամ լքած զինծառայողների որոնողական աշխատանքներն էինք իրականացնում, ես կոնկրետ իմ մասով հաշվառումն էի տանում, ցուցակների հետ էի աշխատում, հետո տեղեկանքներ էի կազմում։
– Աշխատանքային գործունեությունը որտե՞ղ էիք ծավալում։
– Ներկայիս ՌՈ-ում, երկու մասնաշենք ունի, միշտ նույն հասցեում։
Դատախազի հարցին, թե աշխատանքից բացակայությունները տևական են եղել, թե ոչ, վկան ասաց՝ ոչ։ Հաջորդ հարցը վերաբերում էր Վլադիմիր Գասպարյանի հետ ունեցած աշխատանքային հարաբերություններին, ինչին ի պատասխան վկան հետևյալը նշեց․ «Դե, ոնց կլինի պետը և ամենացածր պաշտոնի աշխատակիցը․․․ շփում չի եղել գրեթե, միայն, եթե տարածքում հանդիպել ենք կամ ինչ-որ գործառույթով այցելել ա պարոն Գասպարյանը բաժին, ես ի պաշտոնե ոչ մի փաստաթուղթ ներկայացնելու կամ իր հետ ուղիղ առնչվելու պարտավորություն չեմ ունեցել»։
Հարցին, թե աշխատակիցների շրջանում եղել են մարդիկ, որոնք տևական ժամանակ աշխատանքի չգնան, վկան ասաց՝ իրենց բաժնում նման դեպք չի եղել։ Մյուս հարցին, թե եղել են դեպքեր, երբ ինչ-որ անձինք գրանցված լինեն, բայց գործուղված լինեն այլ ստորաբաժանում, վկան պատասխանեց՝ այդպիսի բաներ լինում էին, անուններով չի իմացել, բայց գիտեր այնպիսի մարդկանց, ովքեր հաստիքով այլ բաժնում էին, բայց աշխատում էին իր հետ։
«Շարային ստուգատես էր լինում, էնտեղ թերթիկների վրա քանակով գրում էին արձակուրդ, անհարգելի բացակա, գործուղված»,-նշեց նա։
– Սուսաննա Սարդարյանին ճանաչո՞ւմ եք։
– Ես չեմ ճանաչել, բայց հետո եմ իմացել, որ ինքը․․ հետո եմ իմացել, ես ցուցմունքի, որ կանչել են ինձ ստեղ, ես իրա հետ չեմ աշխատել, չեմ տեսել իրեն, չեմ ճանաչել, բայց հետո եմ իմացել, որ ինքը․․։
– Ի՞նչ եք իմացել։
– Որ ինքը վերլուծական խմբում ա եղել, բայց ես չեմ իմացել։
– Երբևէ տեսե՞լ եք՝ աշխատանքի գա, այ ասացիք՝ շարային ստուգայցեր կամ շարային․․․։
Մեղադրյալ Վլադիմիր Գասպարյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանն առարկեց վերջին հարցի մասով՝ նշելով, որ վկան արդեն իսկ նշեց՝ Սուսաննա Սարդարյանին չի ճանաչում, և հետևաբար չի էլ կարող տեսած լինել։
– Ձևակերպեմ հարցս։ Երբևէ ստուգայցերի ժամանակ կամ երբ ձեր բաժնով կանգնել եք, Ձեզ հետ անծանոթ կին եղե՞լ է կանգնած։
– Ես նման դեպք չեմ հիշում։
– Եթե Ձեր բաժինը անծանոթ մարդու հետ կանգնած լիներ, կտպավորվե՞ր էդ հանգամանքը Ձեր մեջ։
– Էդ էնքան վաղուցվա բան ա, չեն կարում հիշեմ էլի, որ տենց բան եղել ա։
– Եթե Ձեր աշխատանքի վայրում այսօր ստուգայց լինի, և ասեն՝ ամբողջ բաժինը պետք ա կանգնած լինի, Ձեր բաժինը կանգնի, ու բաժնում, օրինակ, կան 10 հոգի, բայց գան, կանգնեն 17 հոգի, էդ հանգամանքը կտպավորվի՞, թե՞ ոչ։
Վլադիմիր Գասպարյանի պաշտպանը կրկին առարկեց՝ ասելով, որ հարցը առարկայական պետք է լինի, տպավորությունների վերաբերյալ դատողություններն անելը տեղին չէ։ Դատախազը պնդեց՝ ամբողջ խնդիրն այն է, որ պետք է հասկանալ՝ ինչ-որ հանգամանքների վերաբերյալ վկան ինչ պատկերացումներ և ընկալումներ է ունեցել։
– Ասացիք՝ չեք ճանաչում, երբևէ լսե՞լ եք՝ նա աշխատած լինի, նրա մասին տեղեկություններ ունեց՞լ եք։
Ալեքսանյանն այս հարցադրման վերաբերյալ հետևյալն ասաց․ «Չի ճանաչում, երբևէ չի տեսել, տրամաբանությունը հուշում ա՝ չունի նրա վերաբերյալ որևէ տեղեկություն, մարդը որոշակիացրած մի քանի անգամ ասեց․ էդ հարցի պատասխանն ինչքա՞ն պիտի ստանանք»։
Դատախազը շարունակեց հարցը՝ փորձելով ճշտել, թե եղել է դեպք, երբ հենց Սուսաննա Սարդարյանն է գործուղվել այս ստորաբաժանում, վկան ասաց՝ անձնավորված որևէ մեկի մասին նման տվյալ չի ունեցել։
– Նախաքննության ընթացքում, երբ ցուցմունք եք տվել, Ձեզ վրա որևէ ազդցեցություն եղե՞լ է, թե՞ ոչ։
– Ո՛չ։
– Ինչ ճիշտն ա եղել, դա՞ եք պատմել։
– Այո՛։
Հանրային մեղադրող, դատախազ Արսեն Գևորգյանը վկային հարցրեց՝ կա՞ն կոնկրետ աշխատակիցների տվյալներ, որոնք այդ նույն բաժնում համատեղ աշխատելու ընթացքում գործուղված են եղել։ Վկան պատասխանեց՝ անուններով հստակ չի հիշում․ «Ոնց որ Չախմախչյան Տիգրանն էր, որ ինքը հրամանով ուրիշ տեղ էր, բայց մեր մոտ, ու էլի դեպքեր են եղել, նա միակը չէր»։
– Կոնկրետ հիշո՞ւմ եք՝ ովքեր են այդ անձանցից գործուղված եղել, ու այդ պայմաններում բանավո՞ր հրամանով են գործուղված եղել, թե՞ գրավոր։
– Տիգրան Չախմախչյանինը հրամանով ա եղել, ուրիշ բաժին էր, բայց մեր մոտ էր, հետո գնաց իրա բաժին։
– Ձեր բաժնից Ձեր աշխատելու ժամանակահատվածում այլ ստորաբաժանումներ գործուղված անձինք եղե՞լ են։
– Ես չգիտեմ, որովհետև էդ հրամանների հետ չեմ առնչվել։
Հաջորդիվ վկային հարցեր ուղղեց Էրիկ Ալեքսանյանը՝ հետաքրքրվելով, թե աշխատավարձի ստացման ժամանակ ինչ-որ ցուցակի տակ աշխատակիցները ստորագրում էին, թե ոչ, և այդ ցուցակում եղել է արդյոք Սուսաննա Սարդարյանի անուն, ազգանունը, ինչին ի պատասխան վկան ասաց՝ ստորագրել են, իսկ ցուցակի մյուս աշխատակիցների անուններին չի նայել։
Հարցին, թե երբևէ լսել է, որ Վլադիմիր Գասպարյանի կինն աշխատել է ՌՈ-ում, վկան ասաց, որ իր բնավորությամբ պայմանավորված՝ ծառայության ողջ ընթացքում և հիմա էլ շատ քիչ մարդկանց հետ է շփվում, չի հետաքրքրվել։
Դատախազ Արմեն Մուրադյանը կրկին անդրադարձավ բաժնի ղեկավարի կողմից աշխատակցի բացակայության պարագայում միջոցներ ձեռնարկելուն, հարցրեց՝ եթե աշխատանքից բացակայող անձը լիներ Վլադիմիր Գասպարյանի կինը, ղեկավարը նույն միջոցնե՞րը կձեռնարկեր, ինչ մյուս աշխատակիցների պարագայում, վկան ասաց՝ իր կարծիքով որոշակի սուբյեկտիվություն կլիներ այդ առումով։
Նախագահող դատավարի հարցին, թե ղեկավարը Վլադիմիր Գասպարյանին զեկուցագիր կներկայացնե՞ր, որ իր ընտանիքի անդամը աշխատանքի չի գալիս, վկան պատասխանեց՝ իր կարծիքով ոչ, երևի կզրուցեր կամ որևէ ցուցում կտար։
Դատախազ Արմեն Մուրադյանը վկայի հարցաքննությունից հետո հանդես եկավ վկայի նախաքննական ցուցմունքը հրապարակելու միջնորդությամբ՝ հաշվի առնելով, որ գործուղումների վերաբերյալ հարցերի պատասխանների միջև հակասությունների կան։
Նախաքննական ցուցմունքներով վկան հայտնել է, որ իրեն հայտնի չէ այնպիսի դեպք, որ իրենց բաժնից որևէ մեկը տևական ժամանակ առանց հարգելի պատճառների չներակայանա աշխատանքի, չի լսել, որ բաժնից որևէ մեկը գործուղված լինի այլ ստորաբաժանում, իրեն նման տվյալներ հայտնի չեն։ Վկան պնդեց՝ գործուղման հրամանները չի տեսել, դրա մասին իմացել է միայն շարայինների ժամանակ, նախաքննական մարմնում այդ մանրամասները չի հիշել։
Առաջին վկայի հարցաքննությունն ավարտվեց, հաջորդիվ հարցաքննվեց վկա Արմեն Սուլթանյանը։
Նա հայտնեց, որ Վլադիմիր Գասպարյանին ճանաչում է, նրա հետ գտնվել է աշխատանքային հարաբերությունների մեջ։ Սուսաննա Սարդարյանի վերաբերյալ հայտնեց, որ հիմնարկի աշխատող է եղել․
«Ես աշխատել եմ ԶԻԼ բաժնում՝ որպես տեսուչ, շփում չենք ունեցել, մի քանի անգամ վարչական շենքում տեսել ենք իրար։ Աշխատել եմ 1997-2009 թթ․, իմ հետ աշխատել ա Հարութը, Մուշեղը, Տիգրանը, մյուս Տիգրանը, Աշոտը, Գալոյան Ալինան։ Ընդհանուր եղել ենք 12 կամ 13 հոգի»։
Հանրային մեղադրողի հարցին, թե ինչ գործառույթ էին իրականացնում, վկան ասաց՝ զորամասն ինքնակամ լքած ծառայողներին հայտնաբերելու ուղղությամբ էին աշխատանք տանում։ Սուլթանյանը հայտնեց՝ աշխատանքային ժամը սկվում էր առավոտյան 9-ից մինչև 18։00-ն, աշխատում էին Ալինա Գալոյանի տված հասցեներով՝ փորձելով հայտնաբերել այդ զինծառայողներին։
– Ձեր բաժնում կայի՞ն աշխատակիցներ, որ ծառայության չէին ներկայանում տևական ժամանակ։
– Չէ։
– Որտեղի՞ց էիք ճանաչում Սուսաննա Սարդարյանին, և որպես ո՞ւմ էիք ճանաչում։
– Ես իրեն ճանաչել եմ դեմքով, մոտիկից չեմ ճանաչել, վարչական շենքում եմ հանդիպել, ճաշարանում, կադրերի բաժնում, շտաբում։
– Վերջինս Ձեր բաժնի աշխատակից հանդիսացե՞լ է, թե՞ ոչ։
– Ես չեմ կարա ասեմ՝ մեր բաժնի աշխատակից հանդիսացել ա, թե չէ։
– Գործուղումները ո՞նց էին իրականացվում ՌՈ-ում։
– Մեր բաժնում, ճիշտն ասած, չգիտեմ՝ ոնց ա եղել։
– Մարդ գիտե՞ք, որ Ձեր բաժնում գրանցված էր, բայց գործուղված այլ ստորաբաժանում։
– Ես շատ փոքր մարդ էի, որ տենց բան իմանայի։
Վլադիմիր Գասպարյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը հարցրեց՝ այն դեպքում, երբ որևէ աշխատակից գրանցված լիներ և աշխատանքի չներկայանար, Բակլաչյանը դրա մասին պետին կզեկուցե՞ր, թե՞ ոչ, վկան ասաց՝ նրա փոխարեն չի կարող երաշխավորել։
Նա նաև հայտնեց, որ աշխատավայարում ժամանակ առ ժամանակ Սուսաննա Սարդարյանին համազգեստով տեսել է, աշխատավարձի ցուցակում չի հետաքրքրել՝ վերջինիս անունը կա, թե ոչ։ Նախագահող դատավորի հարցին, թե Սուսաննա Գասպարյանի մասին որտեղից է իմացել, վկան ասաց՝ աշխատողներն են ասել, որ վարչության պետին «մոտ կանգնած մարդ ա»։
Դատախազ Արմեն Մուրադյանը միջնորդեց առկա հակասությունների պայմաններում վկայի նախաքննական ցուցմունքից մի հատված հրապարակել։ Դատարանի բավարարեց ներկայացված միջնորդությունը։
Մասնավորապես, վկան ցուցմունք տալիս նշել է, որ Վլադիմիր Գասպարյանի ընտանիքի անդամներից որևէ մեկին չի ճանաչել, չի աշխատել։ ՌՈ-ում Սուսաննա Գասպարյանի աշխատելու վերաբերյալ վկան հայտնել է՝ այդ մասին ընդհանրապես որևէ տեղեկություն չունի, նրան բացարձակ չի ճանաչել։
Այս հակասության պայմաններում վկան պնդեց՝ թեև վարչական շենքում տեսել է վերջինիս, բայց իրենց բաժնում նման աշխատողի չի ճանաչել։
Դատախազը շարունակեց իր հարցադրումը կատարել․
– Հարցը հստակ ա, Ձեր բաժնի աշխատող Սուսաննայի մասով ա, հարց ա ձևակերպված, ՌՈ-ում տեսել եք, թե չեք տեսել, ասում եք՝ չեմ տեսել, ասում են՝ Սուսաննա Սարդարյան անունով մարդ ճանաչում եք, թե ոչ, ասում եք՝ չեմ ճանաչում, չգիտեմ՝ ում մասին ա խոսքը, հիմա ասում եք այո, ճանաչում եմ, գիտեմ, Վլադիմիր Գասպարյանի մոտիկ մարդկանցից էր, ավելին՝ համազգեստով էր, ավելին՝ ինքը չէր կարա, անցագրով պիտի մտներ։ Ձեր պատասխաններում այ սենց տարբերություն կա, ու դա չի վերաբերում 18 տարի առաջվա դեպքերին, քննիչի մոտ մի բան եք ասել, հիմա ուրիշ բան եք ասում։
– Էն ժամանակ չեմ հիշել, հետո եմ հիշել։
– Ի՞նչ եք հետո հիշել։
– Որ հետո տենց աշխատող եղել ա։
– Ինչի՞ց հիշեցիք։
– Նախկին դատավարությունից, որ էլի ստեղ եղել ա մյուս դահլիճում։
– Մյուս դահլիճում հիշեցիք, որ Վլադիմիր Գասպարյանի, Ձեր ղեկավարի մոտիկ մարդուն չեք իմացել, ու մոռացել եք իր մասին․ դա՞ է Ձեր պատասխանը։
– Ըհը։
– Ըհը-ն ո՞րն ա, տաղավարում չեք գտնվում։
Վկայի հարցաքննությունն ավարտվեց, հաջորդիվ հարցաքննվեց Արշավիր Բակլաչյանը։ Նա նշեց, որ Վլադիմիր Գասպարյանի հետ գտնվել է աշխատանքային հարաբերությունների մեջ։
Եղել է ԶԻԼ բաժնի պետ, Սուսաննա Գասպարյանն իր բաժնում ընդգրկվել է որպես օպերատիվ աշխատող․ «Հարցերին պատասխանել եմ, Սուսաննա Գասպարյանը, ճիշտ ա, որտեղ որ տեղակայվել է իմ բաժինը, էդտեղ նստելու տեղ չի ունեցել, բայց ունեցել է կողքի մասնաշենքում, որը մեզնից 20 մ հեռու էր։ Կատարում էր էն աշխատանքները, որոնք պարոն Գասպարյանը դնում էր իմ դեմ։ Իրար հետ մենք աշխատել ենք։ Լուրջ հանցագործություններով Սուսաննա Գասպարյանը, քանի որ տիրապետում էր ռուսերենին, ինձ հետ միասին հեռախոսային զանգերով փորձում էինք հանցագործին հանել այնտեղ, որտեղ գտնվում էր»։
Նա նշեց, որ բացի այս գործառույթներից, Սուսաննա Գասպարյանի հետ նաև ընդունել են ՌԴ-ից այցելած հյուրերին, այդ թվում՝ ՌԴ ՊՆ նախարար Պավել Գրաչովին։
Դատախազը հետևյալ հարցերն ուղղեց․
– Ձեզ հետ քննարկումներն ինչպե՞ս էին լինում։ Դուք ղեկավարն էիք, Դո՞ւք էիք գնում իրա մոտ զեկուցելու էդ օպերատիվ բաները, թե՞ ինքն էր գալիս։
– Գնում էի, վատ չէի զգում, որ գնում էի։
– Իսկ ուրիշ աշխատողների մոտ էլ էիք Դուք գնո՞ւմ։
– Ուրիշ աշխատողները, հա, այո, գնում էի, որովհետև մեր մոտ լրիվ ուրիշ տեսակի էր սարքած, նոր ոճով էր սարքած, ես բոլոր աշխատողներին կարող էի պատուհանից տեսնել, նստած էին, գնում էի, խնդիրը դնում էի, գալիս էի, պետք էր լինում և կանչում էի իմ մոտ։
– Ես իմ ղեկավարների մոտ եմ գնում զեկուցման, Ձեր մոտ ա՞յլ կերպ ա եղել, Դո՞ւք եք Ձեր աշխատողների մոտ գնացել, զեկուցել։
– Բայց զեկուցման չեմ գնացել, գնացել եմ խնդիրը դնելու։
Վկան այս հարցի վերաբերյալ ասաց՝ զանգել է, եթե վերջինս տեղում է եղել, գնացել է նրա մոտ ու դրանից երբեք վատ չի զգացել։ Մյուս աշխատակիցների մասով նշեց, որ եթե պետք է աշխատողներից մեկին առանձին ցուցում տար, գալիս էին իր մոտ։ Դատախազը կրկին հարցրեց․
– Սուսաննա Գասպարյանի դեպքում, վերջինս գալի՞ս էր Ձեզ մոտ զեկուցման, թե՞ ոչ։
– Չէ, Սուսաննա Գասպարյանը չէր գալիս։
– Ի՞նչն էր պատճառը։
– Ես չգիտեմ՝ ինչն էր պատճառը, պատճառը երևի այն էր, որ Սուսաննա Գասպարյանը Վլադիմիր Սերգեյիչի կինն էր։
Հարցին, թե կոլեկտիվում իմացել են, որ կա որևէ աշխատակից, որն աշխատում է այլ վարչական շենքում, վկան ասաց՝ ինչու պետք է աշխատողներին ասի, որ տվյալ աշխատողն անում է այն օպերատիվ աշխատանքը, որը մնացածը պետք է չիմանան․ «Ես գտել եմ, որ իմ աշխատողները չպետք է ճանաչեին Սուսաննա Գասպարյանին, որովհետև մենք ունեցել ենք օպերատիվ ծառայություն, որը ընդհանրապես ՌՈ-ի անձնակազմը չի իմացել, նաև էդ բաժնի հետ ես համագործակցել եմ, դրա համար էլ տենց լավ արդյունքներ ենք ունեցել 1997 թվից մինչև վերջ»,-ասաց վկան։
Նա նշեց, որ զորամասը լքած զինծառայողին գտնելու համար Սուսաննա Գասպարյանը համապատասխան հասցեով զանգում էր, ռուսերենով խոսում, ու այդ ընթացքում իրենք զբաղվում էին զորամասը լքած զինծառայողին հայտնաբերելու գործով։
Դատախազ Արմեն Մուրադյանը միջնորդեց վկայի նախաքննական ցուցմունքը հրապարակել, և չնայած պաշտպանության կողմի առարկությանը, դատարանը բավարարեց ներկայացված միջնորդությունը։
Վկան նախաքննության ընթացքում հայտնել է, որ Սուսաննա Գասպարյանը զբաղվել է արարողակարգային հարցերով, ՊՆ այցելած տարբեր պատվիրակությունների ընդունմամբ, միջոցառումների կազմակերպմամբ։ Նա նշել է, որ վերջինս հրամանագրված է եղել բաժնում, սակայն այդտեղ աշխատանքի չի ներկայացել, աշխատասենյակ չի ունեցել։
Երրորդ վկայի հարցաքննությունն ավարտվեց։ Այս գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 13-ին։
Մարիամ Շահնազարյան