Աշակերտները դպրոցում մաքրություն անելու պարտավորություն չունեն. ՀՀ-ի դպրոցներում հարցը կարգավորված չէ

Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող դպրոցներում մաքրությունը կազմակերպվում  է տարբեր կերպ։ Շատ դպրոցներում դասասենյակի մաքրությամբ զբաղվում են աշակերտները, իսկ մյուսներում՝ հավաքարարները, ու պետք է նշել, որ հարցին միասնական պատասխան չի տրվել։

Iravaban.net-ը հարցի վերաբերյալ խոսել է քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող մի քանի դպրոցների տնօրենների հետ՝ պարզելու, թե ինչպես է իրականացվում դպրոցի մաքրությունը, ինչ տարբերություններ կան դպրոցների մոտեցումների միջև, ինչ կարգավորումներով են նրանք առաջնորդվում։

Նար-Դոսի անվան համար 14 հիմնական դպրոցի տնօրեն Մելսիդա Ռուբենյանը մեզ հետ զրույցում հայտնեց հետևյալը․ «Աշակերտները դասասենյակն իրենցից հետո հավաքում են, բայց խոնավ մաքրումը հավաքարարներն են անում մեզ մոտ, աշակերտներն իրենք իրենց թափածը հավաքում են գետնից՝ որպես դաստիարակության ձև, իսկ հավաքարարները վերջում մաքրում են, որպեսզի աշակերտները չփոշոտվեն, ընդամենը դասի ընթացքում իրենց թափած կոնֆետի թղթերը, թխվածքաբլիթներն են հավաքում, որ իմանան՝ իրենց շրջապատը պետք է մաքուր պահեն»։

Տնօրենի խոսքով՝ աշակերտները դասասենյակի աղբը հավաքում են, դնում միջանցքում, հավաքարարներն օրվա վերջում դրանք վերցնում են։ Մյուս սենյակներում, այդ թվում՝ մարզադահլիճում, հավաքարարներն են զբաղվում մաքրությամբ։

Ամենայն հայոց կաթողիկոս Վագզեն Առաջինի անվան հ․ 168 հիմնական դպրոցից հայտնեցին, որ հետևողական են դպրոցի մաքրության հարցում, դասասենյակների մաքրությամբ զբաղվում են հավաքարարները, իսկ բարձր դասարաններում հերթապահություն է կազմակերպվում․ «Եթե երեխաները փոքր են, իրենք չեն կարող մաքրել, մաքրուհիների միջև բաշխված են դասասենյակները, իսկ բարձր տարիքի աշակերտներն իրենց հերթապահությունը դասղեկի հետ միասին կազմակերպում են, մաքրում են»։

Հակոբ Կարապենցի անվան հ․6 հիմնական դպրոցի տնօրեն Սիրանուշ Վարդանյանն ասաց՝ բարձր դասարաններում աշակերտներն են զբաղվում մաքրությամբ, տարրական դասարաններում՝ միայն հավաքարարները։

«Մեր դպրոցը լրիվ նոր է, ես քաղաքապետարանին դիմել եմ, խնդրել 1 հաստիք մաքրուհի հատկացնել դպրոցին, քանի որ տարածքը բավականին մեծացել է։ 5 մաքրուհի ունենք ընդամենը, ու որպես նոր վերանորոգված դպրոց՝ պետքարանները բավականին շատ են, դժվարություն է առաջանում մաքուր պահելու հետ կապված։ Ինձ թվում է՝ նոր հաստիքացուցակով մեզ ևս մեկ մաքրուհի պետք է հատկացրած լինեն, որովհետև ֆիզկուտուրայի դահլիճն էլ է շատ մեծ, սանհանգույցները քանակով բավականին շատ են»։

Հարցին, թե եղե՞լ է դեպք, երբ աշակերտների կողմից դասասենյակների մաքրության իրականացումը ստիպողաբար լինի, ինչ-որ խնդիրներ առաջանան, տնօրենը պատասխանեց՝ երբևէ խնդիր չի առաջացել, հերթապահություն է նշանակվում, յուրաքանչյուրը գիտի՝ տվյալ օրը՝ դասերից հետո, ով պետք է մնա, դասասենյակը մաքրի, ու վերանորոգումից հետո այն այժմն ավելի հեշտ է կատարվում։

Միքայել Նալբանդյանի անվան հ․ 33 հիմնական դպրոցի տնօրեն Անուշ Համբարձումյանը մեր հարցին ի պատասխան, նշեց, որ դպրոցում կա 3 հավաքարար,  շենքն ունի 2 կորպուս, առաջինը ադմինիստրատիվ է, բայց դասարաններ ևս կան, երկրորդը կորպուսը 3 հարկանի է, այդ 3 հավաքարարների միջև ըստ հարկերի աշխատանքը բաժանված է։ Տնօրենը հայտնեց՝ աշակերտներից կողմից դպրոցում հերթապահություն չի իրականացվում։

«Իրենք գալիս են աշխատանքի, առավոտվանից իրենց աշխատանքը պլանավորում են, մաքրում են, իսկ դասերից հետո մաքրում են դասասենյակները։ Դասերի ընթացքում սովորողը պարտավոր է իր շրջակա միջավայրը մաքուր պահել, ժամանակ առ ժամանակ շաբաթօրյակներ ենք կազմակերպում, որպեսզի իրենց հոգեբանության մեջ մտնի՝ իրենք պետք է շրջակայքը մաքուր պահեն»,-ասաց տնօրենը։

Վահան Տերյանի անվան հ․60 հիմնական դպրոցի տնօրեն Անիչկա Իսկանդարյանը ասաց, որ դպրոցում դասերից հետո հերթապահություն չի կազմակերպվում․ «Ըստ քաղաքապետարանի հրահանգի, նախարարության ընդունած որոշման՝ տարածքների մաքրման համար կա հատուկ կարգ, Կառավարության որոշմամբ կա՝ տարածքների մաքրման համար ինչքան տարածքին քանի հավաքարար է հասնում, մենք ըստ այդ որոշման տարածքները բաշխել ենք, ու այս պահին ունենք մեր հավաքարարները, ունենք անգամ այգեպան, որովհետև փոքրիկ տարածք կա դպրոցի բակի դիմաց, բակապահ ունենք, որն էլ դպրոցի դիմաց գտնվող տարածքն է մաքրում։ Բոլորն ըստ հաստիքների, համապատասխանաբար ամեն մարդ իր աշխատանքը կատարում է»։

Նա նշում է, որ դպրոցում երբևէ հերթապահություն չի սահմանվել, մշտապես հավաքարարներն են զբաղվել մաքրությամբ, ու տարածքների բաժանման մեջ մտնում են դասասենյակները, միջանցքը, սանհանգույցը և դպրոցի ներսում գտնվող այլ հատվածներ։

Iravaban.net-ը հարցմամբ դիմել է Երևանի քաղաքապետարան և Կրթության գիտության մշակույթի և սպորտի նախարարություն՝ հետևյալ հարցերի պարզման նպատակով․

  • Ի՞նչ իրավական ակտով է կարգավորվում դպրոցներում մաքրություն իրականացնելու հարցը։
  • Ինչո՞ւ բոլոր դպրոցների համար միասնական մոտեցում չի ցուցաբերվում։
  • Կա՞ մաքրուհիների համար սահմանված աշխատանքի նկարագիր, թե դպրոցի որ հատվածների մաքրությունն է իրենց վստահված։
  • Բացի այդ, արդյո՞ք դպրոցը կարող է պարտադրել աշակերտներին դասերից հետո մնալ, հերթապահություն իրականացնել, դասարաններում ապահովել մաքրությունը։

Երևանի քաղաքապետարանից Iravaban.net-ի հարցմանն ի պատասխան նշեցին, որ ՀՀ կառավարության 2023 թվականի N 216-Ն որոշմամբ հաստատված 1-ին հավելվածով սահմանված է հանրակրթական ուսումնական հաստատության հավաքարարի պաշտոնի նկարագիրը, որի համաձայն՝ հավաքարարին վերապահված են հետևյալ աշխատանքային գործառույթները.

1) սանիտարահիգիենիկ պահանջներին և անվտանգության կանոններին համապատասխան՝ պատրաստում է տարբեր տեսակի լվացող և ախտահանող լուծույթներ՝ Հաստատությունում ըստ անհրաժեշտության օգտագործելու համար,

2) սարքավորումների օգնությամբ կամ ձեռքով մաքրում է միջանցքները, աստիճանները, սանհանգույցները, սանիտարատեխնիկական սարքավորումները, պատուհանները, պատերը, առաստաղները, դռները, կահույքը,

3) միջանցքներում իրականացնում է աղբահանում, աղբամանների մաքրում և ախտահանում,

4) ստանում է մաքրող միջոցներ, գույք և մաքրող նյութեր,

5) պահպանում է սանիտարիայի և հիգիենայի կանոնները հաստատության ընդհանուր օգտագործման տարածքներում:

  • ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի՝ 2022թ. դեկտեմբերի 7-ի N79-Ն հրամանով սահմանված են  ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների՝ պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման գործակիցները և նորմատիվները, ըստ որոնց  հաստատությունում շենքերի (շինությունների) և հարակից տարածքների պահպանման, խնամքի և կենցաղային սպասարկման աշխատանքների համար նախատեսվող հաստիքների մեջ հավաքարարի համար սահմանված է 1 հաստիքային միավոր՝ շենք-շինությունների տարածքի յուրաքանչյուր մաքրվող մինչև 600 քառ.մ-ի մաքրման համար, բայց ոչ ավելի, քան դասարանների միջին տարեկան թվի և 5 թվի քանորդի չափով:
  • Դասասենյակի մաքրության աշխատանքներին աշակերտների ներգրավումը կարող է սահմանվել յուրաքանչյուր ուսումնական հաստատության ներքին կարգապահական կանոններով: Միաժամանակ, ՀՀ ԿԳ նախարարի՝ 2011 թվականի հրամանով աշակերտական խորհրդի օրինակելի կանոնադրության 41-րդ 4-րդ ենթակետի համաձայն՝ աշակերտական խորհուրդը նպաստում է դպրոցի սանիտարահիգիենիկ պայմանների պահպանմանը:

Քաղաքապետարանից հայտնեցին նաև, որ յուրաքանչյուր հանրակրթական դպրոցի վերապահված է մշակել և հաստատել տվյալ հաստատության ներքին կարգապահական, այդ թվում՝ աշխատողների և սովորողների վարքագծի կանոնները, հետևաբար, հնարավոր են տարբեր մոտեցումներ:

ԿԳՄՍՆ-ից մեր հարցմանն ի պատասխան հայտնել են, որ նախարարի 2022 թ․ հրամանի համաձայն հանրակրթական ուսումնական հաստատությունում շենքերի (շինությունների) և հարակից տարածքների պահպանման, խնամքի և կենցաղային սպասարկման աշխատանքների համար նախատեսվող հաստիքների ցանկի՝ հատկացվում է հավաքարարի՝

  • 1 հաստիքային միավոր՝ շենք-շինությունների տարածքի յուրաքանչյուր մաքրվող մինչև 600 քառ.մ-ի մաքրման համար, բայց ոչ ավելի, քան դասարանների միջին տարեկան թվի և 5 թվի քանորդի չափով, (բացառությամբ գիշերակացով աշակերտներ ունեցող հատուկ և մասնագիտացված դպրոցների),
  • 1 հաստիքային միավոր՝ շենք-շինությունների տարածքի յուրաքանչյուր մաքրվող մինչև 600 քառ.մ-ի մաքրման համար (գիշերակացով աշակերտներ ունեցող հատուկ և մասնագիտացված դպրոցների դեպքում),
  • ևս 1 հաստիքային միավոր՝ բակի յուրաքանչյուր մաքրվող մինչև 2000 քառ.մ-ի մաքրման համար, սակայն ոչ ավելի, քան 2 հաստիքային միավոր։

Ինչ վերաբերում է մաքրուհիների աշխատանքային գործառույթների հարցին, ապա այն կարգավորվում է ՀՀ կառավարության 2023 թվականի փետրվարի 16-ի՝ «Հանրակրթական ուսումնական հաստատության և տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի մանկավարժական և վարչատնտեսական աշխատողների պաշտոնների անվանացանկը, դրանց նկարագիրը սահմանելու մասին» N216-Ն որոշմամբ:

Միաժամանակ հայտնեցին, որ թեև սովորողների կողմից դասասենյակների մաքրության իրականացումը պարտադիր պայման չէ, սակայն այն դաստիարակության կարևոր բաղադրիչ է, որը նպաստում է երեխայի մոտ կոկիկության, աշխատասիրության և շրջապատող անձանց նկատմամբ հարգանքի ձևավորմանը:

Մարիամ Շահնազարյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել