Արուսյակ Ալեքսանյանի և Սերգեյ Չիչոյանի վերաբերյալ դրվագն ուղարկվել է քննչական մարմին․ ամբաստանյալի՝ դատարանում արված հայտարարության հետքերով

Iravaban.net-ի կողմից լուսաբանվող դատական նիստերի շարքում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի քրեական գործը։

Այս գործի շրջանակներում դեռևս 2023 թվականի հունիսի 1-ին տեղի ունեցած նախնական դատալսումների ժամանակ անդրադարձ է կատարվել Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի աշխատանքին։ Նիստի ընթացքում պաշտպանության կողմը հայտարարել էր, որ որ մինչ օրս նշված պալատը վարույթ է ընդունել 7 բողոք, 7-ն էլ տարվել են Գլխավոր դատախազության կողմից։ Նաև նշվել է, որ որևէ բողոք, այդ թվում նաև այս գործով պաշտպան Անդրանիկ Մանուկյանի տարված բողոքը վարույթ չի ընդունվել։

Հարցի վերաբերյալ մեղադրյալ Արուսյակ Ալեքսանյանը դատարանում հետևյալ հայտարարությունն է արել․ «Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավորներից մեկը՝ Սերգեյ Չիչոյանը, հանդիսանում է իմ ներքին դիտումների դրվագներից մեկով գլխավոր հերոսներից մեկը։ Նա զանգահարել էր ինձ և իր վրդովմունքն ու զայրույթն էր արտահայտում, քանի որ ես հայտնի գործերից մեկով ինչ-որ անձի չեմ կալանավորել։ Իհարկե, ներքին դիտման այդ դրվագը ԱԱԾ-ն չի տրամադրել ինձ։ Եթե Սերգեյ Չիչոյանը փոքր-ինչ ազնիվ գտնվեր, ապա մեր կողմից ներկայացած բողոքներն ինտենսիվ ձևով մերժելու փոխարեն գոնե ինքնաբացարկ կհայտներ»։

Նշենք, որ Սերգեյ Չիչոյանը 2022 թվականի հուլիսի 1-ից զբաղեցնում է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի պաշտոնը,  2018-2023 թթ․ զբաղեցրել է նաև Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնը։

Iravaban.net-ը հարցմամբ դիմել է Գլխավոր դատախազություն՝ հետևյալ հարցերի պատասխաններն իմանալու նպատակով.

  • Արդյո՞ք Արուսյակ Ալեքսանյանի հայտարարությունը քննության է առնվել, թե ոչ։
  • Սերգեյ Չիչոյանը նախաքննական մարմնում այդ զանգի վերաբերյալ ցուցմունքներ տվե՞լ է, թե՞ ոչ։
  • Ի՞նչ հանգամանքներ են պարզվել, և բացի այդ, արդյո՞ք Արուսյակ Ալեքսանյանից այս զանգի վերաբերյալ ցուցմունք է վերցվել։

Հարցմանն ի պատասխան հայտնել են, որ 2023 թ․ հունիսի 1-ին կայացած դատական նիստի ձայնագրության վերաբերելի հատվածն ուղարկվել է վարույթն իրականացնող քննչական մարմին՝ մեղադրյալ Արուսյակ Ալեքսանյանի կողմից դատական նիստում կատարված հայտարարությունների վերաբերյալ անհրաժեշտ վարույթային և ապացուցողական գործողություններ կատարելու նպատակով։ Դատախազությունից այլ տեղեկություններ չեն տրամադրվել։

«Հարցմամբ հայցվող մյուս տեղեկությունները տրամադրվել չեն կարող՝ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիմքով, քանի որ ակնկալվող տեղեկությունները հանդիսանում են քրեական վարույթի՝ հրապարկման ոչ ենթակա տվյալներ»,-ասված է պատասխան հաղորդագրության մեջ։

Մարիամ Շահնազարյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել