Տեր Պարթևը՝ արհեստական բանականության և զարգացող տեխնոլոգիաների դարում հոգևոր ավանդույթների պահպանման մասի

«Եկեղեցին և իրավունքը» հարցազրույցների շարքի շրջանակում Iravaban.net-ը «Հայկական հոգևոր ավանդույթները 21-րդ դարում» թեմայով զրուցել է Արարատյան Հայրապետական թեմի Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պարթև քահանա Մուրադյանի հետ։

-21-րդ դարում տեխնոլոգիական զարգացմանն համընթաց հոգևոր ավանդույթներն ինչպե՞ս են պահվում։

-Կուզեմ սկսել, թե ինչ ասել է՝ հոգևոր ավանդույթ, որովհետև դա գալիս է Քրիստոսից և Քրիստոս մեզ փոխանցեց բանավոր ավանդույթներ, որ մտավ եկեղեցու ժառանգության մեջ և փոխանցվելով հասավ մինչև մեր օրեր, իսկ բանավոր ավանդույթները, որ հասել են մեզ, դրանք հիմնականում ծիսապաշտական ավանդույթներն են, որոնք մարդու մեջ ավելի ամրապնդում են հավատքը։ Ժամանակի ընթացքում, ոչ միայն տեխնոլոգիական զարգացումների ֆոնի վրա, ժամանակակից մարդու զարգացման պրոցեսի հիման վրա շատ-շատ փոփոխություններ են եղել։ Սակայն ավանդույթները պահվում են եկեղեցում տոների շուրջ, ազգային եկեղեցական տոներով կարողանում ենք մարդկանց մեջ փոքրիշատե ավանդույթները պահել։ Այս ժամանակաշրջանում, այո, կան դժվարություններ, սակայն, փառք Աստծուն, պահպանվում են ավանդույթները։

-Իսկ տեխնոլոգիական զարգացումները բացասական ազդեցություն ունենո՞ւմ են։

-Անշուշտ կունենան, որովհետև ինչքան տեխնոլոգիաները զարգանում են, մարդն ավելի է ծուլանում, իսկ բոլոր ավանդույթները պահանջում են ֆիզիկական ներկայություն, իսկ մենք արդեն սովորել ենք, որ զարգացող տեխնոլոգիաների շրջանում ֆիզիկական ներկայություն անհրաժեշտ չէ։ Մենք կարող ենք մեր հարթակներում ամեն ինչ անել։

-21-րդ դարում ժողովրդական ծեսերը և հոգևոր ավանդույթները պահպանելու խնդիր կա՞։

-Ոչ միայն 21-րդ դարում, ընդհանրապես մարդկության պատմության մեջ, այո, ավանդույթներ պահպանելու խնդիրներ կան, որովհետև տեղեկատվությունը մի փոքր քիչ լինելու դեպքում ավանդույթների խախտում է տեղի ունենում։ Անհատը, որը քիչ է տեղյակ մեր ավանդույթներից, արդեն իր մոտ հարցեր են առաջանում։ Հիմա մարդիկ ավելի շատ են այլ ավանդույթներ վերցնում։

-Կա՞ արդյոք խնդիր տեխնոլոգիաների զարգացման հնարավորությունները ճիշտ օգտագործելու, եկեղեցին կարողանո՞ւմ է ճիշտ օգտագործել այս հարթակները։

-Բոլոր թեմերն ունեն իրենց սոցիալական էջերը, գրեթե բոլոր եկեղեցիներն ունեն էջեր, որոնց միջոցով մենք կարողանում ենք հասու դառնալ մարդկանց, բայց պետք է հիշեցնեմ նորից, որ հոգևորը պահանջում է ֆիզիկական ներկայություն։ Մենք կարող ենք էկրանից այն կողմ հետևել պատարագին, բայց մենք չենք կարող հաղորդվել, պետք է ներկա լինենք պատարագին։

-Սոցիալական էջերն ինչքանո՞վ օգնեցին, որ հավատացյալ-եկեղեցի կապն ամրանա։

-Մարդիկ շատ ու շատ տեղեկություններ ստանում են սոցիալական հարթակներից։ Եկեղեցու շատ ու շատ նվիրյալ հավատացյալներ կան, որոնք քաղաքից դուրս են ապրում, սակայն փորձում են ժամանակ առ ժամանակ գալ մեր եկեղեցի և մի շարք տոների, ուխտագնացությունների մասին իմանում են հենց սոցիալական հարթակներից։ Նրանց դա շատ է օգնում։

-Տարբեր ոլորտներում ակտիվ ներդրվում է արհեստական բանականությունն ու դրա տված հնարավորությունները, եկեղեցին ի՞նչ վերաբերվունք ունի տեխնոլոգիական այս նորարարությանը։ Ինչ խնդիրներ այն կարող է առաջացնել հասարակության համար։

-Քիչ առաջ էլ ասացի՝ յոթ մահացու մեղքերից է՝ ծուլությունը և այս ամենը մարդուն դրան է տանում, այդ պատճառով է, որ եկեղեցին հորդորում է, որ մարդն իր սեփական բանականությանն ապավինի, այս տարբերակում հոգի չկա, իսկ որտեղ որ հոգի չկա, այնտեղ չի կարող լինել աստվածային որևէ բան, այս է խնդիրը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել