Ամուսնալուծության ժամանակ կռվախնձոր են դառնում անգամ թեյի, սուրճի բաժակները, «սերվիզները»․ ինչո՞ւ են առաջանում գույքային բաժանման խնդիրները

ՀՀ-ում ամուսնաընտանեկան վեճերի շարքին են դասվում ամուսինների միջև ծագած գույքի բաժանման խնդիրը։

Օրենսդրությունը նախատեսում է՝ համատեղ կյանքի ընթացքում միասին ձեռք բերված գույքը համարվում է համատեղ գույք, որտեղ, բնականաբար, կան բացառություններ՝ կապված անձնական նվերների, մինչև ամուսնանալը ձեռք բերած գույքի հետ։

«Ամուսնալուծության ժամանակ սրվում են գույքի բաժանման խնդիրները, և քանի որ դա շատ հաճախ չի ավարտվում հաշտությամբ, այսինքն՝ զույգերը չենք կարողանում հաշտ եղանակով խնդրի լուծումը գտնել, նրանք դիմում են դատարան, և դատարանը որոշում է, գույքի բաժանում է անում։ Դա կարող է լինել անշարժ գույք, կարող է լինել կենցաղային ինչ-որ իրեր»,-նշում է փաստաբան Մարատ Ատովմյանը։

Թվում է՝ այս տիպի գործերը հեշտ են, սակայն ընթացքում բարդություններ են առաջանում։ Օրինակ՝ երբեմն զույգերը վիճարկում են նկարի պատկանելիությունը․ կինը պնդում է՝ իրեն են նվիրել, իրեն է պատկանում, ամուսինը՝ հակառակը, ու դատարանի համար ևս դժվար է լինում լուծել խնդիրը՝ անհրաժեշտ ապացույցների բացակայության պարագայում։

Մի քանի օրինակներ ընդգծելով՝ Մարատ Ատովմյանը նշում է․ «Անգամ լինում է, երբ վարագույրերն են վեճի առարկա դառնում, լվացքի մեքենան, թեյի, սուրճի բաժակներ, սերվիզներ և այլն, և դատարանը ստիպված է լինում նստել, որոշել՝ ում պետք է դա հասնի․ պրակտիկայում նաև այսպիսի դեպքեր են լինում»։

Փաստաբանի խոսքով՝ եթե կողմերն ունենում են կնքված ամուսնական պայմանագիր, ապա այս դեպքում շատ ավելի հեշտ է, քանի որ այդ պայմանագրով կարգավորվում են գույքային խնդիրները։

«Մյուս խնդիրներն առաջանում են անշարժ գույքի բաժանման հետ կապված, որովհետև, եթե խոսքը, օրինակ, գնում է հիպոթեքով ձեռք բերված բնակարանի մասին, այստեղ երրորդ կողմ կա՝ ի դեմ բանկի, և նաև կան դեպքեր, երբ հիպոթեքը ձևակերպված է ամուսիններից մեկի անունով, նա է կատարում վճարումը, բայց գույքը համատեղ գույք է, կողմերից մեկը դիմում է, որ այդ գույքը բաժանվի, այստեղ նաև բանկը պետք է մասնակից լինի։ Սա, իհարկե, դատարանում լրացուցիչ վեճերի, քննարկումների առարկա է դառնում»,-ասում է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել