Նախկին դատավորի մահից հետո ընտանիքի անդամներն արդարություն են պահանջում․ ՍԴ-ն որոշում է հրապարակել

Սահմանադրական դատարանը գրավոր ընթացակարգով քննել է Լիա Մնացականյանի և Հասմիկ Մնացականյանի դիմումի հիման վրա՝ վարչական դատավարության օրենսգրքի 184-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը:

Դրույթը սահմանում է․ «1. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման դիմում ներկայացնելու իրավունք ունեն`

1) դատավարության մասնակիցները, ինչպես նաև նրանց իրավահաջորդները, եթե վիճելի իրավահարաբերությունը թույլ է տալիս իրավահաջորդություն․․․»։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ 2022 թվականի դեկտեմբերի 6-ի Մարդու իրավունքների եվրոպական դատարանը «Մնացականյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճռել է, որ հայաստանյան ատյանները խախտել են դատավոր Սամվել Մնացականյանի արդար դատաքննության իրավունքը։ Միջազգային դատարանը պարտավորեցրել է 4 հազար 900 եվրո վճարել հանգուցյալ դատավորի ժառանգներին՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում։ Մնացականյանին 2011 թվականին աշխատանքից ազատել էին այն պատճառաբանությամբ, որ նա պատշաճ չի հիմնավորել գրավի դիմաց մեղադրյալին ազատ արձակելու իր որոշումը։

Նա բողոքարկել էր այս որոշումը հայաստանյան բոլոր ատյաններում ու հաջողության չէր հասել։

Մահացած նախկին դատավորի այրին՝ Լիա Մնացականյանը, և դուստրը՝ Հասմիկ Մնացականյանը, բողոք-դիմում են ներկայացրել ՀՀ նախագահի հրամանագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին։ Վճռաբեկ դատարանը որոշել է դիմողների ներկայացրած դատական ակտի վերանայման վճռաբեկ բողոքը (դիմումը) վարույթ ընդունելը մերժել:

Դիմողները գտնում են, որ անհրաժեշտ է պարզել և գնահատել անձի մահվան հիմքով` նոր հանգամանքով նրա մասնակցությամբ դատական գործի վերաբացման ընդհանուր կանոնից նրա և նրա իրավահաջորդների իրավունքների վերականգնման համար գործի վարույթը վերաբացելու իրավունքի բացառության լիարժեքությունը՝ օրենսգրքում` մարդու արժանապատվության, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության, քաղաքացիական իրավունքների ու պարտականությունների իրացման, դատական պաշտպանության արդյունավետ միջոցի սահմանադրական իրավունքների իրացման երաշխավորվածության տեսանկյունից:

Ամփոփելով իրենց դիրքորոշումները՝ նրանք խնդրում են անվավեր ճանաչել Վարչական դատավարության օրենսգրքի 184-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝ «եթե վիճելի իրավահարաբերությունը թույլ է տալիս իրավահաջորդություն» դրույթը՝ նոր հանգամանքի մասով:

Պատասխանող կողմն իր հերթին գտնում է, որ երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման դիմում ներկայացնել հնարավոր է, եթե դիմումը ներկայացնում է դատավարության մասնակիցը, ինչպես նաև նրա իրավահաջորդը՝ վիճելի իրավահարաբերության իրավահաջորդություն թույլ տալու դեպքում:

Սահմանադրական դատարանը ներկայացնելով գործի շրջանակներում իր իրավական դիրքորոշումները՝ ընդգծում է, որ եթե դատավարության մասնակիցները համապատասխան հանգամանքների առկայության դեպքում իրավունք ունեն ներկայացնելու դատական ակտի վերանայման դիմում, ապա նրանց իրավահաջորդներն այդ իրավունքի իրացման հնարավորությունից օգտվում են պայմանով, այն է՝ եթե վիճելի իրավահարաբերությունը թույլ է տալիս իրավահաջորդություն:

ՍԴ-ն միաժամանակ արձանագրել է, որ դատական պաշտպանության և մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մարմիններ դիմելու իրավունքները կդառնան առարկայազուրկ, եթե անձը չունենա միջազգային մարմնի կայացրած ակտի հիման վրա դատական ակտի վերանայման իրական հնարավորություն:

Վճռաբեկ դատարանն իր իրավական դիրքորոշման մեջ նշել է նաև, որ Սամվել Մնացականի խախտված իրավունքը՝ դատարանի մատչելիության իրավունքը, անձի հետ անխզելիորեն կապված իրավունք է, որն իրավահաջորդության կարգով փոխանցման ենթակա չէ։

Վճռաբեկ դատարանի այս պնդման վերաբերյալ ՍԴ-ն արձանագրել է, որ դատական պաշտպանության իրավունքի էությունը դատարանների գոյության և գործունեության իմաստավորումն է, հետևապես՝ այս իրավունքի էությանը հակասող մեկնաբանությունները ստվերում են ինչպես դատական պաշտպանության իրավունքի, այնպես էլ դրա իրացման համար նախատեսված բացառիկ մարմնի՝ դատարանի գոյության և առաքելության իմաստը:

«․․․Այսպիսով՝ Սահմանադրական դատարանը հայտնում է, որ Վճռաբեկ դատարանի՝ խնդրո առարկա մեկնաբանության պայմաններում դատական պաշտպանության իրավունքի իրավահաջորդության կարգով փոխանցելիության բացառումը կարող է խաթարել դատական պաշտպանության իրավունքի էությունն ու դրա հիմքում սահմանադրի դրած իմաստն ու նշանակությունը՝ հաշվի առնելով, որ խնդրո առարկա հիմնական իրավունքը միտված է Սահմանադրությամբ երաշխավորված հիմնական իրավունքների և ազատությունների՝ դատական կարգով արդյունավետ պաշտպանությանը. հակառակ մեկնաբանության պայմաններում՝ սույն հիմնական իրավունքների և ազատությունների երաշխավորումը կկրի հռչակագրային բնույթ»,-նշվում է որոշման մեջ։

ՍԴ-ն ընդգծել է նաև, որ Սամվել Մնացականյանի այրին՝ Լիա Մնացականյանը, և դուստրը՝ Հասմիկ Մնացականյանը, իրավունք ունեն նրա փոխարեն շարունակելու գործող վարույթը։

Սահմանադրական դատարանը, դատավոր Արման Դիլանյանի նախագահությամբ, որոշեց, որ դատավարության մասնակցի իրավահաջորդի կողմից նոր հանգամանքով դատական ակտի վերանայման դիմումը ենթակա է քննության վեճի լուծման արդյունքով ծագող նյութական իրավունքների մասով նրա իրավահաջորդությունը ամբողջ ծավալով բացառող հանգամանքների բացակայության դեպքում:

ՍԴ-ն գտել է՝  դատական ակտը ենթակա է վերանայման՝ ի հակադրումն Վճռաբեկ դատարանի դիրքորոշման։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել