Բայդենը Պարկինսոնի հիվանդություն չունի և չի էլ ունեցել. Սպիտակ տուն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Պարկինսոնի հիվանդություն չունի և չի ունեցել, ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերը։

«Նախագահը Պարկինսոնի հիվանդության բուժում անցե՞լ է: Ո՛չ: Նա այժմ բուժվո՞ւմ է Պարկինսոնի հիվանդության համար: Ո՛չ: Նա որևէ դեղամիջոց ընդունո՞ւմ է Պարկինսոնի հիվանդության համար: Ո՛չ», – ճեպազրույցում ասել է մամուլի քարտուղարը՝ պատասխանելով լրագրողի համապատասխան հարցին:

Միաժամանակ Ժան-Պիերը նշել է, որ Բայդենը երեք անգամ այցելել է նյարդաբանին իր տարեկան բժշկական զննումների շրջանակում։

Ավելի վաղ The New York Post-ը, վկայակոչելով Սպիտակ տան այցելուների մասին գրանցումները, հայտնել էր, որ ԱՄՆ նախագահի ներկա բժիշկ Քևին Օ’Քոնորը հունվարին հանդիպել է նյարդաբան Քևին Կանարդի հետ, որը մասնագիտացած է Պարկինսոնի հիվանդության հարցում:

Ըստ The New York Times-ի, Կանարդը 2023 թվականի ամառից մինչև 2024 թվականի գարուն ութ անգամ այցելել է Սպիտակ տուն, ինչը թեժացնում է Բայդենի առողջական վիճակի մասին մտահոգությունները:

ԱՄՆ նախագահի առողջական վիճակի վերաբերյալ մտահոգություններն սրվել են նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի հետ հունիսի 27-ին կայացած նախընտրական հեռուստաբանավեճի ժամանակ նրա վատ ելույթից հետո։ Բայդենը կակազում էր, չէր կարողանում ավարտին հասցնել իր մտքերը և շատ հոգնած տեսք ուներ։ Դեմոկրատների ճամբարում, ըստ լրատվամիջոցների, սկսել են քննարկել Բայդենին այլ թեկնածուով փոխարինելու հարցը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել