«Եկեղեցին և իրավունքը» հարցազրույցների շարքի շրջանակում Iravaban.net-ը Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու և երիտասարդաց միությունների հոգևոր հովիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանի հետ զրուցել է ժողովրդական տոների և ծեսերի մասին։
-Ազգային եկեղեցական տոները քիչ-քիչ սկսել են մտնել հասարակության կյանք։ Մարդիկ նշում են Սուրբ Սարգիսը, Բուն Բարեկենդանը և այլ տոներ, ի՞նչն էր պատճառը, որ մենք հեռացել էինք այս տոներից և որքանո՞վ է կարևոր, որ այս տոները ավելի շատ տարածում գտնեն մեր հասարակության մեջ։
-Ուրախությամբ պետք է ասեմ, որ ազգային տոները բավականին երկար ժամանակ մոռացության էին մատնված, մոտ 70 տարի և ավել։ Ես հպարտությամբ պետք է ասեմ, որ Արարատյան հայրապետական թեմը Նավասարդ Սրբազանի օրհնությամբ և անմիջական աջակցությամբ, հնարավորություն տվեց 2013 թվականից, որ մենք վեր հանենք մոռացված տոներն ու սովորությունները։ Բավականին լուրջ պայքարների մեջ եղանք․ 2014-ին սկսեցինք նշել Բուն Բարեկենդանը՝ ձիարշավարանում։ Առաջին հարվածը, հալածանքը այդտեղ ստացանք, որ մենք հեթանոսություն ենք քարոզում։ Հետո կանթեղներով երթ արեցինք, Միջինքը նշեցինք, Վարդավառը և այդպես շարունակաբար։ Բարեկենդանի հասկացությունը մեզ մոտ Հովհաննես Թումանյանի յուղ ու բրնձի պատմությունն էր միայն, ուրիշ բան չգիտեին։ Բայց մեր ազգային բոլոր տոներն էլ շատ խորքային են, այնտեղ կան նաև հեթանոսական էլեմենտներ, պետք է չուրանանք և պետք է չվախենանք դրա մասին ասել։ Ես ուղղակի կուզեի հիշեցնել, որ մեր ժողովրդի մեծ մասը չի սիրում ոչինչ անել և ոչինչ չանելով սիրում է արածը քննադատել։ Մենք չպետք է հրաժարվենք հեթանոսությունից, ես նկատի ունեմ մշակութային իմաստով, ոչ թե հավատքի իմաստով։ Հեթանոսությունը բավականին հարուստ մշակութային ժառանգություն է թողել, որը հետագայում, քրիստոնեությունն ընդունելուց հետո դա վերամշակվեց, ավելի ճիշտ ձևով ներկայացվեց մեր ժողովրդին։ Ազգային տոներին խորքային չենք նայում, դրանք բազմաշերտ են։
-Հաճախ եմ հանդիպում կարծիքների, որ մատաղը հեթանոսական ծիսակատարություն է և հասարակության լայն զանգվածի համար ընդունելի չէ այն։ Ի՞նչ է մատաղը, քրիստոնեության գաղափարախոսության մեջ այն ինչպ՞ես է տեղավորվում և արդյոք կենդանու արյունը կարելի է քսել մարդու վրա։
-Մատաղը ծես է, որ մենք կատարում ենք։ Հաստատել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչը։ Աղոթքի մեջ մենք ասում ենք՝ Տիրոջը խնդրում ենք, այն, ինչին, որ ինքը կխառնվի, թող մեզ համար լինի հաճելի և ընդունելի։ Աղը օրհնում են և այդ գառան մսով պատրաստում են հարիսա։ Մատաղը վերածել են քեֆերի, բայց դրա խորհուրդը բարեգործությունն է, ողորմությունը։ Արյուն քսելու խնդիրը որ կա, դա ոչ թե հեթանոսական է, այլ ըստ ավանդության՝ մատաղ ամեն մի ընտանիք չի կարողացել անել, այլ մեծահարուստներն են արել, որպեսզի երևա, որ ինքը մատաղ է արել ճակատին ցուցադրական խաչ է արել, սա ժողովրդական մեկանաբանությունն է։ Բարեբախտաբար հիմա այդպես չի անում մեր ժողովուրդը, որովհետև եկեղեցիներ կենդանիներ չեն բերում, այլ աղն են բերում, օրհնում։ Մարդիկ շատ անգամ մատաղներ են անում և տանում են ծերանոց, մանկատուն։ Հիմա ոնց որ արգելել են, չգիտեմ՝ ինչի։ Ինչպես ամեն ինչն է արգելված, դա էլ է արգելված արդեն։ Հոգևոր հասարակության հետ շփումների ինչ-որ արգելքներ է դրված։ Առաջ մենք համագործակցում էինք մշակույթի նախարարության հետ։ Ի պատիվ Երևանի քաղաքապետարանի, մենք մինչև այսօր համագործակցում ենք, անկախ, թե ով է քաղաքապետը։ Իրենք շատ լավ վերաբերմունք ունեն եկեղեցու հանդեպ, մեր ծրագրերի հանդեպ։
-Հաճախ, երբ մարդն ինչ-ինչ փորձանքից է ազատվում, մատաղ են անում հարզատները, դա ինչ խորհուրդ ունի։ Ինչպե՞ս է դա օգնում։
-Այդպես չպետք է լինի, բարեգործությունը միշտ պետք է արվի, անկախ նրանից՝ փորձանք կա, թե չկա։ Եթե Աստծուն պետք է հիշենք, եկեղեցուն պետք է հիշենք ինչ-որ փորձանքից փորձանք, դա արդեն ոչ հավատքն է, ոչ էլ․․․Հետո պետք չէ Աստծո հետ կամ եկեղեցու հետ առևտրի մեջ մտնել։
-Ինչպե՞ս օտար տոները, օրինակ, Վալենտինի տոնը ավելի մասայական դարձան։
-Մենք օտարամոլ, օտարասեր ազգ ենք, բայց ասեմ ձեզ՝ Սուրբ Սարգիսը, երբ մենք սկսեցինք տոնել, կամաց-կամաց լուսանցքում մնացին օտար տոները։ Ջահել են, ոչինչ, կամաց-կամաց հետ են գալիս մեր ազգային սովորություններին։ Մեզ քննադատել են, վիրավորել են։ Խաչի քարոզ ունենք, որ դուրս ենք գալիս և հասարակական տրանսպորտից աչքի հուլունք, փուշ-մուշ, դրանք հավաքում էինք փոխարենը խաչեր էինք տալիս։ Շատ անգամ քննադատում էին։
-Շուտով Քրիստոսի պայծառայերպության՝ Վարդավառի տոնն է, որը նույնպես նշվում է։ Այն ծագմամբ հեթանոսական տոն է։ Խնդրում եմ ներկայացրեք տոնի էությունը, ինչպե՞ս պետք է այն նշվի քրիստոնյաների կողմից՝ բացի միմյանց վրա ջուր ցողելը։
-Այդ օրը մեր բոլոր եկեղեցիներում պատարագ է մատուցվում և մենք ներկայացնում ենք պայծառակերպության խորհուրդը։ Բայց մեր ժողովրդի մոտ, ինչպես Բարեկենդանի դեպքում, յուղն ու բրինձն էր, այստեղ էլ ջրոցին է։ Էլի պետք է ուրախությամբ ասեմ՝ բավականին քաղաքակրթվել է մեր ժողովուրդը ջրելու իմաստով։ Առաջ վայրենաբար էին անում՝ առանց հաշվի առնելու՝ մարդն ուր է գնում։ Հիմա նկատում եմ, որ ագրեսիա չկա։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հասմիկ Սարգսյան