ՀՀ ԱԳ նախարարի հայտարարությունը Լիտվայի ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսին

ՀՀ ԱԳ նախարարի հայտարարությունը Լիտվայի ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսին.

«Հարգելի՛ պարոն նախարար, սիրելի՛ ընկեր,

Հարգելի՛ գործընկերներ, մամուլի ներկայացուցիչներ,

Ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել Վիլնյուս կատարած մեր այցի ընթացքում ինձ և իմ պատվիրակությանը ցուցաբերված ջերմ ընդունելության համար։ Ուրախ եմ վերադառնալ բարեկամ Լիտվա իմ՝  2021 թվականին որպես Ազգային ժողովի նախագահ, վերջին այցելությունից հետո: Մեր երկրների միջև առկա է ամուր բարեկամություն և համագործակցություն հիմնված՝ համերաշխության, ընդհանուր արժեքների և մեր քաղաքացիների համար կայուն զարգացում և բարօրություն ապահովելու նպատակների վրա:

Գոհունակությամբ պետք է նշեմ, որ մեր վերջին փոխայցելությունները և ակտիվ փոխգործակցությունը ընդգծում են շարունակական և զարգացող գործընկերությունը: Սիրելի՛ բարեկամ, ես կցանկանայի նաև կարևորել Ձեր անձնական ներդրումը ոչ միայն մեր երկկողմ հարաբերությունների խորացման, այլև Հայաստանի և ԵՄ-ի միջև երկխոսության զարգացման և հարաբերությունների ամրապնդման գործում։

Այսօրվա մեր խորհրդակցություններում մենք վերահաստատեցինք մեր հանձնառությունը խորացնելու երկկողմ հարաբերություններն՝ անդրադառնալով երկկողմ օրակարգի մի շարք հարցերի ներառյալ այնպիսի կարևոր ոլորտներում ինչպիսիք են ՏՏ ոլորտը, էներգետիկան, տուրիզմը, մշակույթը և կրթությունը: Մենք պատրաստ ենք զարգացնելու հնարավորությունները մեր տնտեսական համագործակցությունը խորացնելու նպատակով՝ ճանաչելով առևտրի և ներդրումների ներուժը, ինչպես նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտում առկա հնարավորություններն ու փորձը:

Մենք ընդգծել ենք նաև միջխորհրդարանական համագործակցության դերը, որը մեծ ներդրում ունի երկու երկրների միջև հարաբերությունների խորացման հարցում:

Այսօր մենք քննարկել ենք նաև համագործակցության հիմնական կետերն ու ուղղությունները բազմակողմ հարթակում, որտեղ մենք շարունակելու ենք ակտիվորեն ներգրավվել և աջակցել միմյանց նախաձեռնություններին։

Հարգելի՛ բարեկամ,

Մեր փոխգործակցության շրջանակներում ամեն ինչից զատ ես կցանկանայի ընդգծել համերաշխությունը դժվարին ժամանակներում:  Ասածիս վառ վկայությունն է Լիտվայի կառավարության կողմից հատկացված օգնությունը մայիսին Հայաստանի մարզերում տեղի ունեցած ջրհեղեղից տուժածներին: Մենք բարձր ենք գնահատում այս քայլը. դժվարին մարտահրավերների ժամանակներում, լինի դա բնական, թե մարդու կողմից ստեղծված մարտահրավեր, աջակցելու և միասնական ջանքերով այդ դժվարությունը հաղթահարելու պատրաստակամությունը հիմա կարևոր է առավել, քան երբևէ:

Եվ ահա գալիս է մեզ միավորող  հաջորդ կետը՝ ժողովրդավարությունը և ժողովրդավարական արժեքներին հավատարմությունը և վճռականությունը կառուցելու ժողովրդավարական հասարակություն՝ չնայած  գլոբալ և մեր տարածաշրջանում շարունակական մարտահրավերներին: Չնայած բոլոր դժվարություններին, որոնց վերջին ժամանակներում մենք բախվում ենք, մեր կառավարությունը ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ քայլերը որպեսզի իրականացնի իր հավակնոտ բարեփոխումների ծրագիրը բոլոր ոլորտներում՝ ի շահ Հայաստանի քաղաքացիների: Եվ մենք ուրախ ենք, որ կարողացանք կարևոր առաջընթաց գրանցել, բայց նաև գիտակցում ենք, որ դա հնարավոր է դարձել մեր գործընկերների՝ ԱՄՆ-ի, ԵՄ-ի և նրա անդամ երկրների, այդ թվում՝ Լիտվայի շարունակական աջակցության շնորհիվ։ Ի թիվս այլ միջոցառումների, ես կցանկանայի հիշատակել Հայաստանի մասնակցությունը «Ժողովրդավարության ապագան, ավտորիտարիզմից պաշտպանվելու բարձր մակարդակի ֆորումին», որն անցկացվել էր անցյալ նոյեմբերին Վիլնյուսում։ Բայց Հայաստանում այս գործընթացները ոչ միայն ինքնին ժողովրդավարության մասին են, այլ ժողովրդավարական հասարակությունների դիմակայունությունն ապացուցելու և շոշափելի արդյունքներ տալու մարտահրավերի մասին:

Հենց այդ նպատակով մենք խորացնում ենք գործընկերությունը Եվրոպական միության հետ՝ ներկայումս աշխատելով «Հայաստանի կայունության և աճի ծրագրի» իրականացման և Գործընկերության նոր օրակարգի մշակման վրա։ Եվ այսօր մեր երկրների միջև «Եվրոպական միությանն առնչվող հարցերում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագրի ստորագրումը ցույց է տալիս այն մեծ կարևորությունը, որ մենք հատկացնում ենք Հայաստանի և Եվրոպական միության միջև հարաբերությունների էական խորացմանը, այդ ուղղությամբ մեր քաղաքացիների ձգտումներին: Մեկ այլ օրինակ, որը մենք բարձր ենք գնահատում, Լիտվայի ներդրումն է Հայաստանում ԵՄ մշտադիտարկման առաքելությանը։ Մենք կարծում ենք, որ դեռևս կան նաև այլ կարևոր հանգրվաններ, որոնցից մեկը վիզային ռեժիմի ազատականացման երկխոսության մեկնարկն է՝ ուղղված մեր քաղաքացիներին ԵՄ-ին ավելի մոտեցնելուն:

Հարգելի՛ գործընկերներ,

Այսօր մենք քննարկել ենք նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցեր։ Շարունակելով մեր նախկին քննարկումները՝ ես իմ գործընկերոջը ներկայացրել եմ, թե ինչ փուլում ենք հարևանների հետ հարաբերությունների կարգավորման և Հարավային Կովկասում հարատև կայունության հաստատմանն ուղղված ջանքերի ուղղությամբ:

Ինչպես տեղյակ եք, մենք սկսել ենք Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման գործընթաց՝ հիմնված 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի վրա: Այս առումով, մենք, իհարկե, բարձր ենք գնահատում Լիտվայի ԱԳՆ-ի դիրքորոշումը, որն արտահայտվեց ապրիլին սահմանազատման հարցում ձեռք բերված համաձայնությունից հետո։

Այժմ շատ կարևոր է ապահովել սահմանազատման շարունակականությունը՝ հիմնված նույն Ալմա-Աթայի հռչակագրի և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վերահաստատման վրա, քանի որ դա կենսական նշանակություն ունի սահմանին հստակություն ապահովելու և ապագայում ցանկացած սադրանքներից խուսափելու համար։ Չափազանց կարևոր է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Մենք շատ կառուցողական առաջարկներ ենք ուղարկել ադրբեջանական կողմին, և պատրաստ ենք դրանք վերջնական տեսքի բերել և պայմանագիրը կնքել առաջիկա ամսվա ընթացքում, ինչպես արդեն առաջարկել ենք։ Ցավոք, մինչ օրս այդ առաջարկին ադրբեջանական կողմից պատասխան չենք ստացել: Ավելին, Ադրբեջանն ի հայտ է բերում նոր խնդիրներ, ինչն առնվազն հարցեր է առաջացնում մեր և ավելի լայն տարածաշրջանում խաղաղության վերջնական նպատակի հարցում նրանց անկեղծության վերաբերյալ:

Հարգելի՛ գործընկերներ,

Եզրափակելով խոսքս՝ նշեմ, որ ուրախ եմ, որ համաձայնության ենք եկել մեր գործընկերությունն ընդլայնելու հետագա քայլերի շուրջ։ Մենք ունենք այդ քայլերն իրականացնելու ամուր հանձնառություն և ցանկություն, և մեր ազգերի միջև կապերը մեծ պատասխանատվություն են դնում մեզ վրա և դրանք դարձնում անխուսափելի:

Հարգելի՛ Գաբրիելիուս, ևս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում համապարփակ քննարկումների, հյուրընկալության և բարեկամության համար»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել