Դոնի Ռոստովի քննչական մեկուսարանում գտնվող դատապարտյալները պատանդներ են վերցրել, հայտնում է Baza-ն։
Ներքին գործերի նախարարության և Ազգային գվարդիայի ողջ անձնակազմը բերվել է մարտական պատրաստության։ Իրավապահները զինված են և ուղարկվում են Մաքսիմ Գորկու փողոցում գտնվող քննչական մեկուսարան։ Այնտեղ են ուղարկվել նաև շտապօգնության մեծ թվով մեքենաներ։ Նախնական տեղեկություններով՝ քննչական մեկուսարանում պատանդներ վերցրած անձինք պահանջում են ավտոմեքենա, զենք և մեկուսարանից դուրս գալու հնարավորություն։
Իր հերթին, Ռուսաստանի դաշնային քրեակատարողական ծառայությունը հայտնել է, որ Ռոստովի մարզում Ռուսաստանի Դաշնային քրեակատարողական ծառայության գլխավոր վարչության թիվ 1 քննչական մեկուսարանում արտակարգ դեպքի կապակցությամբ Կենտրոնական գրասենյակի մի խումբ աշխատակիցներ անմիջապես մեկնել են մարզ։
Պատանդներ վերցրած անձանցից 5-ի ինքնությունը պարզվել է.
1) Սաիպուդինով Մ.Շ,
2) Ցիցկիև Ա.Մ.,
3) Կամնեև Դ.Վ. ,
4) Գիրեև Թ.Մ․,
5) Ակիև Շ.Ա.։
Վեցերորդի ինքնությունը դեռ պարզված չէ։
Գիրեևը, Ցիցկիևը և Ակիևը դատապարտվել են 2023 թվականի դեկտեմբերին Իրաքի և Լևանտի իսլամական պետությանը (կազմակերպությունը ահաբեկչական է ճանաչված և արգելված է Ռուսաստանում) մասնակցելու և ահաբեկչություն նախապատրաստելու համար (նրանք ծրագրում էին գրոհել Կարաչայ-Չերքեսական Հանրապետության Գերագույն դատարանի շենքը): Գիրեևն ու Ակիևը դատապարտվել են 18 տարվա ազատազրկման, իսկ Ցիցկիևը՝ 18,5 տարվա։
Այսօր վաղ առավոտյան Գիրեևը, Ակիևը և Ցիցկիևը նախնական կալանքի տակ գտնվող իրենց խցի պատուհանի ճաղավանդակները կարողացել են կոտրել և մտել հերթապահ մաս։
Այնտեղ նրանք պատանդ են վերցրել աշխատակիցներին։