Արդարադատության ակադեմիայում տեղի ունեցավ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր, իրավաբանական գիտությունների թեկնածու Հայարփի Զարգարյանի «Երեխայի ազատ տեղաշարժվելու իրավունքի էությունը և դրա կենսագործման հիմնախնդիրները» վերնագրով մենագրության շնորհանդեսը։
Շնորհավորելով ներկա գտնվողների երեխաներին իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ՝ Հայարփի Զարգարյանը նրանց մաղթեց խաղաղ երկնքի տակ երջանիկ մանկություն։
«Իմ մենագրությունը նվիրված է հենց նրանց՝ երեխաներին, երեխայի իրավունքներին և իրավունքի յուրահատուկ մի տեսակի, որը նախկինում թե՛ հայրենական իրավագիտության մեջ, թե՛ օտարերկրյա տեսական գրականության մեջ, այնքանով, որքանով հաջողել եմ ուսումնասիրել, որպես իրավունքի ինքնուրույն տեսակ, ամրագրված չէ, խոսքը վերաբերում է երեխայի ազատ տեղաշարժվելու իրավունքին»,-նշեց նա։
Նրա խոսքով՝ իրավունքի այս տեսակի ուսումնասիրության համար նախադրյալ է հանդիսացել դատական պրակտիկայում ձեռք բերված փորձը և առկա մի շարք խնդիրները։ Հատկապես կարևոր նպատակներից մեկն այն էր, որ ոչ միայն իրականացնել զուտ գիտական ուսումնասիրություն, այլև վերջնանպատակն էր ստեղծելու այնպիսի պրակտիկ նյութ, որը հետագայում թե՛ դատավորների, թե՛ փաստաբանների համար կծառայի որպես առօրյա գործիք՝ աշխատանքային գործունեության մեջ։
«Հուսամ նաև, որ այն կլինի նախադրյալ օրենսդիր իշխանության համար՝ նախաձեռնելու ՀՀ-ի Ընտանեկան օրենսդրության և երեխաների իրավունքներին նվիրված հատուկ իրավական ակտերով մի շարք փոփոխությունների իրականացումը, որի համար նաև հայտնում եմ իմ աջակցությունը, այնքանով, որքանով իմ մասնագիտական գիտելիքները թույլ կտան»,-ասաց Հայարփի Զարգարյանը։
Մենագրությամբ հեղինակի հիմնական նպատակն է եղել ոչ միայն երեխայի ազատ տեղաշարժվելու իրավունքը՝ որպես նոր իրավունքի տեսակ առաջ քաշել, այլև ցույց տալ դրա խստիվ տարանջատվածությունը ծնողի համանուն իրավունքից։
Նա նաև ընդգծեց, թե դատավորները երեխաներին վերաբերող խնդիրների լուծման գործընթացում կարևորագույն մի սկզբունք ունեն՝ երեխայի լավագույն շահը, որն ամրագրված է նաև օրենսդրական մակարդակում։ Մենագրության մեջ նորովի է ներկայացվել երեխայի լավագույն շահը՝ համակցելով այն երեխայի ազատ տեղաշարժվելու և երեխայի բնակության վայրի իրավունքների հետ, և հիմնավորելով, որ երեխայի լավագույն շահը բացի նյութական իրավունքի նորմերի հիմք հանդիսանալուց, նաև դատավարական ինքնուրույն սկզբունք է և չափանիշ։
Հայարփի Զարգարյանն իր մենագրության լույսընծայման համար շնորհակալություն հայտնեց ՀՀ Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանին և գիտական խորհրդին՝ աշխատանքի տպագրությունը երաշխավորելու համար:
Ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանն իր շնորհավորանքի խոսքում նշեց, որ. «Ինչքան առողջ, ուժեղ, պաշտպանված լինեն, այդ թվում իրավական տեսանկյունից, մեր երեխաները, այդպիսին կլինի մեր հասարակությունը վաղը։ Ես կարծում եմ՝ բոլորս այդ ուղղությամբ պետք է ունենանք հույսեր և յուրաքանչյուրս մեր կողմից որոշակի ներդրում ունենանք այդ կապակցությամբ։ Կարծում եմ՝ մենագրությունը հետաքրքրական կլինի և պրակտիկ նշանակություն կունենա նաև քրեաիրավական մասնագիտացման ոլորտում աշխատող մեր գործընկերների համար, մասնավորապես հաճախ կարող են լինել ընդհանուր եզրեր, հատկապես կախված երեխայի տեղաշարժվելու, նրա բնակվելու վայրն ընտրելու իրավունքի հետ»:
ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը ևս շնորհավորեց Հայարփի Զարգարյանին մենագրության լույսընծայման կապակցությամբ։ Նշեց, որ բարձրացված հիմնախնդիրները արդիականության առումով որևէ կասկած չեն հարուցում, այն արժեքավոր է՝ պայմանավորված այն հանգամանքով, թե որքան է կարևոր ցանկացած հասարակության և պետության համար երեխաների իրավունքների պաշտպանությունը։
«Միշտ կարծում եմ՝ արժեքավոր է աղբյուրը, հատկապես, եթե դրանով զբաղվել է դատավորը, ինչո՞ւ, որովհետև դատավորն ունի հնարավորություն ոչ միայն տեսական հիմնախնդիրները դարձնելու քննարկման առարկա, այլև տեսնելու դրանց գործնական կիրառման խնդիրները, հարցերը, և դրանք բարձրացնելու գիտական հետազոտության մակարդակի»,-ասաց Լիլիթ Թադևոսյանը։
Նա ընդգծեց նաև, որ 21-րդ դարում բոլորս ականատես եղանք՝ ինչպես Լեռնային Ղարաբաղի շրջափակման և հետագա իրադարձությունների արդյունքում հազարավոր երեխաների իրավունքներ ոտնահարվեցին ոչ միայն ազատ տեղաշարժվելու, այլև նրանց կրթության, բնակվելու և մյուս հիմնարար իրավունքները․ «Դա խոսում է այն մասին, որ դեռևս և՛ իրավական դաշտում, և՛ գիտական ոլորտում մենք բոլորս ունենք անելիքներ, և ես կարծում եմ՝ այս աղբյուրը այն արժեքավոր աղբյուրն է դառնալու, որը կարևորև նշանակություն է ունենալու օրենսդրական փոփոխություններ կատարելու և մեր ներպետական իրավունքը զարգացնելու առումով»։
Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Տիգրան Մարկոսյանն անդրադառնալով աշխատանքի կարևորությանն ու արդիականությանը՝ ընդգծեց, որ այն թե՛ տեսական, թե՛ գործնական տեսանկյուններից անվիճելի է ու հայրենական իրավագիտությունը այս քայլով, կարելի է ասել, հարստացավ ևս մեկ կարևոր աշխատությամբ։ Մարկոսյանը նշում է, որ հեղինակը կարողացել է մեկտեղել նյութաիրավական և դատավարական ասպեկտները, կարևորագույն հարցեր բարձրացնելով ուղենշային ձևակերպումներ տվել և՛ նյութական իրավունքների ընկալման տեսանկյունից, և՛ դատավարական։
Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Տարոն Սիմոնյանը շնորհավորելով մենագրության ստեղծման կապակցությամբ՝ վերահաստատեց այն համոզմունքը, որ երեխաներով է պայմանավորված հասարակության զարգացումը, և եթե առողջ հասարակություն ենք ուզում ունենալ, ապա առողջ հոգեբանությամբ երեխաներ են պետք։
«Հեշտ է հասուն մարդու հոգեբանությունը հասկանալ, բայց շատ խորքային և բարդ երևակայություն ունեցող երեխայի հոգեբանությունը կարող են հասկանալ հատուկենտ մարդիկ, և ես վստահ եմ, որ տիկին Զարգարյանն իր աշխատանքը գրելիս այդ բովանդակությունը հասկացրել է հենց երեխայի հոգեբանության տրամաբանության ներքո և շատ լուրջ աշխատանք է ստացել»,-ասաց Տարոն Սիմոնյանը։