Ես ընդամենը 18 տարեկան էի և ունեցա իմ առաջնեկին՝ Կարոյիս։ Այս մասին Iravaban.net-ի «Արցախյան պատերազմի անմահ զոհերը» շարքի շրջանակներում պատմեց մայրը՝ Գոհար Անտոնյանը։
«Գիտեի, որ ուժեղ տղա եմ ունեցել, բայց չգիտեի, որ այդ աստիճան, որ կնվիրվի հայրենիքին։ Փոքր ժամանակ շատ խելոք էր, բայց պատանեկան տարիներին արդեն աշխույժ էր։ Ընկերասեր, նվիրված։ Երկու տարի ուսանել է Պոլիտեխնիկի վարժարանում, հետո ընդունվել է համալսարան»,-պատմեց մայրը։
Կարապետը կիսատ թողնելով ուսումը զորակոչվել է ծառայության․ «Մեծ սիրով ու տրամադրվածությամբ զորակոչվել է բանակ, ծառայել է Ջրականում, այնտեղ էլ հավերժ մնաց։ Անընդհատ ասում էր՝ մամ, պիտի գնամ ծառայության։ Ամեն ինչում շտապում էր, ոնց որ զգար, որ գնում է ծառայության ու էլ հետ պիտի չգա։ Ամեն ինչ ուզում էր հասցներ՝ գնում եմ ծառայության, թողեք այս էլ անեմ, այն էլ անեմ։ Ասում էի՝ Կար ջան, գնում ես ու գաս, ասում էր՝ է՜, մամ․․․ ու չէր շարունակում»։
Տիկին Գոհարը պատմում է, որ որդին շատ գոհ է եղել իր ծառայությունից, այնքան, որ իր համար ընտանիք էր ստեղծել այնտեղ։ 2020 թվականին, երբ սկսվել է Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմը, Կարապետի ծնողները իրենից լուր չեն ունեցել։ 2 օր որդին չի խոսել ծնողների հետ։
«2 օր հետո մի զանգ․ իր ընկեր Վարդանն էր, ասաց՝ մոք, մենք ողջ ենք, քո տղան՝ Կարոն լեգենդ է, Կարոն մեզ փրկել է, մենք ողջ ենք մնացել։ Հարցրեցի, թե ինչու ինձ Կարոն չի զանգել, ասաց՝ ինքը երեք օր է չի քնել, նոր քնել է, ուղղակի ցանկացա տեղյակ պահել, որ բոլորս ողջ ենք։ Եղբայրը չհավատաց, ասաց տվեք իրեն, քիչ անց զանգեց, ասաց՝ մամ, ես ողջ եմ։ Ասացի՝ Կար ջան, հանուն Արտյոմի՝ փոքր եղբորդ, փորձի հետ գաս, ասաց՝ մամ, կներես, բայց գիտե՞ս Արտյոմի նման ինչքան ախպեր ստեղ իմ կարիքն ունի։ Այդ ախպերների համար մնաց»,-ասում է մայրը։
Տիկին Գոհարը նշում է, որ իր որդին մարտեր է կառավարել։ Որոշ ժամանակ անց Կարապետին մարտի դաշտում սպայի կոչում են տալիս։
Հոկտեմբերի 5-ին արժանանում է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանին։ Նախագահ Արայիկ Հարությունյանը հրաման է տալիս, որ իջնի ստանա շքանշանը։ Կարապետի պատասխանը նախագահի հրամանին լինում է․ «Կներեք, բայց երկաթի կտորի համար ես իմ զորքը չեմ թողնի, իջնի, պահեք, հետո»։ Մեդալը հետմահու հանձնել են ծնողներին։
«Հայաստանն է պարտավորվում իմ երեխուս մեդալը հանձնել, հիմա Հայաստանի հերթն է, մենք սպասում ենք։ Իմ տղան այն զինվորն է եղել, այն սպան է եղել, որ կյանքի գնով, մինչև վերջ պայքարել է»,-նշում է մայրը։
Զոհված Կարապետին հանել են մարտի դաշտից ու Ջրականը հանձնել․ «Հենց մտա Արցախ, իրեն զգացի, հիմա կրկնակի է ցավը։ Հավատս չեմ կորցրել, որ նորից կանգնելու եմ այդ հողի վրա»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հասմիկ Սարգսյան