Երևանի ընդհանուր իրավասության դատարանի «Ավան» նստավայրում այսօր՝ փետրվարի 22-ին, շարունակվեց դատապարտյալ Մհեր Ենոքյանին պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու վերաբերյալ ներկայացված միջնորդության քննությունը։
20 տարեկանում` 1996 թվականին Մհեր Ենոքյանը դատապարտվել է մահապատժի` համակուրսեցի Իոսիֆ Աղաջանովի սպանության համար (Նախկին քրեական օրենսգրքի 99-րդ հոդվածի 1-ին և 6-րդ կետեր): ՀՀ նախագահի 2003 թվականի հրամանագրով` ի թիվս 41 մահապատժի դատապարտվածների, պատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ:
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ հրավիրված դատական նիստի սկզբում կողմը նախագահող դատավոր Մասիս Մելքոնյանին և դատախազ Արայիկ Բրուտյանին բացարկի միջնորդություն ներկայացրեց։
Մհեր Ենոքյանի փաստաբան Զարուհի Մեջլումյանը նշեց, որ դատավորը անաչառ չէ։ Նրա մոտ նման կարծիք է ձևավորվել հունվարի 30-ի նիստից հետո, որը, ըստ Մեջլումյանի, վերածվել էր 1996թ.-ի դեպքով անձի կրկնակի դատապարտման․ «Դատարանը ոչ միայն պետք է լինի, այլև պետք է երևա անկողմնակալ և անաչառ։ Սակայն դեռևս չլսելով կողմին, ում վերաբերյալ պայմանական վաղաժամկետ ազատման միջնորդություն է ներկայացված երկու դրական զեկույցներով, դատարանն արդեն իսկ հայտնեց իր տեսակետն և դիրքորոշումը»։
Փաստաբանը նշել է, որ դատարանի կողմնակալությունը դրսևորվել է հետևյալ հանգամանքներում. Մասիս Մելքոնյանը դեկտեմբերի 28-ի առաջին նիստին պնդել է, թե տուժողի մասնակցությունը պարտադիր է, այնինչ Քրեակատարողական օրենսգիրքը սահմանում է, որ տուժողը կարող է մասնակցել նիստին, իսկ պատշաճ ծանուցված, սակայն չներկայացած տուժողի չներկայանալը չի կաշկանդում դատարանին քննել և որոշում կայացնել: Բացի այդ, հունվարի 30-ի նիստին դատարանը մերժել է կողմի առարկությունը տուժողի իրավահաջորդ կամ ներկայացուցիչ չհանդիսացող անձին թույլատրելով դիրքորոշում արտահայտել․
«Բացի այդ, հունվարի 30-ի նիստին դատարանը կիրառեց ոլորտը կարգավորող որևէ օրենքով չսահմանված եզրույթներ, և Մհեր Ենոքյանի վերասոցիալականացումը պայմանավորեց ոչ թե գրված դրույթներով, այլ «ապաշխարելու» հանգամանքով։ Դատախազի դիրքորոշմանը դատարանը նման կերպ արձագանքեց՝ «շատ ենք խոսում կատարված արարքի համար զղջալուց, ապաշխարհելուց, որը իրավական, սովորական, հոգևոր կյանքում շատ կարևոր դեր ունի, այ դա վերասոցիալականացման բաղադրիչ տարր արդյո՞ք չի հանդիսանում։ Դե բա ինչպես է ստացվում, որ զեկուցող մարմինը դա չի հաշվառել, չի գնահատել, հաշվառում չի իրականացրել։ Այդ հարցը ինչպե՞ս է կարգավորվում»։
Դատարանը դատաքննության ընթացքում ակնհայտ հավանություն է տալիս, համաձայնվում է տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի և դատախազի՝ որևէ օրենքով չհիմնավորված դիրքորոշումների հետ»,-նշել է Զարուհի Մեջլումյանը։
Բացի այդ, փաստաբանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ դատախազը և տուժողի իրավահաջորդի փաստաբան Մարգար Սողոմոնյանը շուրջ 4 տարի առաջ միասին են աշխատել։ Ըստ նրա՝ դատախազ Արայիկ Բրուտյանը հանդես է գալիս մեղադրողի դիրքերից և ներկայացնում է տուժողի իրավահաջորդի հակաիրավական դիրքորոշումը՝ Մհեր Ենոքյանին երբևէ պայմանական վաղաժամկետ չազատելու վերաբերյալ։
«Դատախազը հակասելով զեկույցներում ու Մհեր Ենոքյանի անձնական գործում առկա բազմաթիվ փաստերին և գոյություն ունեցող իրողություններին, վերաբերելի իրավանորմերին, անհամաձայնություն հայտնելով գործող օրենքներին և ենթաօրենսդրական ակտերին՝ քննադատեց երկու պետական մարմինների՝ քրեակատարողական ծառայության և Պրոբացիայի ծառայության գործունեությունը և ներկայացրած դրական զեկույցները։ Դատախազը որևէ օրենքով չսահմանված պարտականության բեռ է դնում Մհեր Ենոքյանի վրա՝ անպայմանորեն ընդունել 1996թ-ին վերագրված արարքը և տուժողի իրավահաջորդի հետ փոխհարաբերություններ ունենալ»,-նշել է Զարուհի Մեջլումյանը։
Տուժողի իրավահաջորդի փաստաբան Մարգար Սողոմոնյանը և դատախազ Արայիկ Բրուտյանը նշել են, որ ներկայացված միջնորդությունն անհիմն է և ենթակա է մերժման։
Ըստ Սողոմոնյանի՝ դատարանում չէ սպասված Իոսիֆ Աղաջանովի հայրը (տուժողի իրավահաջորդ), քանի որ բժիշկները նրան արգելել են գտնվել սթրեսայի իրավիճակներում․ «Իսկ այս դատավարությունը նրա համար սթրեսային է»։
Բացի այդ, ըստ փաստաբանի, տարբերություն չկա, թե ով է դատարանում նստած․ Իոսիֆ Աղաջանովի հայրը, թե քույրը։ Նրանց դիրքորոշումների միջև հակասություններ չկան․ «Միջնորդությամբ փորձում են ճնշում գործադրել դատարանի վրա, դրանում որևէ օբյեկտիվ հիմք չկա»։
Անդրադառնալով դատախազի և իր կապին, Մարգար Սողոմոնյանը նշել է, որ վերջիններս 4 տարի առաջ աշխատել են միասին, սակայն դա չի կարող բացարկի հիմք հանդիսանալ։
«Ես այս միջնորդությունը կորակեմ ևս մի փորձ դատապարտյալի և Զարուհի Մեջլումյանի կողմից իրենց անձը բնութագրող դրական հատկանիշները հնչեցնելու առիթ։ Միջնորդության մեծ մասը վերաբերում էր դրական բնութագրերին։ Եթե կա դրական վարքագիծ, դա դեռևս չի նշանակում, որ դատարանը և դատախազությունը պետք է կողմ լինեն անձին պայմանական վաղաժամկետ ազատելուն։ Այդ բնութագրերի արդյունքում է, որ այսօր Մհեր Ենոքյանը գտնվում է մեկուսացվածության ցածր աստիճանում, պատժի կրման ռեժիմը կիսաբացից փոխվել է բացի»,-նշել է Մարգար Սողոմոնյանը։
Դատախազն իր հերթին ասել է, որ դատարանում տուժողի իրավահաջորդի ներկայությունը, իր կարծիքով, պարտադիր է, եթե նման ցանկություն են հայտնում․ «Չեմ կարծում, որ անձով պայմանավորված որևէ բան պետք է փոխվի»։
Արայիկ Բրուտյանի խոսքով՝ նա չի պնդել, թե դատապարտյալը պետք է ընդունի իր մեղքը։ Նա միայն փաստել է, որ դատապարտյալը հայտնում է զղջալու մասին մի արարքի համար, որը, ըստ Մհեր Ենոքյանի, չի կատարել։
«Դատապարտյալն ընդամենը մեկ անգամ փաստաբանի միջոցով փորձել է տուժողի իրավահաջորդի հետ բանակցել, առաջարկը չի ընդունվել։ Դա դիտարկվել է, որ «ամեն ինչ արել եմ, որպեսզի բանակցությունները կայանան»։ Դատարանը պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը քննարկելիս պարտավոր է նաև գնահատել սոցիալական արդարության վերականգնված լինելու հանգամանքը»,-նշել է Բրուտյանը։
Դատախազը ասել է նաև, որ Մարգար Սողոմոնյանի հետ շուրջ 4 տարի աշխատելը իրեն չի կաշկանդում դիրքորոշում արտահայտել։
Նախագահող դատավոր Մասիս Մելքոնյանը որոշեց ներկայացված միջնորդությունը մերժել՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ։
Այնուհետև Զարուհի Մեջլումյանը շարունակեց ներկայացնել իր դիրքորոշումը Մհեր Ենոքյանին պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ։ Նա ներկայացրեց ինչպես այն դրական բնութագրերը, որոնք ներկայացվել են դատապարտյալի վերաբերյալ, այնպես էլ 10 մտավորականների երաշխավորությունը, որոնց շարքում էր նաև Վարդան Պետրոսյանը։ Զարուհի Մեջլումյանը, ով նաև Մհեր Ենոքյանի կինն է, նշել է դատարանում, որ թե՛ նա, թե՛ Ենոքյանը հայտնել են իրենց խորին ափսոսանքը, վշտակցությունը 1996 թվականին տեղի ունեցած ողբերգության վերաբերյալ։
«Ամեն անգամ ես պատրաստ եմ դա ասել և Մհեր Ենոքյանը ևս․ Հարգելի տիկին Աղաջանովա, հարգելի Միխայիլ Աղաջանով, մենք ցավում ենք, զղջում ենք, ներողություն եմ խնդրում ես ևս։ Ես, որ 1996 թվականի ներկա չեմ եղել։ Միայն բառեր չեն դրանք։ Ընդունեք իմ սրտից ասված այս խոսքերը։ Վերանալով նրանից, որ ես այստեղ որպես փաստաբան եմ ներկայացել, իմ միակ ցանկությունը ձեզ հետ երկխոսելն է, ձեզ գրկելն է։ Ես խորին ափսոսանք եմ հայտնում և պատրաստ եմ երկխոսության, եթե կա նման հնարավորություն»,-նշել է Զարուհի Մեջլումյանը։ Այնուհետև դիմելով դատարանին նա նշել է, որ երկխոսելու ցանկություն չկա սպանվածի ընտանիքի մոտ։
Մհեր Ենոքյանը դատարանում հայտնել է, որ զրկանքներ կրելով 28 տարի փորձել է իրականացնել պատժի նպատակները, «վերասոցիալականացվել»։ Նա նշել է, որ անկախ պայմանական վաղաժամկետ ազատվելուց կամ չազատվելուց, ազատության մեջ լինելու ժամանակ էլ շարունակելու է ներողություն խնդրել Աղաջանովների ընտանիքից։
«Պարոն Միխայիլ Աղաջանովից, իմ նախկին դասախոսից, ներողություն եմ խնդրում։ Ձեր ընտանիքի բոլոր անդամներից ներողություն եմ խնդրում և պատրաստ եմ միշտ այդ ներողությունը խնդրել։ Ես ունեմ իմ մեղքը, ես զղջում եմ։ Զղջում եմ ոչ միայն նրա համար, որ Իոսիֆը, իմ դասընկերը չկա․․․Զղջում եմ պատճառահետևանքային կապի մեջ նաև իմ գործողությունների համար, իմ անգործության համար եմ զղջում։ Այդ ցավը և տառապանքը իմ, կնոջս, ծնողներիս, ամբողջ ընտանիքիս ցավն է»,-նշել է Ենոքյանը։
Դատապարտյալը հետաքրքրվել է՝ ինչ պետք է անի, ինչ չի արել 28 տարիների ընթացքում, որը պետք է անի առաջիկա 6 ամիսների ընթացքում․ «Ես քրիստոնյա եմ, Հայ առաքելական եկեղեցու հետևորդ։ Երբ անձին պարտադրում են ընդունել այն, ինչը նա չի արել, դա հակասում է նաև բարոյական նորմերին»։
Արայիկ Բրուտյանը իր խոսքում հիշեցրել է, որ Մհեր Ենոքյանը պատժի կրման ժամանակ 2 անգամ փախուստի է դիմել։ Նա նշել է նաև, որ այս ընթացքում մի քանի ցմահ դատապարտյալներ պայմանական վաղաժամկետ ազատվել են, սակայն նրանք ընդունել են կատարած արարքները, դրանց համար զղջացել են․ «Բացի դրանից, նրանցից մեկի, Մանուկյան Աշոտի վերաբերյալ տուժողի իրավահաջորդները ներկայացրել էին նոտարական վավերացմամբ դիմում դատարանին և հայտնել, որ դեմ չեն նրա պայմանական վաղաժամկետ ազատմանը»։
Մարգար Սողոմոնյանը դատարանում հայտարարել է, թե Զարուհի Մեջլումյանի խոսքից հասկանում է, որ վերջինս իսկապես զղջում է, ներողություն է խնդրում, տեղի ունեցածը նրա համար ավելի ցավալի է, քան Մհեր Ենոքյանի համար․ «Եթե մարդը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքն ու արարքը, չի կարող խոսք գնալ ներողության մասին։ Ինչի՞ համար է ներողություն խնդրում»։
Այս խոսքերից հետո Մհեր Ենոքյանը արձագանքեց․ «Հիմա ինձ վրա հոգեբանական ճնշում են գործադրում։ Տեխնիկա եք կիրառում, ուզում եք ինձ տանել օրենքից դուրս դաշտ»։
1 ժամ ընդմիջումից հետո դատարանը, Մասիս Մելքոնյանի նախագահության, որոշեց մերժել ներկայացված միջնորդությունը։ Ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանը ազատ չի արձակվի։
Զարուհի Մեջլումյանը հայտնել է՝ որոշումն անպայման կբողոքարկվի։
Եվգենյա Համբարձումյան