Ես նորից պնդում եմ, որ այդ անձը հանցագործություններ է կատարել և մենք դատարանից խնդրում ենք արդար դատաքննություն իրականացնել. Մհեր Ենոքյան

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ մարտի 13-ին, տեղի ունեցավ Մհեր Ենոքյանի և Զարուհի Մեջլումյանի՝ ոստիկանություն ներկայացված նյութերի հիման վրա քրեական գործ հարուցելը մերժելու վերաբերյալ որոշման բողոքարկման գործով նիստը:

Նշենք, որ գործը մակագրվել է դատավոր Ռոբերտ Պապոյանին: Ո՛չ դատախազը, ո՛չ քննիչը ներկա չէին:

Դատարանը, քննության առնելով դիմողների բողոքը ընդդեմ քննիչի կողմից քրեական գործ հարուցելը մերժելու որոշման, որոշեց դիմողներ Զարուհի Մեջլումյանի և Մհեր Ենոքյանի բողոքը մերժել՝ բողոքարկման արտադատական կարգը չպահպանելու հիմքով:

Բողոքարկումը կատարվել էր ինչպես դատախազություն, այնպես էլ դատարան և դիմողները չէին սպասել դատախազության մերժման վերաբերյալ որոշմանը:

Դատավորը նշեց, որ դիմողները կաշկանդված չեն նույն բողոքը առաջին ատյանի դատարան ներկայացնել, քանի որ դատախազի մերժման որոշումը ստացել են:

Որոշման հրապարակումից հետո դատարանին դիմեց Մհեր Ենոքյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Հիշեցնենք, որ ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի կինը՝ փաստաբան Զարուհի Մեջլումյանը, հաղորդում է ներկայացրել ոստիկանություն քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը անձի կամ նրա մերձավորի նկատմամբ՝ կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ), 143-րդ հոդվածի (Մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատություններն ուղղակի կամ անուղղակի խախտելը), 144 հոդվածի (Անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածել) մասով:

Հիշեցնենք, որ 20 տարեկանում` 1996 թ-ին Մհեր Ենոքյանը դատապարտվել է մահապատժի` համակուրսեցի Իոսիֆ Աղաջանովի սպանության համար (ՀՀ Քր.Օր.-ի 99-րդ հոդվածի 1-ին և 6-րդ կետեր): ՀՀ նախագահի 2003 թ-ի հրամանագրով` ի թիվս 41 մահապատժի դատապարտվածների, պատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ:

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել