«Խնդրած կըլնեմ՝ ինձ տուն թողեք, ես գնամ տուն»․ Սերգեյ Գրիգորյանի սպանության գործով ամբաստանյալը՝ դատարանում

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի «Ավան» նստավայրում այսօր՝ նոյեմբերի 27-ին, տեղի ունեցավ «Ֆազ» մականունով հայտնի Սերգեյ Գրիգորյանի սպանության գործով անդրանիկ  նիստը, որը նախագահում է դատավոր Մասիս Մելքոնյանը։ Գործով 2 անձ ունի ամբաստանյալի կարգավիճակ․ Ռուստամ Ստեփանյանը (հայտնի է «Չաղ Ռուստամ» անվամբ) և Աշոտ Կուրեղյանը։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Սերգեյ Գրիգորյանին ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով Ռ. Ստեփանյանը մի խումբ անձանց՝ Ա. Կուրեղյանի, Հ. Սահակյանի և Սու. Գրիգորյանի հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք է բերել և պահել հրազեն և փամփուշտներ, այնուհետև Ա. Կուրեղյանի հետ կազմակերպել և ղեկավարել են մյուս հանցակիցների գործողությունները, որոնց անմիջական մասնակցությամբ 2024թ. հունիսի 11-ին՝ ժամը 23:15-ի սահմաններում, այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով ապօրինաբար կյանքից զրկել՝ սպանել են Ս. Գրիգորյանին:

Քննությամբ պարզվել է, որ «Չաղ Ռուստամ» անվամբ հայտնի Ռ. Ստեփանյանի և «Ֆազ» անվամբ հայտնի Ս. Գրիգորյանի միջև, անձնական հարցի կապակցությամբ, դեռևս 2018 թվականից ձևավորվել են թշնամական հարաբերություններ: Իրավիճակն առավել լարվել է 2020թ. դեկտեմբերին, որի պատճառը եղել է Ռ. Ստեփանյանի մտերիմ անձի ինստագրամյան էջից սեռական բնույթի հայհոյանքների տեսքով մեկնաբանություններ գրելը Ս․ Գրիգորյանի և վերջինիս մտերմուհու վերաբերյալ (մանրամասները՝ այստեղ):

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ մեղադրյալների կալանքի ժամկետը լրանում է նոյեմբերի 28-ին, առաջին հերթին քննարկվեց դրա երկարաձգման հարցը։ Հանրային մեղադրողը նշեց, որ կալանքն այն խափանման միջոցն է, որը կարող է ապահովել մեղադրյալների պատշաճ վարքագիծը, որևէ երաշխիք չկա, որ ազատության մեջ հայտնվելու հետո վերջիններս չեն թաքնվի վարույթն իրականացնող մարմնից, չեն կատարի նոր հանցանք և չեն խոչընդոտի քրեական վարույթին։

«Կցանկանայի հիշեցնել, որ սպանությանն անմիջական մասնակցություն ունեցած ևս 2 անձ այժմ էլ գտնվում են հետախուզման մեջ, այս համատեքստում ևս պնդում եմ դիրքորոշումս»,-նշեց դատախազն ու միջնորդեց կալանքը երկարաձգել։

Փաստաբանական կողմը առարկեց մեղադրողի միջնորդության և պատճառաբանությունների դեմ։ Ռուստամ Ստեփանյանի պաշտպան Գեղամ Հակոբյանը հայտնեց, որ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի ուժի մեջ մտած ակտով հաստատվել է դատախազի կողմից նշված 2 հիմքերի բացակայության փաստը․ դրանք են՝ փախուստը և նոր հանցանք կատարելը։ Նա պնդում է, որ իր պաշտպանյալը որևէ առնչություն չի ունեցել հանցագործության կատարմանը։

«Նրան 2 հանգամանք է վերագրվում․ զենքեր է ձեռք բերել և կազմակերպել է։ Ապօրինի մեղադրանքով գործը դատարան են ուղարկել և ասում են՝ ապացուցեք ձեր անմեղությունը։ Ասում են՝ դու, Ռուստամ Ստեփանյանը, քանի որ նախկինում տուժող կողմի հետ խնդիր ես ունեցել, իսկ սպանության հետ ենթադրյալ կապ ունեցող մարդիկ էլ քո հետ կապ են ունեցել, ուրեմն դու ես ամեն ինչը կազմակերպել։ Այլ ապացույց գոյություն չունի, այդ 2 հանգամանքներն են․ սպանվածի հետ խնդիր է ունեցել, էդ անձինքն իր հետ կապ են ունեցել»,-նշեց Հակոբյանը։

Դատարանում հայտարարությամբ հանդես եկավ նաև Ռուստամ Ստեփանյանը։ Նշեց՝ ծանոթացել է գործի նյութերին, իրավաբան չէ, սակայն կասի՝ ինչպես է ամեն ինչ հասկացել․ «Իմ տանից Սուրեն Գրիգորյանի հետ մեկնել ենք մի հատ տեղ, գրած ա՝ մի հատ տեղ։ Ասում եմ՝ հարգելի քննիչ, մենք մի հատ տեղ չեն գնացել, ասում եմ՝ ուր ենք գնացել, կոնկրետ։ Գնացել եմ առանց Սուրեն Գրիգորյանի։ 3-4 հոգով գնացել ենք, հետո ես զանգ եմ ստացել Գրիգորյանից, ինձ խնդրել ա գալ, ասեց՝ հանդիպենք, սուրճ խմենք, բան։ Գնում ենք էդ կողքի օբյեկտը, մի 3-4 հոգով էինք էդ օրը։ Նստում ենք, հաց, ջուր, բան․․․մնում ենք մի քիչ ժամանակ անցկացնենք, հետո գնանք ծնունդ։ Մի 2 ժամ նստում ենք, տեղից հելնում, գնում ենք ծնունդ»,-պատմում էր ամբաստանյալը, սակայն նրան ընդհատեց նախագահող դատավորը։ Մասիս Մելքոնյանը հայտնեց, որ այդ մանրամասն պատմության համար դատավարական փուլ կա, հիմա Ստեփանյանը պետք է պարզապես հայտնի՝ միանո՞ւմ է պաշտպանի դիրքորոշմանը և արդյո՞ք կարող է հավելյալ բան հայտնել։

«Ուղղակի ուզում եմ հասկանամ՝ էդ «մի հատ տեղը» որտե՞ղ ա։ Առիթը «Փարվանա» ռեստորանում ա եղել։ Մեկը կար, տնից 12-ի կողմերը դուրս ա գալիս, տաքսի ա կանչում, գնում ա։ Որոշ ժամանակ անցնում ա, սաղ քաղաքով շուխուռա ընգնում, որ Ռուստամը եկել ա տուն, խփողն էլ ա մտել տուն։ Կամերաները կան, թե ոնց ա էդ մարդը տաքսի կանչում, նստում, գնում։ Ասում եմ՝ այ մարդ, ո՞վ ա տաքսի կանչել, էս ի՞նչ խոսակցություններ ա։ Մտածում եմ՝ խոսակցություններ են էլի, ամեն մեկն էլ կարա խոսա, էդ խոսակցության արդյունքն ա, որ էսօր ստեղ եմ։ Ճշտում ենք՝ ով ա գիշերը մեր մոտից գնացել, ով ա տաքսի կանչել։ Ասում են՝ էս ինչ մարդն ա եղել, ուղղակի մի 30-40 մետր հեռու ա կանգնել։ Կամերան նկարում ա, ոնց ա տվյալ մարդը դուրս եկել հայաթից, գնացել, նստել տաքսի, գնացել։ Տեսախցիկը նկարել ա։ Շատ բան ունեմ ասելու, բայց հիմա սենց կարճ։ Մենք էս գործի հետ որևիցե կախ չունենք, ապացուցել ենք ու ապացուցված ա։ Չի կարա որևէ ապացույց լինի, եթե մեկը լինի, ուրեմն ստում եմ»,-պատմում է Ստեփանյանը։

Սուրեն Գրիգորյանին գտնել չի հաջողվել, ըստ նախաքննական մարմնի՝ անձը «Հյուսիս-հարավ» ճանապարհով է գնացել․ «Պռոշյան են գնացել։ Երդվում եմ, 5 պռոշյանցու եմ ճանաչում, էդ մարդիկ 50 հոգու են ճանաչում»։

Ամբաստանյալը պնդում է, որ գիշերը 12։30-ից հետո Սուրեն Գրիգորյանին չի տեսել, քննիչներն էլ իրենց աշխատանքը լավ չեն արել։ Չեն հարցրել Ռուստամ Ստեփանյանին՝ ինչ կապ ունի վերջինս այս գործի հետ․ «Ես էլ ասեի՝ էս համարները նայի, էս վերծանումները նայի, Սուրենն էլ իմ հետ քավոր-սանիկա։ Էդ քավոր-սանիկները, էդ մահացած մարդու հետ դարավոր թշնամիներ են»։

Նախագահող դատավորը կրկին ընդհատեց նրան, ասաց՝ շատ լավ է, որ ներկայացում են, սակայն դա պետք է անել համապատասխան փուլում։ Ռուստամ Ստեփանյանը խնդրեց դատարանին փոխել խափանման միջոցը, կիրառել ստորագրությունը՝ չհեռանալու մասին․ «3 հատ անչափահաս երեխա ունեմ, ծնողներս վատառողջ են, խնդրած կըլնեմ՝ ինձ տուն թողեք, ես գնամ տուն։ Էդ դեպքից անցել ա 2 ամիս, ինձ առևանգել են, չեն կալանավորել։ Առևանգել են, էդքան բան»։

2-րդ ամբաստանյալ Աշոտ Կյուրեղյանը նույնպես նշեց, որ այս ամենի հետ կապ չունի, վստահեցրեց՝ կալանքից ազատվելու դեպքում «խախտումներ» թույլ չի տա։

Մասիս Մելքոնյանը որոշեց ամբաստանյալի կալանքը երկարաձգել 3 մասով՝ հաշվի առնելով նաև գործում եղած տվյալները։

Դատավորը հայտնեց նաև, որ դատարանը ստացել է տուժողների ներկայացուցիչների մեկնաբանությունները, որով վերջիններս նշել են՝ ամբաստանյալներից որևէ մեկի նկատմամբ գույքային հայց չեն ներկայացնելու։ Այնուհետև դատարանն անդրադարձավ հետազոտման ենթական ապացույցների ծավալի որոշման հարցին։

Նիստը հետաձգվեց, հաջորդը՝ դեկտեմբերի 23-ին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել