Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը անվտանգության երկկողմ համաձայնագիր են ստորագրել։ Այս մասին հայտնում է «European Truth» հրատարակությունը, որի թղթակիցը ներկա է եղել ստորագրման արարողությանը։ Այժմ Սունակը այցով Կիևում է։
Ուկրաինայի նախագահի խոսքով՝ «Մեծ Բրիտանիայի պարտավորություններն այս փաստաթղթով ուժի մեջ կմնան այնքան ժամանակ, քանի դեռ Ուկրաինան չի անդամակցել ՆԱՏՕ-ին»։
Ավելի վաղ բրիտանական կառավարությունը հայտարարել էր, որ կողմերը կստորագրեն պատմական երկկողմ համաձայնագիր անվտանգության ոլորտում համագործակցության վերաբերյալ։
Համաձայնագիրը վերաբերում է հետախուզական տեղեկատվության փոխանակմանը, կիբերանվտանգության ոլորտում համագործակցությանը, բժիշկների և զինվորականների վերապատրաստմանը, ինչպես նաև պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցությանը։ Բացի այդ, համաձայնագիրը կպարտավորեցնի Մեծ Բրիտանիային «խորհրդակցել Ուկրաինայի հետ» Ռուսաստանի Դաշնության հետ հերթական հակամարտության դեպքում և Կիևին տրամադրել «հրատապ և երկարաժամկետ աջակցություն» պաշտպանության հարցերում:
Ավելի վաղ Սունակը խոստացել էր Ուկրաինային փոխանցել անօդաչու թռչող սարքերի ամենամեծ խմբաքանակը, որը «օտարերկրյա պետությունները երբևէ փոխանցել են Ուկրաինային»: