«Լուսադեմին արկով հարվածեցին տանս, չգիտեի՝ ընտանիքս ուր է, դա ցեղասպանություն էր»․ Արցախից բռնի տեղահանված

Օկուպացված Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված Շուրա Ղուլյանը Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագծի շրջանակներում  ասաց, որ տեղահանվել է Մարտակերտի շրջանի Չլդրան գյուղից։

Նա նշեց, որ 2020 թվականին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ժամանակ իրենք չեն լքել իրենց տունը, միայն հարսն ու փոքր երեխաներն են գնացել, իսկ որդին կռվել է։

«2020 թվականից հետո վախելով ենք ապրել։ Ես աշխատում էի Դրմբոնի հանքավայրում։ Իմ մոտով էին անցնում։ Թուրքի «կալոնան» գալիս էր Քարվաճառ։ Մեզ շատ վատ էին նայում»,-ասում է պարոն Շուրան։

Նա հիշում է, որ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին, երբ թշնամին սկսեց հերթական ագրեսիան, ինքը եղել է աշխատավայրում։

«Երեխաներիս հարևաններն են տարել ապաստարան։ Այդ գիշեր Գետավանը վերցրեցին թուրքերը, տանկերով, բաներով գալիս էին։ Գիշերվա ժամը երեքին ես եկա տուն։ Տանը մարդ չկար։ Տղես էլ կռվի մեջ։ Երեխաներն էլ ապաստարանում, ես իրենց տեղը չգիտեի։ Գիշերը 4։30 տղաս եկավ։ Առավոտ ծեգին արկերով տանս խփեցին։ Ես ու տղաս էինք տանը։ Մեզ մեծ չան ունեինք, էդ չանն ա պահել, որ բեկորները մեզ չկպնեն։ Ամեն ինչ թողեցինք։ Ոչ մի բան չենք վերցրել մեզ հետ։ Գյուղից դուրս եկանք, գնացինք Ստեփանակերտ։ Այդտեղից էլ սեպտեմբերի 25-ին շարժվեցինք դեպի Հայաստան։ Երեք օր ճամփա ենք եկել։ Եկանք, Հակարիի կամրջի մոտ կանգնեցրին, մեքենան ստուգեցին, մեզ հաշվեցին ու ասին՝ գնացեք։ Չգիտեմ մեր գյուղում ինչ է կատարվել։ Մեր գյուղից բոլորը դուրս են եկել»,-նշում է նա։

Մեր զրուցակիցն ասում է, որ միջազգային կառույցներին այլևս չի հավատում։

«Թե՛ Ֆրանսիան, թե՛ Ամերիկան, նրանք լրիվ սուտ բաներ են։ Խի՞ աչք փակեցին մեր Ղարաբաղի վրա։ 9 ամիս շրջափակման մեջ պահեցի, պահեցին, պահեցին վերջում հանեցին։ Ավտոները, որ գյուղերից քաղաք էին գալիս հատ-հատ խփում էին ավտոների կողքերին, որ շուտ արեք փախեք։ Եղել է, որ կպել է մեքենաներին, մահացություն է եղել կամ մեքենան են թողել, փախել։ Մի կերպ պրծել ենք»․-ասում է նա։

Շուրա Ղուլյանի ընտանիքն այժմ Հայաստանի գյուղերից մեկում վարձով է բնակվում։ Տանը ջեռուցում չկա, կենցաղային պայմանները բավարար չեն, իսկ վարձը թանկ է՝ 150․000 դրամ։

Ըստ մեր զրուցակցի՝ այն ինչ տեղի է ունեցել Արցախում՝ ցեղասպանություն է․ «Եթե մի քիչ էլ ժողովուրդը մնային, արդեն մարդ դուրս չէր գա այնտեղից։ Բոլորին կոտորելու էին»։


Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագիծը նպատակ ունի հավաքագրել Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների հիշողություններն ու վկայությունները՝ Ադրբեջանի կողմից թույլ տրված Արցախի հայերի ցեղասպանության, վայրագությունների, պատերազմական օրերի, տեղահանության ճանապարհի և այլնի մասին։

Iravaban.net-ը օգնության խնդրանքով դիմում է այն քաղաքացիներին, ովքեր կամավորության սկզբունքով նյութերը կթարգմանեն տարբեր լեզուներով՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն, պարսկերեն, թուրքերեն, վրացերեն, չինարեն․․․

Կարող եք գրել մեր էլ-հասցեին՝ [email protected]

Նախագծի իրականացման նպատակով նվիրատվություններ կատարելու համար` https://iravaban.net/become-a-supporter

Մանրամասները՝ տեսանյութում։

Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագծի գաղափարի հեղինակը Իրավաբանների հայկական ասոցիացիան է և վերջինիս է պատկանում նախագծի շրջանակներում ստեղծված նյութերի հեղինակային իրավունքը։ Նախագծի շրջանակներում պատրաստված նյութերից օգտվելու դեպքում հարկավոր է ստանալ Իրավաբանների հայկական ասոցիացիայի գրավոր թույլտվությունը։

 Հասմիկ Սարգսյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել