Մառլենա Առուստամյանը տեղահանվել է Արցախի Մարտակերտի շրջանի Կիչան գյուղից։ Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագծի շրջանակներում նա պատմեց, որ սեպտեմբերի 19-ին, երբ Ադրբեջանը սկսեց իր հարձակումը, նա հիվանդանոցում էր, իր փոքր որդու հետ․ «Երեխայի կաթիլայինը հենց միացրեցին, սկսվեց։ Տենց կաթիլայինով մենք իջանք ներքնահարկ։ Այդ ամենն անմոռանալի է։ Կապը կտրված էր, մեծ տղաս էլ գյուղում սկեսրոջս հետ»։
Հետո պարզվեց, որ երեխաներն ու կանայք ոտքով, «Կամազ» մեքենաներով տեղափոխվել են այլ գյուղ։ Արցախից դուրս գալուն նախորդած մի քանի օրերը, Մառլենայի խոսքով, նման էին դժոխքի։ Նա այդ օրերին հիվանդանոցնում է եղել։ 2 օր նկուղում մնալուց հետո կրակոցները նվազեցին։
«Լուրեր սկսեցին շրջանառվել, որ թուրքերը դեպի հիվանդանոցն են գալիս։ Ավտոմատի կրակոցի ձայներն էլ ենք մեն լսես։ Վիրավոր երեխաների վիճակն անմոռանալի էր։ Լացում էին, բժիշկներին ասում էին՝ բա, որ դուք գնաք, մեզ թողնելու եք այստե՞ղ։ Ես չեմ մոռանա մանկական հիվանդանոցի գլխավոր բժշկին, նա եկավ մեզ գրկեց, ասեց՝ մինչև ես վերջին երեխան չհանեմ հիվանդանոցից, չեմ գնա, մի վախեցեք։ Ու այդպես էլ եղավ, մինչև վերջ գլխավոր բժիշկը մեզ մոտ մնաց»,-պատմում է Մառլենան։
Ճանապարհ ընկնելուց առաջ էլ մեր հերոսի ընտանիքում դժբախտություն է տեղի ունեցել, վառելիքի պահեստի պայթյունի ժամանակ այրվածքներ է ստացել Մառլենայի ամուսինը։ Նա այժմ բուժումը շարունակում է Իսպանիայում․ «Հայրենիքից հեռանալու վիշտը և ամուսնուս այդ վիճակը սարսափ էր, դժոխքի էր նման այդ ամենը։ 2 օր փոքր երեխաների հետ ճանապարհ ենք եկել։ Ադրբեջանցիները տենց ստուգում չեն իրականացրել, բայց նրանց դեմքերն անմոռանալի էին։ Աչքները շողում էր ուղղակի, որ հաղթանակած են, որ լքում ենք մեր երկիրը»։
Հարցին՝ ի՞նչ եք թողել Արցախում, Մառլենան չի կարողանում առանց արցունքների պատասխանել։ Ասում է, ամեն ինչ թողել են, ոչինչ չեն բերել։ Միայն իրենց հիշողություններն են բերել։
«Հայաստան մտնելուց հետո իմ մեջ տպավորվեց այն, որ երբ ավտոմեքենայի պատուհանից քաղցրավենիք գցեցին, երեխաները շատ ուրախացան։ Վերաբերմունքը Գորիսում․․․զգացինք, որ տուն ենք եկել։ Երեխաները սոված էին, երբ ուտելիք տվեցին, տեսա՝ ինչպես են երեխաները ուրախանում։ Ցավ է, որ 21-րդ դարում, փաստորեն, երեխաները սոված են։ Ուտելիք տեսնելիս երեխան ուրախանում է, այդ ցավն է սարսափելի»,-հիշում է Մառլենան։
Նա բացառում է Ադրբեջանի առաջարկած ինտեգրացիան։ Ասում է՝ ինչպես կարելի է ապրել մի ազգի հետ, որը մորթում է հայ երեխաներին․ «Հիվանդանոցում ես ականատես եմ եղել դրան։ Այնտեղ վիրավոր երեխաների էին բերում։ Այն մոր վիճակն եմ տեսել, որի 2 երեխաներին սպանել են ադրբեջանցիները, մի երեխան էլ ծանր վիճակում էր, չէին կարողանում փրկել։ Ո՞նց ապրենք, երբ քո երեխային սպանում են, անընդհատ վախեցնում են։ Նրանք մարդ կոչվելու իրավունք չունեն»։
Կիչան գյուղի երեխաներն անգամ մի գիծեր անտառում են մնացել, չեն տեղաշարժվել իրենց տեղերից՝ վախենալով, որ եթե լույս միացնեն, թշնամին կնկատի ու կսկսի կրակել։
Մառլենայի երեխաներն ամեն օր հարցնում են՝ երբ են վերադառնալու Արցախ․ «Երբ առաջին օրը դպրոց գնացին, լացելով եկան, ասացին՝ ինչու մեզ մեր ուսուցչուհին դաս չի տալիս, ո՞ւ է մեր ուսուցչուհին։ Փոքրիկները քնելուց առաջ ամեն օր հարցնում են՝ ինչու մեր տեղերում չենք քնում, երբ ենք գնալու մեր տուն։ Երեխաները սթրեսի մեջ են, իրենց համար էլ է դժվար։ Լաց են լինում, երբ չես կարողանում հարցերին պատասպխանել»։
——————————————————————————————————————
Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագիծը նպատակ ունի հավաքագրել Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների հիշողություններն ու վկայությունները՝ Ադրբեջանի կողմից թույլ տրված Արցախի հայերի ցեղասպանության, վայրագությունների, պատերազմական օրերի, տեղահանության ճանապարհի և այլնի մասին։
Iravaban.net-ը օգնության խնդրանքով դիմում է այն քաղաքացիներին, ովքեր կամավորության սկզբունքով նյութերը կթարգմանեն տարբեր լեզուներով՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն, պարսկերեն, թուրքերեն, վրացերեն, չինարեն․․․
Կարող եք գրել մեր էլ-հասցեին՝ [email protected]
Նախագծի իրականացման նպատակով նվիրատվություններ կատարելու համար` https://iravaban.net/become-a-supporter
Մանրամասները՝ տեսանյութում։