«Երեխաներս ամեն օր հարցնում են՝ ե՞րբ ենք գնալու տուն․ ես չեմ կարողանում նրանց բացատրեմ»․ Արցախից բռնի տեղահանված

Ստեփանակերտից բռնի տեղահանված Անգելինա Գասպարյանն իր երեխաների և մեծ ընտանիքի հետ Արզնի համայնքում է ապաստանել։ Սեպտեմբերի 19-ին ոտքով ծննդատուն էր գնացել, շուտով պետք է ծնվի նրա 3-րդ երեխան։ Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագծի շրջանակներում նա պատմել է, որ ծննդատնից դուրս գալուց հետո որոշել է նորածնի հագուստներ գնել երեխայի համար ու հենց այդ ժամանակ էլ Ադրբեջանը սկսել է իր հարձակումը։

«Եվս 2 երեխա ունեմ, չգիտեի՝ այդ պահին որտեղ են։ Մեծս դպրոց էր գնացել, իսկ փոքրը պետք է որ տանը լիներ։ Կապ չկար։ Մի կեպ SMS-ներով գրեցի, տեղս ասացի, որ մերոնք չանհանգստանան։ 1,5 ժամից ինձ գտան, եղբայրս եկավ հետևիցս։ Գնացի, միացա երեխաներիս։ Միանգամից իջա նկուղ, նրանք արդեն այնտեղ էին»-մեզ հետ զրույցում պատմում է Անգելինան ու նշում, որ արցախցիների համար դժվար են անցել նաև նախորդող 9 ամիսները։

Չկա դեղորայք, ջերմիջեցնողներ։ Հղիությունը բարդություններով էր ընթանում, Անգելինային արյունը ջրիկացնող դեղեր էին անհրաժեշտ, դա էլ չկար։

Ադրբեջանցիների հանդիպել են միայն Հակարիի կամրջի ապօրինի անցակետում։ Ճանապարհն անվերջանալի էր թվում, մոտ 2,5 օր Արցախից Հայաստան են եկել։ Նրա խոսքով՝ ճանապարհին մահեր են գրանցվել, 3 հոգու մահվան մասին միայն ինքը գիտի․ «Անցնելուց հետո, որ Գորիս մտանք, մարդիկ, երեխաները նենց էին մեզ դիմավորում, որ ուզում էի յուրաքանչյուրին համբուրեմ։ Սովորական թեյ էի ուզում վերցնեի, ամաչելով։ Իրենք թեյ, քաղցրավենիք, ամեն ինչ առաջարկում էին։ Շատ լավ են մեզ դիմավորել, իմացել ենք, որ տուն ենք եկել։ Մի վատ դեպքի, վերաբերմունքի չեմ հանդիպել այսքան ժամանակ»։

Անգելինան նշում է, որ իրենց հետագա կյանքը պատկերացնում է Հայաստանում աշխատելով, ապրելով, արարելով, երկիրը շենացնելով․ «Հայաստանում պետք է մնանք, բա էլ ուր գնանք։ Ես միշտ էլ ասել եմ՝ Արցախը Հայաստան է, Հայաստանն էլ՝ Արցախ։ Մի հող է։ Միասնական պետք է լինենք, որպեսզի կարողանանք մի բանի հասնել։ Երբ ինձ ասում են՝ դուք եկել եք, ես ինձ վատ եմ զգում, որովհետև մենք մեր տուն ենք եկել։ Արցախն էլ բոլորիս տունն է, ինչպես Սյունիքը և ՀՀ մյուս մարզերը»։

Անգելինան շատ է սիրում Արցախը, սակայն ադրբեջանցիների հետ Արցախում կյանքը չի պատկերացնում․ «Մենք մեծացնելու սերունդ ունենք։ Ես չեմ պատկերացնում, չեմ էլ գնալու այնտեղ իմ երեխաներին Ադրբեջանի կազմում, կամ էլ ադրբեջանցիների հետ մեկ տեղ մեծացնեմ»։

Կինը ՄԱԿ-ից և միջազգային այլ կազմակերպություններից հստակ գնահատականի է սպասում այն ամեն համար, ինչ տեղի ունեցավ իրենց հետ Արցախում։

«Սիրտս հաստատ թողել եմ Արցախում։ Ամեն ինչ թողել ենք, երեխաներից շորերը հերիք էին, որ մեքենայում էլ տեղ չլինի։ Բակում դրված խաղալիքները չէի ուզում վերցնեինք, ամուսնուն ասացի՝ պետքական բաները վերցնենք։ Ամուսինս ասաց՝ չէ, դա երեխաների հիշողությունն է։ Երեխաներս սետկաները բերեցին, իրենք հավաքեցին դրանք, ասացին՝ էս էլ մենք ենք տանում։ Մեծ տղաս էլ 2 բռի մեջ հող ու քարեր էր բերել, ասեց՝ մամ, կարա՞մ սա էլ տանեմ։ Քարերն ու հողը մեզ մոտ պահպանում ենք։ Ես չգիտեմ, 6 տարեկան երեխան ի՞նչ պետք է մտածի, որ գնա էդ ամեն ինչը վերցնի»,-պատմում է Անգելինան ու նշում՝ երեխաներին չեն ասել, որ երկար ժամանակով են Հայաստան գալիս, մտածում էին՝ այցելելու են ՀՀ-ում գտնվող բարեկամներին ու հետ վերադառնան։ Հիմա էլ ամեն օր մայրիկին հարցնում են՝ ե՞րբ ենք գնալու տուն․ «Ես չեմ կարողանում իրանց բացատրեմ»։


Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագիծը նպատակ ունի հավաքագրել Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների հիշողություններն ու վկայությունները՝ Ադրբեջանի կողմից թույլ տրված Արցախի հայերի ցեղասպանության, վայրագությունների, պատերազմական օրերի, տեղահանության ճանապարհի և այլնի մասին։

Iravaban.net-ը օգնության խնդրանքով դիմում է այն քաղաքացիներին, ովքեր կամավորության սկզբունքով նյութերը կթարգմանեն տարբեր լեզուներով՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն, պարսկերեն, թուրքերեն, վրացերեն, չինարեն․․․

Կարող եք գրել մեր էլ-հասցեին՝ [email protected]

Նախագծի իրականացման նպատակով նվիրատվություններ կատարելու համար` https://iravaban.net/become-a-supporter

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել