«Ադրբեջանցիները «ֆանարիկը» պահել էին մեր աչքերին, զենքը պահած ծիծաղում էին, մտածում էինք՝ վերջ»․ արցախցի երիտասարդ մոր պատմությունը

Սպասում էինք, որ մի պաշտոնյա կգա, հույս կտա, բայց ոչ մեկ չեկավ։ Մի զինվոր եկավ, ասաց՝ թե այս գիշեր ողջ մնացինք, ամեն ինչ լավ է լինելու։ Սա այն ծայրահեղ վիճակն էր, որ մտածում էինք՝ վերջ։ Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագծի շրջանակներում պատմեց Արցախից բռնի տեղահանված երիտասարդ մայրիկ Մարիաննա Սաֆարյանը։

«Առավոտ արթնացանք, ասեցին, որ պետք ա տեղահանվենք, հետո ասեցին, թե Ադրբեջանը չի թողնում ոչ մեկին դուրս գալ։ Խառնաշփոթ էր։ Ինտերնետ չկար, լույս չկար։ Նկուղից մենակ դուրս էի էկել, որ պապայի հետ կապի դուրս գայի՝ իմանայի՝  ամեն ինչ նորմալ ա։ Հետո էկան ասեցին, որ ով ուզում ա, իր մեքենայով պիտի դուրս գա»,- պատմում է Մարիաննան։

Մարիաննան ներկայացնում է, թե ինչպես են բռնի տեղահանվել Արցախից։

«Մեզ Շուշիի տակ կանգնացրել են, թուրքը վերևը կանգնած էր, խոսում էր, ծիծաղում էր, զենքը պահած՝ ինքն իր համար հերթապահություն էր անում, «Ֆանարիկը» մեր աչքերին էր պահում, ծիծաղում էր։ Մտածում էինք՝ վերջ, այստեղից առաջ չենք գնալու։ Ասում էին՝ բեռնախցիկը բացեք, ստուգում էին, տղամարդկանց ասում էին՝ կանգնի ուղիղ ու նկարում էին»,-պատմեց մեր զրուցակիցը։

Նրա խոսքով՝ երկու ժամ  շարժվում էին, հետո նորից ութ ժամ մնում նույն տեղում՝ ստիպված քնում մեքենայում։

«Վերջին հարվածը Ստեփանակերտում պայթյունն էր։ Ահավոր էր, թե ինչքան մարդ զոհվեց ու հետքն էլ չկա։ Մեր սանիկն էլ է կորածների մեջ ու դեռ լուր չունենք ընդհանրապես»,- ասում է Մարիաննան։

Երբ Արցախը շրջափակված էր ագրեսոր Ադրբեջանի կողմից, Iravaban.net-ը զրուցել էր Մարիաննայի հետ։ Նա պատմում էր շրջափակման 273-րդ օրվա, դիմանալու և դիմակայելու մասին։ Նա նշեց, որ եթե անգամ բացվեն ճանապարհները, ինքը երբեք չի լքի Արցախը։

Այսօր արդեն նա քմծիծաղով է հիշում նախկինում ասված իր խոսքերը․ «Դավաճան ենք էլի։ Դուրս գալն արդեն սկզբունքի հարց չէր, դա արդեն էս էրեխու հարցն էր։ Էսքան դիմացանք, ամեն ինչի միջով անցանք՝ թե՛ սոված, թե՛ անհանգիստ, սթրեսի մեջ։ Էսքանի միջով անցանք, ու դուրս էկանք»,- պատմում է Մարիաննան։

Նա ասում է, որ իրենք ականատես են եղել 3-րդ համաշխարհաին պատերազմին։

«Ահավոր օրեր ենք անցկացրել և հիմա փորձում ենք նորից ոտքի կանգնել։ Ցեղասպանություն էր, այսքան անմեղ երեխաներ․․․։ Եղբորս գերեզմանն այնտեղ է մնացել։ Ճանապարհին էլ ամուսնուս քեռու ընտանիքը վթարի է ենթարկվել մեր տատիկը տեղում մահացավ։ Այդպիսի դժբախտություն եղավ մեր ընտանիքում։ Ահավոր սթրեսային օրեր էին»,-նշում է նա։

Մեր զրուցակիցն ընդգծում է, որ իրենց պլաններում Հայստանում մնալն է, սակայն լավագույն տարբերակը կլիներ՝ վերադառնալ Արցախ և նշում, որ մեծ հույսեր ունեն։

«Ոչ ոք ոչինչ չարեց, որ Արցախը պահի, միայն մեր տղաները, մեր զինվորները, ինչ արել են, իրենք են արել, մեր տղաներն են պահել, ինչքան կարողացել են։ Վերջին վայրկյանին ասացին՝ վերջ, իրենցն է։ Վերջին գիշերը որ մնացինք ահավոր էր, Ստեփանակերը լրիվ կարմիր լույսերի մեջ էր, տեսնում էինք, որ ադրբեջանցիներն իրենց պոստերն են դնում։ Ստեփանակերտի մեծ խաչը ուզում էին պոկել, բայց չէր ստացվում, դե վերջում կարծես թե պոկեցին։ Մեծ տեսախցիկ էին տեղադրել այստեղ»,-ասում է նա։

Մարիաննա պատմում է, որ իր և իր ամուսնու ընտանիքը արդեն երկրորդ անգամ է ստիպավ տուն կորցնում։

«Պետք է իրենց մեջ ուժ գտնեն, որ այստեղ նորից ինչ-որ բան ստեղծեն։ Անընդհատ ասում են՝ մեր պալատները թողեցինք, եկանք այստեղ։ Այս պահին 20 հոգով մեկ տան մեջ ենք ապրում»,-ասում է նա։


Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագիծը նպատակ ունի հավաքագրել Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների հիշողություններն ու վկայությունները՝ Ադրբեջանի կողմից թույլ տրված Արցախի հայերի ցեղասպանության, վայրագությունների, պատերազմական օրերի, տեղահանության ճանապարհի և այլնի մասին։

Iravaban.net-ը օգնության խնդրանքով դիմում է այն քաղաքացիներին, ովքեր կամավորության սկզբունքով նյութերը կթարգմանեն տարբեր լեզուներով՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն, պարսկերեն, թուրքերեն, վրացերեն, չինարեն․․․

Կարող եք գրել մեր էլ-հասցեին՝ [email protected]

Նախագծի իրականացման նպատակով նվիրատվություններ կատարելու համար` https://iravaban.net/become-a-supporter

Մանրամասները՝ տեսանյութում։

Հասմիկ Սարգսյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել