Քաղաքական ուժերը՝ որոնք մանդատներ կունենան Երևանի ավագանու կազմում․ ինչպես է ընտրվելու քաղաքապետը

Ինչպես արդեն հայտնել ենք, Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները՝ բոլոր 475 տեղամասերից ստացված տվյալներով։

Iravaban.net-ը հայտնում է, որ Ընտրական օրենսգրքի 141-րդ հոդվածի համաձայն, ըստ որի սահմանված է համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանիների ընտրությունների արդյունքների ամփոփումը, նշվում է, որ ավագանու անդամների մանդատները բաշխվում են այն կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակների միջև, որոնք ստացել են կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարի` կուսակցության դեպքում` 4, իսկ կուսակցությունների դաշինքի դեպքում` 6 տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ:

Այսպիսով՝ անցողիկ շեմը հաղթահարել է ընտրություններին մասնակցող քաղաքական 5 ուժ․

«Քաղաքացիական պայմանագիր» – Տիգրան Ավինյան – 32.57 %
«Ազգային առաջընթաց» – Հայկ Մարության – 18.89 %
«Մայր Հայաստան» – Անդրանիկ Թևանյան – 15.43 %
«Հանրապետություն» – Արտակ Զեյնալյան – 11.32 %
«Հանրային ձայն» – Արտակ Գալստյան – 9.68 %

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ավագանու անդամների մանդատները բաշխվում են կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակների միջև՝ նրանցից յուրաքանչյուրին կողմ քվեարկված քվեաթերթիկների թվին համամասնորեն: Յուրաքանչյուր ընտրական ցուցակին հասանելիք մանդատների թվի հաշվարկը կատարվում է հետևյալ կերպ. յուրաքանչյուր ընտրական ցուցակին կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը բազմապատկվում է ընտրական ցուցակներին հասանելիք մանդատների թվով, արդյունքը բաժանվում է մանդատների բաշխմանը մասնակցող ընտրական ցուցակներին կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի վրա, և առանձնացվում են ամբողջ թվերը, որոնք յուրաքանչյուր կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակին հասանելիք մանդատների թվերն են:

Մնացած մանդատներն ընտրական ցուցակների միջև բաշխվում են ըստ մնացորդների մեծության հերթականության՝ յուրաքանչյուրին մեկական մանդատ սկզբունքով: Մնացորդների մեծության հավասարության դեպքում վիճարկվող մանդատը տրվում է այն ընտրական ցուցակին, որին կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվն ամենամեծն է, իսկ դրանց հավասարության դեպքում մանդատը տրվում է վիճակահանությամբ:

Ստացվում է, որ ավագանիում, նախնական տվյալների համաձայն, կուսակցությունները կունենան հետևյալ թվով մանդատները․

«Քաղաքացիական պայմանագիր» – 24
«Ազգային առաջընթաց» – 14
«Մայր Հայաստան» – 12
«Հանրապետություն» – 8
«Հանրային ձայն» – 7։

Քաղաքապետն ընտրվում կամ նշանակվում է ընտրությունների արդյունքների ամփոփումից ու ավագանու ձևավորումից հետո՝ ավագանու կազմից։

Եթե համայնքի ավագանու ընտրության արդյունքով ընտրությանը մասնակցող կուսակցություններից (կուսակցությունների դաշինքից) մեկն ստանում է տեղերի 50 տոկոսից ավելին, ապա այդ կուսակցության (կուսակցությունների դաշինքի) թեկնածուների ցուցակի առաջին հորիզոնականում գտնվող անձն օրենքի ուժով համարվում է ընտրված համայնքի ղեկավար:

Այն դեպքում, երբ ընտրական ցուցակի առաջին հորիզոնականում գտնվող անձը հրաժարվում է կամ ավագանու ընտրությունների արդյունքով որևէ կուսակցություն (կուսակցությունների դաշինք) չի ստանում ավագանու անդամների տեղերի 50 տոկոսից ավելին, ապա համայնքի ղեկավարն ընտրվում է բաց քվեարկության միջոցով: Եթե առաջադրվել է մեկ թեկնածու, ապա նա ընտրվում է համայնքի ղեկավար, եթե նրա օգտին կողմ քվեարկած ձայներն ավելի են դեմ քվեարկած ձայների թվից և ավելի են ավագանու անդամների ընդհանուր թվի 40 տոկոսից:

Եթե առաջադրվել է մեկից ավելի թեկնածու, ապա համայնքի ղեկավար է ընտրվում այն թեկնածուն, որն ստանում է ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը: Հակառակ դեպքում՝ առավելագույն ձայներ ստացած երկու թեկնածուների միջև անցկացվում է քվեարկության երկրորդ փուլ: Եթե հավասար ձայների պատճառով հնարավոր չէ պարզել առավելագույն ձայներ ստացած երկու թեկնածուներին, ապա երկրորդ փուլին մասնակցում են նաև հավասար ձայներ ստացած մյուս թեկնածուները: Երկրորդ փուլում համայնքի ղեկավար է ընտրվում առավելագույն ձայներ ստացած թեկնածուն: Ձայների հավասարության դեպքում անցկացվում է լրացուցիչ քվեարկություն` քվեաթերթիկում ընդգրկելով միայն հավասար ձայներ ստացած անձանց: Լրացուցիչ քվեարկության արդյունքով ձայների հավասարության դեպքում առավելությունը տրվում է տարիքով ավագին:

Քվեարկության երկրորդ փուլն ու լրացուցիչ քվեարկությունն անցկացվում են անմիջապես հիմնական քվեարկության արդյունքները հրապարակելուց հետո:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել