Լրացավ Արցախի շրջափակման 280 օրը

Արցախը 280 օր է շրջափակման մեջ է։ Լաչինի միջանցքը դեռ փակ է։

Արցախի տեղեկատվական շտաբից հայտնեցին, որ հաշվի առնելով երկրում խորացող աղետն ու անվտանգային իրադրությունը՝ Արցախի Հանրապետության իշխանությունները որոշում են կայացրել ընդունել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակի և խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորախմբի հրամանատարության համատեղ առաջարկը Բերձորի միջանցքով՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղով, և Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով հումանիտար բեռների համաժամանակյա տեղափոխումը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեքենաներով (արտասահմանյան ծագում ունեցող ապրանքներ):

Գործընթացի կազմակերպումն անհրաժեշտ է ինչպես մեր քաղաքացիների կյանքին ու առողջությանը սպառնացող վտանգները չեզոքացնելու, այնպես էլ Բերձորի միջանցքով հումանիտար բեռների հետագա տեղափոխումն ապահովելու համար:
Տեղեկացնում ենք նաև, որ միջնորդներն աշխատանք են տանում Արցախի և Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչների հետ հանդիպում կազմակերպելու ուղղությամբ՝ հանրապետությունում լարված հումանիտար և անվտանգային իրավիճակը թոթափելու նպատակով:

Փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանը հրապարակել է Հայաստանի ներկայացրած պահանջի վերաբերյալ որոշումը ու փաստել․ «Դեկտեմբերի 12-ից կապը Լաչինի միջանցքով խաթարված է, խոչընդոտվել է Լեռնային Ղարաբաղ սննդամթերքի, դեղորայքի և անհրաժեշտ այլ ապրանքների մատակարարումը ինչն անուղղելի վնաս կարող է պատճառել․

«Դատարանը համարում է, որ ժամանակավոր միջոց կիրառելն անհրաժեշտ է, դատարանն արձանագրում է, որ Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել իրենով պայմանավորված միջոցները Լաչինի միջանցքով մարդկանց ու բեռների անխափան շարժը երկու ուղղությամբ ապահովելու համար»,-ասվում է դատարանի որոշման մեջ։

Սակայն փաստն այն է, որ ճանապարհը դեռ փակ է։

Ադրբեջանի վրա միջազգային ճնշումների բացակայության պատճառով արցախահայությունը կանգնած է հումանիտար աղետի առաջ։ Միջազգային հանրության անատամ կոչերը մինչև այս պահն անտեսվել են Ադրբեջանի ղեկավարության կողմից։

Արդեն 280 օր է խախտվում են մարդու հիմնարար իրավունքները, իսկ միջազգային կազմակերպությունները և պետությունները լուռ են։

Ադրբեջանական կողմից ահաբեկչական վարքագծի պատճառով Շուշիի շրջանի գյուղերը ամբողջությամբ կտրված են Արցախի մայրաքաղաքից ու մյուս բնակավայրերից:

Նշենք, որ հայտարարությամբ է հանդես եկել նաև  Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհուրդը․ «Այդ շրջափակումը բնապահպանական քողի տակ հետապնդում է Ադրբեջանի բռնատիրական ղեկավարության կոռուպցիոն նկրտումների իրացումը՝ տիրանալու Արցախի տնտեսության կարևորագույն հարստություններին»:

Լուսանկարը՝ Դավիթ Ղահրամանյանի։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել