«Երբ չորս երեխաներս գալիս, ասում են՝ սոված ենք ու այդ պահին ոչինչ չկա, ես սթրեսի մեջ եմ ընկնում»․ արցախցի մայրը՝ ահագնացող զրկանքների մասին

Ադրբեջանական կողմը բազմիցս հանդես է եկել հայտարարություններով, թե իբր օկուպացված Արցախի հայերը համարվում են Ադրբեջանի քաղաքացիներ և պատրաստ են ադրբեջանական անձնագրեր տալ նրանց։ Բազմիցս հայտարարել են նաև, թե պաստրաստ են արցախահայերին ինտեգրել իրենց կազմում։ Սակայն Ադրբեջանի բռնապետական ռեժիմը 266 օր է պատանդ է պահում արցախահայերին՝ զրկելով նրանց էլեկտրաէներգիայից, գազից, ջրից, հացից։

Արցախի բնակիչ, չորս անչափահաս երեխաների մայր Շուշան Բալասանյանը Iravaban.net-ի հետ զրույցում ասաց, որ չի պատրաստվում ապրել ադրբեջանական դրոշի տակ։

«Հենց ճանապարհը բացվի երևի դուրս գամ։ Ես չեմ պատրաստվում իմ երեխաներին մեծացնել թշնամու տիրապետության տակ»,-նշեց նա։

Շուշան Բալասանյանի ընտանիքն ապրում է Մարտակերտում, ինքն աշխատում է, ամուսինը զինծառայող է։ Տանը 8 հոգի են, ստանում են օրական երկու հաց, օգոստոսի 30-ից՝ մեկը, որը, բնականաբար, չի բավարարում, որպեսզի գոնե երեխաները կշտանան։

«Այստեղից կարողանում եմ ձեռք բերել ձմերուկ, խաղող, հոն եմ գնել՝ կիլոգրամը 1000 դրամով, խաղողն էլ է այդքան, ձմերուկը 650 դրամ է մեկ կգ-ն։ Ինչ անենք ուրիշ քաղցր չկա, ուրիշ միրգ չկա։ Երեխաները շատ են ուզում հաց ու պանիր, բայց որ չկա, փորձում եմ գոնե այս մրգերը գնել, որ երեխաներն առավոտյան և կեսօրին ուտեն, հացը մնա ընթրիքի ժամին բոլորս ուտենք»,-ասում է Շուշանը։

Նա հուզմունքը զսպելով՝ նշում է, որ օրեր են եղել անցկացրել են առանց հաց։

«Դեպք է եղել, տեսել եմ, որ երեխաներս ցամաք հաց են ուտում ջղայնացել եմ իրենց վրա, ասել եմ՝ սպասեք հացի ժամը կգա, միասին կուտենք։ Հետո ինքս ինձ վրա եմ բարկացել, որ հացի համար երեխաներիս վրա բարկացել եմ, բայց այս իրավիճակից նյարդային ենք դարձել»,-ընդգծում է Շուշանը։

Արցախում որոշ ժամանակ հացը կտրոնով էին բաժանում, ինչը հնարավոր էր դարձնում խուսափել անվերջ թվացող հերթերից և բոլորը կարողանում էին ձեռք բերել իրենց հանապազօրյա հացը։

«Քանի որ հիմա ալյուր չկա, փռերը չեն շխատում, ամբողջ Մարտակերտում մեկ փուռ է աշխատում, հացը չի հերիքում, արդեն կտրոնին չենք նայում, օրը երկու հաց ենք վերցնում»,-ասում է նա։

Շուշանը թվարկում է, թե ինչ չկա տանը՝ ձեթ, աղ, շաքարավազ․․․հետո ասում՝ ավելի լավ է թվարկեմ թե ինչ կա, այդպես ավելի հեշտ կլինի։

«Պահարաններիս որ նայում եմ, լացս գալիս է, չկա մի բան, ինչի կարիքը չունենամ։ Կա կարտոֆիլ, կա սոխ, դեռ այգուց կարողանում ենք ինչ-որ բաներ քաղել և հասկանում եմ, որ Ստեփանակերտում ավելի դժվար է, ավելի վատ վիճակում են, չկան այգիներ։ Հավ ենք պահում, ձու ունենք։ Երկու շաբաթ է մեղր եմ փնտրում, որ երեխաներիս շաքարի փոխարեն դա տամ, բայց չկա կամ իրենց ծանթոներին են տալիս կամ պահում են, որ ձմռանն ավելի թանկ վաճառեն։ Աղը բարեկամուհիս է տվել, խանութում ստացել են շաքարավազ մեկ կգ-ն 2900 դրամ է»,-ասում է նա։

Շուշանի չորս երեխաներից երրորդն էլ այս տարի պետք է դպրոց գնա։

«Շատ մտահոգված եմ, չգիտեմ ինչ անել։ Մանկապարտեզն էլ, ասում են, որ պետք է փակվի, որովհետև սնունդ չկա, փոքրս պետք է մնա տանը։ կարծում եմ, որ պետք է դասաժամերը կրճատեն, երեխաները շատ չմնան դպրոցում, դպրոց գնալն է խնդիր, հեռու է։ Էլ չեմ ասում, որ չկա հիգիենայի որևէ միջոց, ամեն օր պետք է շոր լվանամ, բայց չեմ կարող, դրանից էլ եմ նեղվում»,-պատմում է նա։

Բացի ֆիզիկական տանջանքները, Արցախում մարդիկ հոգեբանական խնդիրներ են ունենում, վախ, անորոշության զգացում, հիասթափություն։ Մեր զրուցակիցն ասում է, որ արդեն շատ դժվար է ամեն ինչ տանում, խոսելուց չի կարողանում զսպել իրեն, սկսում է լաց լինել։

«Չեմ կարողանում ինձ կառավարել, չի ստացվում։ Հատկապես, երբ չորս երեխաներս գալիս, ասում են՝ սոված ենք ու այդ պահին ոչինչ չկա, ես սթրեսի մեջ եմ ընկնում։ 6 տարեկան տղաս ինձ ասաց՝ արի գնանք խանութ, ասացի, որ ոչինչ չկա խանութում, բայց ինձ շատ ստիպեց ու տարավ խանութ, մտանք, նայեց պահարաններին ու տխուր դուրս եկավ, ասաց՝ մամա, կգնա՞ս սպանես թուրքերին, որ խանութներն այսպես են արել։ 4 տարեկան աղջիկս հարևանիս տանը թխվածք էր կերել, հետո փախել գնացել էր իրենց տուն ու խնդրում էր, որ էլի թխվածք տան։ Չգիտեմ, չեմ կարողանում երեխաների հետ խոսել, ամեն ինչ շատ ծանր եմ տանում, մի գուցե դա էլ է սխալ, չեմ կարողանում բացատրել»,-ասում է Շուշանը։

Հասմիկ Սարգսյան

Լուսանկարը՝ Դավիթ Ղահրամանյանի։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել