«Չեմ ներելու»․ դատարանում հնչեց Արմեն Չարչյանի «վերջին խոսքը»

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում մայիսի 31-ին կայացավ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Արմեն Չարչյանի գործով հերթական դատական նիստը՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ։

Չարչյանը մեղադրվում է 2021 թվականի հունիսի 20-ի ընտրություններին մասնակցելուն հարկադրելու համար։ Քվեարկությունից օրեր առաջ (հունիսի 18-ին) տարածվել էր հիվանդանոցի աշխատակիցների հետ Չարչյանի անցկացրած ժողովի ձայնագրությունից մի հատված, որը իրավապահները որակում են որպես ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտել։ Չարչյանին մեղսագրվող հոդվածում նաև նշվում է որևէ մեկի օգտին դեմ քվեարկելուն հարկադրելու մասին։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ այսօրվա դատական նիստի ընթացքում ցուցմունք տվեց Արմեն Չարչյանը։ Ելույթից հետո նա հրաժարվեց պատասխանել մեղադրողի հարցերին՝ նշելով, որ բոլոր հարցերի պատասխանները կային ելույթում։

Դատարանում նա հայտարարեց, որ վերջին երկու տարվա ստեղծված իրավիճակը նման է աբսուրդի թատրոնի․ «Ժանրի համահիմնադիրներից է եղել մեծն Վիլյամ Շեքսպիրը դեռևս 16-րդ դարում: Հիշենք «Ամառային կեսգիշերային երազ, կամ մեծ աղմուկ ոչնչից» կատակերգությունը: Ի դեպ Բենջամին Բրայտոնը վերը նշված կատակերգության լիբրետոյի հիման վրա գրել է համանուն օպերա, որի կրկնակի պրեմիերային ես և իմ ընտանիքը ներկա ենք եղել 2019թ. հոկտեմբերին Վիենայի օպերային թատրոնում և նստած ենք եղել կայսերական օթյակում»:

Ամբաստանյալը նշեց, որ 10 ամսվա ընթացքում նա կաներ մոտ 200 վիրահատություն և մոտ 4000 խորհրդատվություն և բուժում, սակայն չի արել։

«Քրեական գործում առկա սղագրությունն ընթերցելիս ուշադրության արժանի է այն, որ 4 դրվագում գրված է «բառերը չեն հասկացվում», 3 դրվագում գրված է «միտքը չի ավարտվում»: Ինձ անհասկանալի է՝ ինչպես կարող եք դուք ինձ դատել, հարգելի դատախազ, Ձեր կողմից չհասկացված բառերի համար: Իսկ միգուցե դրանք այնպիսի բառեր են որոնք սկզբունքորեն և էապես կփոխեին ելույթի ամբողջությունն ու ընկալումը»,-նշեց Արմեն Չաչյանը:

Ամբաստանյալը նախագահող դատավոր Վահե Միսակյանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքին, որ մեղադրող կողմը սևեռվում է ընդհանուր ելույթում որոշ դարձվածքների վրա, աղճատում դրանք կոնտեքստից և ներկայանում որպես հանցանք․ «Զավեշտը նրանում է, որ մեղադրող կողմը մեղավոր չէ նման գործելաոճի համար, քանի որ անանուն սկզբնաղբյուրն է մոնտաժել ձայնագրությունը, նրանից հեռացրել ամենակարևորը՝ եզրահանգումը և այդ վիճակում ձայնագրությունը ներկայացրել մեղադրող կողմին: Դե նա էլ ինչ տեսել, այն էլ ընդունել է որպես հիմք: Չնայած ասեմ, որ անգամ այդ պարագայում իմ գործողություններում, ես որևէ հանցակազմ կամ հակաիրավական արարք չեմ տեսնում»:

Դիմելով դատախազ Հայկ Հովհաննիսյանին Արմեն Չարչյանը նշեց․ «Հարգելի դատախազ, նշեմ նաև, որ ելույթիս ամենավերջում ես մեջ եմ բերել Րաֆֆու «Սամվել» վեպից մի հատված՝ «Արարատյան դաշտի լուսապայծառ առավոտը, որտեղ ասվում է, որ կբացվի լուսապայծառ առավոտ Արարատյան դաշտի վրա: Ցավում եմ, բայց այդ առավոտը դեռևս չի բացվել և մենք դեռևս խարխափում ենք խավարում»: Ընդհանրացնելով ելույթս՝ կարելի է գալ հետևյալ եզրակացության. սա քաղաքական հետապնդում է, քաղաքական պատվեր՝ հաշվեհարդար տեսնելու ընդդիմախոսների հետ»:

Ըստ Արմեն Չարչյանի՝ չկա հանցակազմ, չկա անգամ ոչ իրավական կամ պարսավելի գործողություն, իսկ վերջին և անբեկանելի խոսքն իհարկե պատկանում է պատվարժան դատարանին․ «Սակայն կա հարուցված քրեական գործ, այն արդեն 2 տարի է ընթացքի մեջ է, կան արժանապատիվ հաղթահարված կալանքի 5 ամիսներ, խեղված և խաթարված առողջություն, կան բազում չապաքինված հիվանդներ, որոնց ես կարող էի բուժել, բայց ամենադաժանը ինձ համար իմ 12 ամյա դստեր հայացքն էր՝ իրավիճակը չհասկացող, չհամակերպվող արժանապատիվ ու մելամաղձոտ, լուռ արցունքները: Համոզված եղեք չեմ ճկվելու։ Լատիներեն խոսք կա․ Fractum non flecti։ Եվ չեմ ներելու։

Յուրաքանչյուր տղամարդու ուժը, հզորությունը և հպարտությունը նրա որդիներն են, իսկ քնքշությունը ու հոգու նուրբ լարերը՝ դուստրերը»:

Նշենք, որ գործով դեռևս մեկ վկա չի հարցաքննվել, նա ԲԿ-ի նախկին աշխատակիցներից է։

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունիսի 20-ին։

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել