ՏԿԵ նախարարության և Պոլիտեխնիկական համալսարանի միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր։

Հուշագիրը ստորագրել են ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ու ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանը։

Հուշագիրը ստորագրվել է՝ առանձնահատուկ կարևորելով Հայաստանի տնտեսության զարգացման համար տարածքային կառավարման ոլորտի բարձրորակ մասնագետների պատրաստման և վերապատրաստման անհրաժեշտությունը։

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն իր ելույթում կարևորել է կառավարության և բուհերի համագործակցությունը՝ թիրախային, որակյալ կադրերի պատրաստման համատեքստում․ «Երկրի տնտեսության զարգացման կարևորագույն խնդիրներից մեկը տարբեր ոլորտները ժամանակակից պահանջներին համապատասխան որակյալ կադրերով համալրման պահանջին ընդառաջ գնալն է:

Ամբողջ աշխարհում առավել արդյունավետ և նպատակային գործընթացն այս իմաստով «ոլորտի պատվիրատու»-ի և ԲՈՒՀ-ի համագործակցության և հետադարձ կապի արդյունավետ մեխանիզմների ստեղծումն է»,-ընդգծել է նախարարը:

ՏԿԵ նախարարության հետ համագործակցության արդյունքում Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում կներդրվի «Տարածքային կառավարում» կրթական ծրագրի, որի ուսումնական ամբողջ պլանը, ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանի խոսքով, կտարբերվի կրթական հանրույթի համար հայտնի տարածքային կառավարման մասնագիտության կրթական բովանդակությունից։

«Այս կրթական ծրագրի վերջնաարդյունքը լինելու է մասնագետը, որը մեր պետական կառավարման տարբեր ոլորտներում իր աշխատանքի արդյունքով էապես ցույց կտա, թե ինչ կարող է անել մասնագետը ճիշտ գիտելիքներ և կոմպետենցիաներ ունենալու դեպքում։ Պետություն-բուհ այս համագործակցության արդյունքում կփորձենք ստեղծել նոր արժեք»,-ասել է ռեկտորը։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել