Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը նամակ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով «Ախմատ»-ի հատուկ նշանակության ուժերի բոլոր ստորաբաժանումները բոլոր ուղղություններից վերաբաշխել Բախմուտ քաղաքում՝ զբաղեցնելով «Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության տեղը, գրում է mk.ru-ն:
Կադիրովը Պուտինին խնդրել է հանձնարարել պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին և Ազգային գվարդիայի տնօրեն Վիկտոր Զոլոտովին մարտական հրամաններ տալ՝ «Ախմատ»-ի ստորաբաժանումները դուրս բերելու այլ ուղղություններից և դրանք վերատեղակայելու Բախմուտում՝ ստանձնելով «Վագներ»-ի դիրքերը։
Հարկ է նշել, որ ավելի վաղ մասնավոր ընկերության ղեկավար Եվգենի Պրիգոժինը հայտարարել էր, որ մտադիր է մինչև մայիսի 10-ը դուրս բերել իր ստորաբաժանումները Բուխմուտից, քանի որ ՌԴ ՊՆ-ն բվականաչափ զինամթերք չի տրամադրում վագներականներին:
Հիշեցնենք, որ «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը հայտնել է, որ իր մարտիկները մայիսի 10-ին կլքեն ուկրաինական Բախմուտ քաղաքը, եթե զինամթերքի պակասը չլրացվի։ Պրիգոժինի խոսքով՝ զինամթերքի բացակայության պատճառով վագներականների կորուստներն օրեցօր ավելանում են։
«Չնայած դրան, «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հրամանատարների խորհուրդը որոշել է պահել իր դիրքերը և շարունակել հարձակումը Բախմուտի վրա մինչև 2023 թվականի մայիսի 10-ը, որպեսզի ռուսների համար սրբազան տոնը՝ մայիսի 9-ը՝ Հաղթանակի օրը, դիմավորվի ռուսական զենքի փայլով», – ասել է նա:
Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտարարել էր, որ Բախմուտ քաղաքը կարևոր պաշտպանական հանգույց է Դոնբասում ուկրաինական զորքերի համար: Այն վերահսկողության տակ վերցնելը թույլ կտա հետագա հարձակողական գործողություններ իրականացնել Ուկրաինայի զինված ուժերի պաշտպանության խորքում։