Հուլուսի Աքարն անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը Կարսում անցկացվող «Ձմեռ-2023» զորավարժությունների վերջին օրն ունեցած ելույթում անդրադարձել է Թուրքիա-Ադրբեջան համագործակցությանը, հայ-թուրքական հարաբերությոնների կարգավորման գործընթացին, ինչպես նաև այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցին, փոխանցում է Ermenihaber-ը։

Ըստ Աքարի՝ Ադրբեջանի հետ իրենց համագործակցությունը շարունակվելու է:

«Ադրբեջանի և Հայաստանի միջև մնայուն խաղաղության ձևավորման համար, կայունության ապահովման համար ջանքեր կան։ Մենք ամենաբարձր մակարդակով շարունակում ենք աջակցել այդ ջանքերին։ Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման ապահովումն էլ իսկապես որպես Թուրքիա՝ մեր անկեղծ ցանկությունն է»,-հայտարարել է Աքարը։

Թուրքիայի պաշտպանության նախարարը նաև խոսել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին։ Նա պնդել է, թե այն տնտեսական, սոցիալական և այլ առումներով «օգուտներ կբերի» ոչ միայն Ադրբեջանին, այլև տարածաշրջանին:

Հիշեցնենք, որ Կարսի Սարիղամիշի շրջանում Թուրքիայի ԶՈւ պլանային «Ձմեռ-2023» զորավարժությունը մեկնարկել էր հունվարի 18-ին։ Թուրքիայից զատ դրան մասնակցող երկրների ցանկում են եղել Գերմանիան, Իտալիան, Ադրբեջանը, Ղազախստանը, Մեծ Բրիտանիան, Բոսնիա և Հերցեգովինան, Կոսովոն, Ուզբեկստանը, Մալայզիան, Լիբիան, Կատարը, Քուվեյթը, Ղրղզստանը, Եթովպիան, Վրաստանը, Բահրեյնը և Մոնղոլիան։ 1758 հոգանոց անձնակազմի մասնակցությամբ իրականացվող զորավարժությանը ներգրավվել է 43 տեսակի 651 մեքենա, 23 տարբեր տեսակի և տրամաչափի 865 զենք։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել