Այսօր մի խումբ քաղաքացիական ակտիվիստներ բողոքի ակցիա էին կազմակերպել Նալբանդյան փողոցում գտնվող ոստիկանության կենտրոնական շենքի մոտ: Նրանք պահանջում էին Կոմիտաս 5-ի և Երևանի քաղաքապետարանի հայտնի դեպքերի հետ կապված ապօրինություններ թույլ տված ոստիկանների նկատմամբ քրեական հետապնդում իրականացնել։
Ակցիային մասնակցում էր նաև Արգիշտի Կիվիրյանը, ով վերջին շրջանում հաճախ է ոստիկանության կողմից բերման ենթարկվել:
Նրա խոսքերով՝ իշխող ռեժիմը փորձում է օգագործել ոստիկանությանն ակտիվ քաղաքացիներին ճնշելու և հասարակության մեջ վախի մթնոլորտ սերմանելու համար. «Վերջին օրերին քաղաքապետարանի և Կոմիտասի 5 հասցեից ապօրինաբար ակտիվիստներին տանում են բաժին և նրանց նկատմամբ կիրառում բռնի ուժ: Ոստիկանությունն ակտիվիստների նկատմամբ որս է սկսել»,- իր ելույթում ասաց Արգիշտի Կիվիրյանը:
Փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը կոչ արեց Արգիշտի Կիվիրյանին ոստիկանության հասցեին արված արտահայտությունների մեջ լինել կոռեկտ: Նրա այդ կոչը քաղաքացիները դիմավորեցին «Օսիպյան հեռացիր» բղավոցներով:
Ակտիվիստ Ռուզան Գրիգորյանը նշեց, որ ոստիկանությունը չի ապահովում ակցիայի մասնակից քաղաքացիների անվտանգությունը, ինչը թույլ է տալիս կարծել, որ նրանց նկատմամբ կիրառվող բռնի գործողությունները, կողոպուտը կատարվում են ոստիկանության թույլտվությամբ:
Նա նաև կոչ արեց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, որպեսզի վերջինս կարողանա ապահովել ոստիկանների և քաղաքացիների շփումը միայն իրավական հարթության մեջ, ոստիկանները հղումներ անեն բացառապես օրենքներին և զերծ մնան բարոյախրատական ճառերից, որը նրանց իրավասության սահմաններից դուրս է:
Ոստիկանության մոտ տեղի ունեցող ակցիան ավարտվեց հուշաթերթերի բաժանմամբ, որտեղ նշվում է, թե ինչպես պետք է իրենց պահեն քաղաքացիները ոստիկանների հետ շփումների ժամանակ:
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին կոչ արեց, որպեսզի նա ապահովի շտապ հավաքի մասնակիցների խաղաղ երթը մինչև ՀՀ դատախազություն:
Ճանապարհին ակցիայի մասնակիցները մինչև դատախազություն հասնելը բղավում էին «ոստիկանություն, այ քեզ խայտառակություն», «ոստիկանություն, այ քեզ հանցագործություն»: Դատախազության մոտ ակտիվիստները սկսեցին բղավել «դատախազություն, այ քեզ խայտառակություն»:
Դատախազության դիմաց ակտիվիստներին կանգնել թույլ չտվեցին: Մինչև նրանց տեղ հասնելը, ոստիկանությունն արդեն փակել էր դատախազության մուտքը:
Մի քանի քաղաքացիների և ոստիկանության աշխատակիցների միջև բախումներ եղան, ովքեր փորձում էին ճեղքել ոստիկանական պատնեշը:
Ակտիվիստ Զարուհի Հովհաննիսյանը դատախազություն հանձնեց ակտիվիստների կազմած նամակը՝ ոստիկանության վերջին օրերի գործողությունների հետ կապված մի շարք պահանջներով։ Մասնավորապես, նրանք պահանջում են, որպեսզի պատասխանատվության ենթարկվեն օրինախախտ ոստիակնները:
Դիմումի հանձնումից հետո, ակտիվիստները երթով շարժվեցին դեպի Երևանի քաղաքապետարան, որտեղ, նրանց խոսքերով, տեղի են ունենում հիմնական ապօրինությունները։