«Վերջերս Ադրբեջանի նախագահը դատապարտել է Ադրբեջանի նկատմամբ Իրանի թշնամական քաղաքականությունը։ Դրանից հետո Ադրբեջանում Իրանի դեսպանը երկաթե բռունցքի ֆիգուր է դրել Իրանի դրոշի վրա և սոցցանցում տարածել այդ լուսանկարը»,-այս մասին Միլլի Մեջլիսի այսօրվա նիստում հայտարարել է պատգամավոր Գուդրաթ Հասանգուլիևը, հաղորդում է Minval-ը։
Ըստ նրա՝ Ադրբեջանում պետականաշինությանն ուղղված քայլերը անհրաժեշտ են դարձնում նոր Սահմանադրության ընդունումը. «Առաջին քայլը պետք է լինի Ադրբեջանի անունը փոխելը։ Երկիրը պետք է կոչվի Հյուսիսային Ադրբեջան։ Նաև, ինչպես մյուս բաժանված ժողովուրդների սահմանումներում, առկա են հյուսիս և հարավ բառերը: Կարծում եմ՝ սա խթան կհանդիսանա նաև հարավային ադրբեջանցիների համար»։
Նշենք, որ Ադրբեջանի և Իրանի հարաբերությունները վերջին շրջանում սրվել են։ Ադրբեջանը և Թուրքիան Իրանի թյուրքախոս ատրպատականցիներով բնակեցված նահանգները «Հարավային Ադրբեջան» են անվանում, սակայն մինչև վերջերս Ադրբեջանը խուսափում էր հարցը շահարկել:
Ըստ իրենց հաշվարկների՝ ներկայիս Իրանում բնակվում է 35-40 մլն ազարի։
Ազարիներ-էթնիկ խումբ Իրանում, որը պատմական Ատրպատականի հիմնական բնակչությունն է։
Վերջին շրջանում Իրանում հաճախ են ոչ պաշտոնական մակարդակում Ադրբեջանն անվանում Իրանի «Հյուսիսային Ադրբեջան» նահանգ, իսկ բոլորովին վերջերս իրանցի դիվանագետ Աբոլֆազլ Զոհրեվանդը խոսել էր այն մասին, որ Հայաստանը և հայերն Իրանի դաշնակիցներն են, մինչդեռ Ադրբեջանը քաղցկեղային գոյացություն և վտանգ է Իրանի քաղաքակրթական տարածքի համար, ինչը հանգեցրել է Բաքվի բռնապետի և էրդողանական վարչախմբի խիստ անհանգստությանը և լրատվական տիրույթում հիստերիկ հակաիրանական արձագանքների»։