Ջրային կոմիտեի ու «Վեոլիա Ջրի» անգործության արդյունքում մի ամբողջ գյուղ կզրկվի խմելու ջրից

«Խոր Արմատ» ՍՊԸ-ն 2005  թվականին Տավուշի մարզի Կողբ համայնքում գնել է հողատարածք՝ դրա տարածքում առկա շինությունների,  արտադրամասի օգտագործման համար նախատեսված ջրհորերի, ջրի երկաթբետոնյա  տարողության և այլ ողջ գույքի հետ միասին, որը խորհրդային ժամանակներում եղել է սննդի արտադրամաս։ 

Ավելի ուշ պարզվել է, որ այդ հողի մի մասը, ջրհորերը, ջրի երկաթբետոնյա  տարողությունը առանց որևէ իրավական հիմքի օգտագործվում են «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի կողմից՝ հարևան Բերդավան և այլ  համայնքներին ջուր մատակարարելու համար։ 2017թ.-ից ջրամատակարարումը  շարունակել է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն:

«Խոր Արմատ» ՍՊԸ-ի շահերը ներկայացնող փաստաբան Արփինե Եղիկյանը Iravaban.net-ի հետ զրույցում նշեց, որ այդ ժամանակ ընկերությունը դիմել է «Հայջրմուղկոյուղուն», այնուհետև «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին, պետական և տեղական մարմիններին, որպեսզի կամ ազատեն արդեն իր սեփականությունը համարվող տարածքը, կամ համաձայնության գան և օգտագործումը շարունակեն իրավական հիմքով՝ պայմանագրի հիման վրա:  «Հաշվի առնելով, որ բնակչության խմելու խնդիրն առաջնային է, սահմանամերձ բնակավայրի բնակչության շահը հաշվի առնելով՝ «Խոր արմատ» ՍՊԸ-ն զերծ է մնացել իր իրավունքների ինքնապաշտպանության դիմելուց և  չի փակել տարածքը։ Քանի որ բանակցություններն ապարդյուն են եղել, ընկերությունը 2015 թվականին  դիմել է դատարան՝ վտարման պահանջով»,-նշում է Եղիկյանը։ 

Փաստաբան Արփինե Եղիկյան

Փաստաբանի խոսքով՝ գործն անցել է բոլոր ատյաններով։ «Շուրջ 6 տարի տևած դատական գործընթացից հետո վտարման մասին ընկերության պահանջը բավարարվել է․ Վճռաբեկ դատարանի վճիռն ուժի մեջ է մտել 2021թ.-ին»․ ասում է նա ու նշում, որ դրանով էլ ամեն ինչ չի ավարտվել։

ՀՀ ԷԵԲՊՆ Ջրային կոմիտեի նախաձեռնությամբ 2021թ. հուլիսին կայացած քննարկման արդյունքում արձանագրվեց մասնակիցների պայմանավորվածությունն առ այն, ՀՀ-ն  Ընկերությունից կգնի հողատարածքը՝ բնակչության ջրամատակարարումը կազմակերպելու համար: Համաձայն պայմանավորվածության՝ «Խոր Արմատ» ՍՊԸ-ն հետ է պահանջել կատարողական թերթը՝ կասեցնելով վտարման հարկադիր կատարման ընթացքը:

2021թ. օգոստոսից մինչ 2022թ. հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում այդպես էլ հողամասի գնման գործընթացը չի ապահովվել, և շարունակվել է Ընկերության գույքի ապօրինի օգտագործումը՝ առանց Ընկերությանը որևէ հատուցում կամ վարձավճար վճարելու, հետևաբար «Խոր Արմատ» ՍՊԸ-ն կրկին հարկադիր կատարման է ներկայացրել կատարողական թերթը:

2022թ. հոկտեմբերի 3-ին Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից իրականացվել է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի վտարումը «Խոր Արմատ» ՍՊԸ-ի տարածքից, և գույքը ի պահ է հանձնվել «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի ներկայացուցչին:

«Գիտակցելով, որ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին Ընկերության տարածքից վտարման և իրավասու պետական մարմինների կողմից ոչինչ չձեռնարկելու արդյունքում դադարեցվում է սահմանամերձ Բերդավան գյուղի խմելու ջրի մատակարարումը, և տուժում է բնակչությունը, ինչպես նաև ընդառաջելով Նոյեմբերյան համայնքի ղեկավարի ու Բերդավանի վարչական ղեկավարի հորդորներին՝ «Խոր Արմատ» ՍՊԸ-ի ղեկավարությունը հերթական անգամ մարդասիրական մոտեցում է ցուցաբերել և չի առարկել, որ ջրի մատակարարումը որոշ ժամանակով չդադարեցվի, միևնույն ժամանակ դիմել է իրավասու բոլոր մարմիններին։ Ընկերությունը նաև տեղեկացրել է, որ պատրաստվում է լիովին իրացնել սեփականատիրոջ իր իրավունքները, և 2022թ. նոյեմբերի 1-ից կդադարեցվի իր տարածքից իրականացվող ջրամատակարարումը և նշել, որ խմելու ջրի մատակարարման դադարման համար «Խոր Արմատ» ՍՊԸ-ն որևէ պատասխանատվություն չի կրում, ջրի մատակարարման դադարեցման ողջ պատասխանատվությունը կրում են իրավասու պետական և այլ մարմինները»,-մանրամասնեց Արփինե Եղիկյանը:

Նշենք նաև, որ առկա խնդրի մասին վերը նշված գրությամբ «Խոր Արմատ» ՍՊԸ-ն դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին, Ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանին, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին, Նոյեմբերյան խոշորացված համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանին, Բերդավանի վարչական ղեկավար Արամ Զուրաբյանին, «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Մարիաննա Շահինյանին։

Այսպիսով՝ Ջրային կոմիտեի ու «Վեոլիա Ջրի» անգործության արդյունքում մի ամբողջ գյուղ կզրկվի խմելու ջրից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել