Ուկրաինայում Ռուսաստանի «հատուկ ռազմական գործողության» մեկնարկից հետո Հայաստանը համարվում է ռուս մասնագետների վերաբնակեցման համար ամենապահանջված երկրներից մեկը։ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հայտնած տվյալների համաձայն՝ Հայաստանում իրենց գործունեությունն են շարունակում ռուսական մոտ 850 ընկերություններ և 350 անհատ ձեռնարկատերեր (ԱՁ)։ Հայաստանի բանկերում ընդհանուր առմամբ մոտ 40 հազար իրավաբանական և ֆիզիկական անձ բացել է շուրջ 100 հազար հաշիվ։
Նախարարը նաև մոտավոր գնահատել է Հայաստան ժամանած ՏՏ (IT) ոլորտի մասնագետների թիվը՝ «50 հազարից ավելի, բայց 70 հազարից պակաս»։ Նշենք, որ այս տվյալները հրապարակվել են սեպտեմբերի 5-ին, մինչև ՌԴ-ում մասնակի մոբիլիզացիա հայտարարելը։
Թե ինչ ազդեցություն կունենա Հայաստանի IT ոլորտի վրա ռուս մասնագետների հոսքը, Iravaban.net-ը փորձել է պարզել ՏՏ ոլորտի մասնագետ, պրոդուկտ մենեջեր Վազգեն Բադալյանի հետ զրույցում։
Վազգեն Բադալյանը տեխնոլոգիաների և արտադրանքի կառավարման ոլորտում ավելի քան 10 տարվա փորձ ունի։ Մի քանի սթարթափների հիմնադիր է, աշխատել է մեծ տեխնոլոգիական ընկերություններում, որոնցից հիշատակման արժանի է Yandex-ը՝ ԱՊՀ տարածաշրջանի Google-ը: Վազգենը ղեկավարել է պրոդուկտ մենեջերների և ինժեներների թիմը՝ կենտրոնանալով մեքենայական ուսուցման և AI (արհեստական բանականության) արտադրանքների վրա: Այժմ աշխատում է ԱՊՀ տարածքում հեռուստահոսքային ծառայություններ մատուցող Okko ընկերությունում որպես գլխավոր պրոդուկտ մենեջերի տեղակալ։
-Փետրվարի վերջից Ռուսաստանից Հայաստան են գալիս տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի բազմաթիվ մասնագետներ։ Ինչպե՞ս դա կազդի Հայաստանի ՏՏ շուկայի վրա:
–Ռուսաստանում տեխնոլոգիական ոլորտը շատ հարուստ է. կան բազմաթիվ խոշոր ընկերություններ, ինչպիսիք են Yandex-ը, Tinkoff-ը, Avito-ն: Նրանք են միջազգային մակարդակով մրցունակ ծրագրային արտադրանք ստեղծում: Օրինակ՝ Yandex-ը ներկայացված է Իսրայելում, աֆրիկյան շուկաներում իր Yandex Taxi և առաքման ապրանքների ծառայությամբ։ Մեկ այլ պրոդուկտ կարող էին լինել ինքնակառավարվող առաքման ռովերները, որոնք գործում էին ԱՄՆ-ի համալսարաններում: Հետագա ընդլայնման ներուժը հսկայական էր, սակայն մեր օրերում այն բարդացել է, ուստի շատ մարդիկ հեռանում են այդ ընկերություններից:
Առկա են երեք հիմնական միտումներ, որոնցից Հայաստանը պետք է օգտվի. առաջինը դա, բազմաթիվ ստարտափներն են, գրասենյակները և խոշոր ընկերությունները, ինչպես օրինակ NVIDIA-ն, Հայաստանում իրենց գրասենյակներն են բացում: Սա զբաղվածության հնարավորություններ է ստեղծում տեղական շուկայում: Երկրորդ՝ կան բազմաթիվ փորձագետներ և մասնագետներ, ովքեր կմիանան տեղական հայկական թիմերին և ստարտափներին։ Աշխատանքի ընդունման գործընթացը պետք է հեշտանա։ Երրորդ, տեխնոլոգիական ցանցային էֆեկտների հնարավորություն ենք ստանում. նորեկները, տեղացիները և սփյուռքը գիտելիքներ են փոխանակում, ավելի շատ գիտելիքները ստարտափներ են ստեղծում, ընկերությունները՝ աշխատատեղեր, և դա շարունակաբար աճում է: Սա կհանգեցնի նրան, որ Հայաստանը կդառնա տարածաշրջանում առանցքային տեխնոլոգիական հանգույց:
-Դուք աշխատել եք և՛ ԱՄՆ-ում, և՛ Ռուսաստանում, և ունեք աշխատանքի փորձ միջազգային շուկաներում։ Ինչպիսի՞ն են հայկական ընկերությունների՝ համաշխարհային շուկաներ դուրս գալու հնարավորությունները։
-Հայկական տեխնոլոգիական ընկերությունները թողարկում են միջազգային շուկաներն ուղղված (թիրախավորված) արտադրանք։ Վերջին մի քանի տարիներին մենք բազմաթիվ օրինակներ ենք տեսել, երբ հայկական ընկերությունները օգտակար արտադրանք են ստեղծել ամբողջ աշխարհի համար։ Դրանցից են Krisp-ը, Picsart-ը, SuperAnnotate-ը: Երբ թողարկում եք տեխնոլոգիական արտադրանք կամ ծառայություն եք ստեղծում, դա արդեն համընդհանուր/ունիվերսալ մոտեցում է: Պետք է հասկանալ օգտատերերին, հասկանալ նրանց կարիքները, ինչպիսին է մրցակցային դաշտը, և դրանից հետո ունենալ արտադրանք, որը պետք կլինի բոլորին (առանց որի մարդիկ չեն կարող ապրել)։ Հայ ձեռներեցները ընկերություն հիմնելիս, սկսում են արտաքին շուկաներից։ Սա նրանց առավելություն է ընձեռում եվրոպական կամ ռուսական ստարտափների համեմատ, որոնք փորձում են նախ իրենց ներքին շուկան գրավել: Տեխնոլոգիական ոլորտում հայ ձեռներեցները հենց ի սկզբանե միջազգային են։
-Կա՞ն տեխնոլոգիայի կամ արդյունաբերության ոլորտներ, որոնք կարող են հատկապես կարևոր լինել հայկական տեխնոլոգիաների զարգացման համար:
-Մենք պետք է լինենք առաջնագծում, բայց եթե ես պետք է ընտրեմ մեկը, ապա որպես այս ոլորտում աշխատող մարդ, ես կասեմ մեքենայական ուսուցման մասին: Մեքենայական ուսուցումն իրականացված է բազմաթիվ ծրագրային արտադրանքներում, որոնք մենք օգտագործում ենք ամեն օր: Ազդեցությունը հսկայական է՝ սկսած անձնական առաջարկություններից (օրինակ՝ ֆիլմերի հոսքում) մինչև բժշկական ախտորոշում և բուժում: Մեքենայական ուսուցումը տվյալների հսկայական քանակի հետ աշխատելու միջոց է, որն այժմ աշխարհն ունի: Ասում են, որ տվյալները նոր «նավթն» է։ Նավթ չունենք, սակայն կարող ենք առաջադեմ լինել տեխնոլգիաներում և մեքենայական ուսուցման մեջ։ Կարծում եմ, որ մենք ունենք այս հարցում հաջողության հասնելու մտածելակերպը, քանի որ այն ներառում է մաթեմատիկական, տրամաբանական և շախմատային մտածողություն:
Մեքենայական ուսուցումը համակարգչային ալգորիթմների ուսումնասիրություն է, որը կարող է ավտոմատ կատարելագործվել փորձի և տվյալների օգտագործման միջոցով։ Այն դիտարկվում է որպես արհեստական ինտելեկտի մաս։
-Շատերը հասկանում են ծրագրավորողների և ինժեներների աշխատանքը: Իսկ ինչո՞վ է զբաղվում պրոդուկտ մենեջերը:
– Պրոդուկտ մենեջերը կարծես նվագախմբի դիրիժոր լինի, որտեղ երաժշտության փոխարեն առկա է տեխնոլոգիական արտադրանք։ Պրոդուկտ մենեջերը պետք է խորապես հասկանան, թե ինչի կարիք ունեն մարդիկ և այդ կարիքները համապատասխանեցնի բիզնես նպատակներին: Նրանք բացահայտում են օգտատերերի խնդիրները, որոշում առաջնահերթությունները և հանդես են գալիս արդյունավետ լուծումներով, որոնք նրանք մշակում են ինժեներների, դիզայներների և արտադրանքի մշակման թիմի մյուս անձանց հետ միասին: Պրոդուկտ մենեջերները նաև հանդես են գալիս որպես կապող օղակ, համոզվելու համար, որ զարգացման թիմն արդյունավետ է աշխատում, և որ բիզնեսը հասնում է իր նպատակներին: Եթե դուք ծրագրային արտադրանք եք օգտագործում, և դա ձեր խնդիրը չի լուծում, դա հավանաբար պրոդուկտ մենեջերի պատասխանատվության շրջանակներում է:
-Որո՞նք են արտադրանքի մենեջերի ամենակարևոր հմտությունները։
-Իմ սիրելի օրինակը էմպաթիան է, բառի բոլոր իմաստներով։ Ինչքան լավ ես էմոցիոնալ մակարդակի վրա հասկանում քո արտադրանքն օգտագործողներին, նրանց խնդիրները, այնքան լավ կարող ես դրանք լուծել։ Եթե կարողանում ես այդ էմպաթիան արդյունավետ հավաքել թիմի բոլոր անդամներից, ապա տալիս ես ամենաօգտակար և որակյալ լուծումը։ Բավարար չէ հասկանալը՝ ինչ է պետք, պետք է թիմին ներկայացնել ռազմավարությունը, և տեսլականը։ Օրինակ՝ Apple-ի հիմնադիր Սթիվեն Ջոբսը համարվում է ամենամեծ և էֆֆեկտիվ պրոդուկտ մենեջերներից մեկը։
Էմպաթիան և տեսլականը ամենակարևոր բաղադրատարրերն են, որոնք թույլ կտան լավ ու որակյալ արտադրանք տրամադրել մարդկանց։
-Ինչպիսի՞ դեր կարող են ունենալ պրոդուկտ մենեջերները հայկական IT ոլորտի զարգացման մեջ։
– Շատ բարձրակարգ կատարողներ ունենալու դեպքում, հիանալի երաժշտություն եք ստեղծում: Եթե ունեք դիրիժորներ, ապա այդ երաժիշտների կատարումն այլ մակարդակի է բարձրանում: Որքան շատ պրոդուկտ մենեջերներ ունենանք, այնքան ավելի լավը կլինեն մեր ստեղծած ծրագրային արտադրանքները և սարքավորումները։ Նրանք կանխորոշում են ճիշտ հնարավորությունները և դրանց առաջնահերթություն տալիս և այսպիսով արագացնում ընկերության բիզնեսի աճը: Բացի այդ, նրանք հաճախ ապագայում իրենց սեփական գործն են սկսում։
-Ի՞նչ է պետք պրոդուկտ մենեջեր դառնալու համար։
-Հատուկ կրթություն պետք չէ։ Պրոդուկտ մենեջերներին անհրաժեշտ է ձեռնարկատիրական մտածելակերպ՝ սովորելու և աճելու ցանկությամբ: Այնուամենայնիվ, կան բազմաթիվ դասընթացներ, որոնք կարող են օգնել անձին մտնել պրոդուկտ մենեջմենթի ոլորտ կամ արագացնել իրենց կարիերայի աճը։ Հայաստանում նման դասընթացներից է Product Academy-ն, որտեղ ես դասախոսություններ եմ կարդում պրոդուկտ մենեջմենթի վերաբերյալ: Coursera-ն պրոդուկտ մենեջմենթի գործնական գիտելիքներ գտնելու համար մեկ այլ տեղ է: Ի վերջո, պրոդուկտ մենեջերները կատարողներ են. նրանք արագ են դասեր քաղում սխալներից: Ահա թե ինչ է մեզ անհրաժեշտ Հայաստանում հաջող տեխնոլոգիական արտադրանք թողարկելու համար: