Ավետիք Չալաբյանը 3 ամսով կալանավորվեց

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ ընթանում է հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գործով դատաքննությունը, որը մեկնարկել էր հուլիսի 26-ից:

Դատարանը որոշում է կայացրել Չալաբյանին կրկին կալանավորել, այս անգամ՝ 3 ամիս ժամկետով։

Նրա պաշտպան Վարազդատ Հարությունյանի որակմամբ որոշումն ապօրինի է։ «Ինչու դատարանը հաշվի չի առել, որ այս ընթացքում Ավետիք Չալաբյանի կողմից որեւէ խոչընդոտման փաստ չկա»,-ասաց նա:

Նիստից առաջ պաշտպանական խումբը հայտարարություն էր տարածել` իրավական գնահատականներով, որում ասվում է․

««Ցանկացած պահի իշխանությունների քաղաքական հակառակորդներին հետապնդելու «անբեկանելի» հեղինակություն վայելող դատավոր Մնացական Մարտիրոսյանը նախ հրաժարվեց հետ ուղարկել ՀՀ դատախազության կողմից ներկայացված մեղադրական եզրակացությունները, որը կազմված էր օրենքի աղաղակող խախտումներով, ընդգծված միտում ունենալով թաքցնել և սքողել նախաքննության ընթացքում Ավետիք Չալաբյանի անմեղության վերաբերյալ ձեռք բերված բոլոր ապացույցները»,-ասված է դատաքննության վերաբերյալ հանրային պաշտպանության թիմի արձագանքում, որը նիստը որակել է որպես «իշխանությունների կողմից բեմադրված աբսուրդի թատրոնի, Կաֆկայի «Դատավարության» լավագույն ավանդույթներով»։

Նշենք, որ դատաքննության ժամանակ դատավորը հրաժարվեց ինքնաբացարկ հայտարարել, թեև Ավետիք Չալաբյանի պաշտպանները և Չալաբյանը ներկայացրեցին բացարկի այնպիսի հիմնավորումներ, որոնք բավարար էին ոչ միայն բացարկի, այլև դատավորի հրաժարականի համար ընդհանրապես՝ ներառյալ քաղաքական ենթատեքստով մի շարք գործերով ընդգծված ապօրինի որոշումների կայացումը, որոնք հետագայում բեկանվել են ավելի բարձր ատյաններում կամ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։  Ավելին, դատաքննության ընթացքում դատավոր Մնացական Մարտիրոսյանը որոշեց գերազանցել իրավական աբսուրդի բոլոր նախադեպերը և Ավետիք Չալաբյանին հանրային պաշտպան պարտադրեց, այն պայմաններում, երբ նրա պաշտպանությունը իրականացնում է «Ֆիդելիս» հեղինակավոր իրավաբանական ընկերությունը, Ավետիք Չալաբյանը հրաժարվեց հանրային պաշտպանից, և նույնիսկ դատարանի կողմից ներգրավված հանրային պաշտպան Էդուարդ Աղաջանյանը խնդրեց իրեն ազատել այդ անհեթեթ պարտականությունից։

«Ակնհայտ է, որ գործող իշխանությունները, չհաշտվելով նրա հետ, որ Ավետիք Չալաբյանը օրենքի ուժով հայտնվել է ազատության մեջ, իսկ բաց դատալսումների յուրաքանչյուր նիստ ավելի և ավելի ակնհայտ է դարձնում նրան ներկայացված մեղադրանքի ողջ անհեթեթությունը, շտապում են օր առաջ նորից ապօրինի ազատազրկել նրան, դրանով շարուանկելով նրա հետ սկսած հաշվեհարդարաը։ Նոր ընդունված քրեադատավարական օրենսգրքով, խափանման միջոցի հարցը քննարկվում է վերը նշած հարցերից հետո, և դատավոր Մնացական Մարտիրոսյանը Հայաստանի իրավական պրակտիկայում աննախադեպ շտապողականություն է ցուցաբերում՝ պրակտիկորեն ամեն օր նիստ նշանակելով և փորձելով ամեն գնով կատարել վերևից իջեցված պատվերը»,-ասված է հանրային պաշտպանության խմբի հայտարարությունում

Հատկանշական է, որ աբսուրդի թատրոնը ծավալվում է ուղիղ եթերում, դատական նիստերի լեփլեցուն դահլիճում` հանրային հեղինակություն վայելող Չալաբյանի ազատության համար երախշավորներ հանդիսացող նախկին փոխվարչապեը Վաչե Գաբրիելյանի, ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանի, «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արամ Փախչանյանի, ինչպես նաև մեկ տասնյակ հասարակական քաղաքական գործիչների ներկայությամբ, այդ թվում նաև Սոնա ԿոշեցյանԱյբ» hիմնադրամ), Արմեն ԽաչիկյանԱրար» հիմնադրամ), Վարդան ՄարաշլյանՎերադարձ Հայաստան»  hիմնադրամ),   Տեր Մեսրոպ քահանա ԱրամյանԱյբ» դպրոցի համահիմնադիր), Գևորգ Դանիելյան (Արդարադատության նախկին նախարար), Աննա Կոստանյան (նախկին պատգամավոր), Էլինար Վարդանյան (պատգամավոր), Էդգար Ղազարյան (նախկին դեսպան), Մենուա Սողոմոնյան (պատմական գիտությունների թեկնածու), Արսեն Գրիգորյան (երաժիշտ), Վահե Հովհաննիսյան (ԵՊՀ ամբիոնի վարիչ), Ռուբեն Կարապետյան, Վահե Հովհաննիսյան և այլք

Չալաբյանի պաշտպանական թիմը վճռական է շարունակելու իր պայքարը՝ Ավետիքի ազատության և լիարժեք արդարացման համար։ Հայտարարությունում նշվում է,- «Մենք գիտակցում ենք, որ այս պայքարը մղվում է ոչ այնքան Ավետիքի անձի, որքան մեր երկրում օրենքի իշխանության և արդարության հաստատման համար և վճռական ենք մեր բոլոր համախոհների, բոլոր նվիրյալ հայորդիների հետ այն շարունակելու մինչև վերջնական հաղթանակ»: 

———————————

Հիշեցնենք, որ «Համախմբում» շարժման անդամ Ավետիք Չալաբյանը մեղադրվում է 2022թին Դիմադրության շարժման ժամանակ երկու կամ ավելի անձանց, տվյալ դեպքում՝ ուսանողներին, հավաքներին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու համար։ Նրա պաշտպանական թիմը հայտարարել է. «Մեղադրանքի հիմքում դրված է ընդամենը մեկ մոնտաժված և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իմաստով անթույլատրելի համարվող ձայնագրություն, որում Ավետիք Չալաբյանը հավաքներին մասնակցելու նպատակով նյութական շահագրգռվածություն առաջարկելու վերաբերյալ որևէ պնդում չի անում: Հակառակը, ի պատասխան ակնհայտ պրովոկացիա իրականացնող զրուցակից Թոռնիկ Ալիյանի հարցադրումների, պատասխանում է, որ «կյանքում կան ոչ նյութական արժեքներ, որոնք ավելի կարևոր են»։ Ալիյանն առերես հարցաքննության ժամանակ պնդել է, որ Ավետիք Չալաբյանը երբեք իրեն գումար կամ այլ նյութական շահ չի առաջարկել հավաքներին մասնակցելու համար։ Չկա որևէ ցուցմունք, այդ թվում՝ Թոռնիկ Ալիյանի, որով շոշափվում է նյութական շահագրգռվածության հասցեատեր որևէ երկրորդ անձի անուն»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել