Ունեմ ոչ թե կալանավորի, այլ` երկրում գործող վարչակազմի պատանդի կարգավիճակ․ Ավետիք Չալաբյան

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ ընթանում է հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գործով դատաքննությունը, որը մեկնարկել էր հուլիսի 26-ից:

Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին դատարանը որոշում էր կայացրել Չալաբյանին կրկին կալանավորել, այս անգամ՝ 3 ամիս ժամկետով։

«Ձեր որոշման մեջ նշված է, որ յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատության իրավունք և ոչ մեկ չի կարող ազատությունից զրկել այլ կերպ, քան օրենքով սահմանված կարգով։ Ուստի իմ անձնական ազատությունը, և ընդհանրապես ՀՀ քաղաքացիների անձնական ազատությունը, բարձրագույն արժեք է։ Դուք երկու օր առաջ ինձ անձնական ազատությունից զրկել եք՝ առանց վկայակոչելու որևէ փաստական հիմք։ Այս որոշման մեջ ոչ մի փաստական հիմք չկա, բացի՝  Ձեր սուբյեկտիվ լինելուց»․-իր խոսքում ասաց Ավետիք Չալաբյանը։

Նա հայտարարեց, որ այդ որոշմամբ նա ունի ոչ թե կալանավորի, այլ` երկրում գործող վարչակազմի պատանդի կարգավիճակ։ Չալաբյանի խոսքով՝ որոշման մեջ վկայակոչված ՀՀ քրեական օրենսգրքի հոդվածներն իմպերատիվ կերպով սահմանում են, որ անձը չի կարող կալանքից ազատվելուց հետո կրկնակի կալանավորվել՝ առանց էական հանգամանքների առկայության, իսկ որոշման մեջ ոչ մի էական հանգամանք վկայակոչված չէ, փոխարենը, դատավորի սուբյեկտիվ մոտեցումն է։

«Ունենալով պատանդի կարգավիճակ, ես այցելելու եմ այս դատական լսումներին, միայն մեկ նպատակով՝ ես այս դատարանի իրավազորությունը չեմ կարող ընդունել, սակայն, այցելելու ենք այս դատական լսումներին, որպեսզի հասարակությանը ներկայացնենք մեր անմեղության բոլոր ապացույցները»,-ասաց նա։

Նրա պաշտպաններից Վարազդատ Հարությունյանը նշեց, որ գտնում են՝ այս դատարանը չի կարող համարվել անկախ, անաչառ, անկողմնակալ դատարան:

«Մենք գտնում ենք, որ քանի վերացված չեն դատարանի կողմից մեր այն մտահոգությունները, որ գործի մակագրումն ի սկզբանե եղել է պատշաճ ընթացակարգերով՝ առանց էլեկտրոնային մակագրումների համակարգի նկատմամբ երրորդ անձանց չսանկցավորված միջամտության, մենք գտնում ենք, որ գործ ունենք անկատար դատարանի հետ, դրա մասին են վկայում նաեւ դատարանի՝ նախնական դատալսումների առարկա հանդիսացող բազմաթիվ հարցերի պատասխանները…»,-ասաց Հարությունյանը։

Դատավոր Մնացական Մարտիրոսյանն էլ նշեց, թե պաշտպանը կրկնվում է։

———————————

Հիշեցնենք, որ «Համախմբում» շարժման անդամ Ավետիք Չալաբյանը մեղադրվում է 2022թին Դիմադրության շարժման ժամանակ երկու կամ ավելի անձանց, տվյալ դեպքում՝ ուսանողներին, հավաքներին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու համար։ Նրա պաշտպանական թիմը հայտարարել է. «Մեղադրանքի հիմքում դրված է ընդամենը մեկ մոնտաժված և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իմաստով անթույլատրելի համարվող ձայնագրություն, որում Ավետիք Չալաբյանը հավաքներին մասնակցելու նպատակով նյութական շահագրգռվածություն առաջարկելու վերաբերյալ որևէ պնդում չի անում: Հակառակը, ի պատասխան ակնհայտ պրովոկացիա իրականացնող զրուցակից Թոռնիկ Ալիյանի հարցադրումների, պատասխանում է, որ «կյանքում կան ոչ նյութական արժեքներ, որոնք ավելի կարևոր են»։ Ալիյանն առերես հարցաքննության ժամանակ պնդել է, որ Ավետիք Չալաբյանը երբեք իրեն գումար կամ այլ նյութական շահ չի առաջարկել հավաքներին մասնակցելու համար։ Չկա որևէ ցուցմունք, այդ թվում՝ Թոռնիկ Ալիյանի, որով շոշափվում է նյութական շահագրգռվածության հասցեատեր որևէ երկրորդ անձի անուն»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել