Որ դեպքերում կարող է անձի մուտքը արգելվել Հայաստանի Հանրապետություն

«Օտարերկրացիների մասին» օրենքի 8-րդ հոդվածով սահմանված են օտարերկրացուն Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա տրամադրելը (ժամկետի երկարաձգման) մերժելը, մուտքի վիզան ուժը կորցրած ճանաչելը կամ մուտք գործելն արգելելու դեպքերը։

Iravaban.net-ը հայտնում է, որ հոդվածի համաձայն․

1. Օտարերկրացուն մուտքի վիզայի տրամադրումը (ժամկետի երկարաձգումը) մերժվում է, տրամադրված մուտքի վիզան ուժը կորցրած է ճանաչվում կամ մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվում է, եթե՝

ա) նա արտաքսվել է Հայաստանի Հանրապետության տարածքից կամ զրկվել է կացության կարգավիճակից, և արտաքսման կամ կացության կարգավիճակից զրկելու մասին որոշման ուժի մեջ մտնելու պահից չի անցել երեք տարի.

բ) նա սույն օրենքը խախտելու համար ենթարկվել է վարչական պատասխանատվության և չի կատարել վարչական ակտով իր վրա դրված պարտականությունը, բացառությամբ այն դեպքերի, երբ վարչական պատասխանատվության ենթարկվելու պահից անցել է մեկ տարի.

գ) գոյություն ունեն հավաստի տվյալներ, որ նա իրականացնում է այնպիսի գործունեություն, մասնակցում, կազմակերպում կամ հանդիսանում է այնպիսի կազմակերպության անդամ, որի նպատակն է՝

– վնաս պատճառել Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությանը, տապալել սահմանադրական կարգը, թուլացնել պաշտպանունակությունը,

– իրականացնել ահաբեկչական գործունեություն,

– սահմանով ապօրինաբար (առանց համապատասխան թույլտվության) տեղափոխել զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, ռադիոակտիվ նյութեր, թմրանյութեր, հոգեներգործուն նյութեր կամ

– իրականացնել մարդու թրաֆիքինգ կամ շահագործում, պետական սահմանի ապօրինի հատում կամ անօրինական միգրացիայի կազմակերպում.

դ) նա տառապում է վարակիչ հիվանդությամբ, որը սպառնում է բնակչության առողջությանը, բացառությամբ այն դեպքերի, երբ նա մուտք է գործում Հայաստանի Հանրապետություն՝ նման հիվանդությունը բուժելու նպատակով: Այդ վարակիչ հիվանդությունների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.

ե) նա մուտքի թույլտվություն հայցելիս ներկայացրել է իր մասին կեղծ տեղեկություններ կամ չի ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթեր, կամ գոյություն ունեն տվյալներ այն մասին, որ նրա մուտքը կամ գտնվելը Հայաստանի Հանրապետությունում ունի այլ նպատակ, քան հայտարարվածը, կամ

զ) գոյություն ունեն նրա կողմից Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությանը կամ հասարակական կարգին այլ լուրջ և հիմնավոր սպառնալիքներ.

է) նա ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրությունը խախտելու համար ենթարկվել է վարչական պատասխանատվության և չի կատարել վարչական ակտով իր վրա դրված պարտականությունը, բացառությամբ այն դեպքերի, երբ վարչական ակտն անբողոքարկելի դառնալու օրվանից անցել է մեկ տարի:

2. Օտարերկրացուն մուտքի վիզայի տրամադրումը (ժամկետի երկարաձգումը) մերժվում է, տրամադրված մուտքի վիզան ուժը կորցրած է ճանաչվում, կամ մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվում է, եթե նա օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտվել է ազատազրկման Հայաստանի Հանրապետությունում հանցագործություն կատարելու համար:

Հայաստանի Հանրապետության արդարադատության բնագավառում լիազորված պետական մարմինը օտարերկրացու ազատազրկման դատապարտման մասին Հայաստանի Հանրապետության դատարանի դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու մասին անհապաղ տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության բնագավառում լիազորված պետական մարմնին՝ սույն օրենքի 31-րդ հոդվածով սահմանված կարգով արտաքսման վերաբերյալ գործ հարուցելու համար, ինչպես նաև միգրացիայի բնագավառում լիազորված պետական մարմնին:

Օրինական ուժի մեջ մտած դատավճռով օտարերկրացու ազատազրկման դատապարտվելու պատճառով արտաքսման մասին որոշում կայացվելու դեպքում օտարերկրացու մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվում է, եթե օրինական ուժի մեջ մտած արտաքսման մասին որոշումն ի կատար ածելուց հետո ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործություն կատարելու դեպքում չի անցել երեք տարի, ծանր հանցագործություն կատարելու դեպքում՝ հինգ տարի, իսկ առանձնապես ծանր հանցագործություն կատարելու դեպքում՝ ութ տարի:

Սույն մասի դրույթները չեն տարածվում Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմքերով բնակվող մերձավոր ազգականներ (ամուսին, զավակ, հայր, մայր, քույր, եղբայր, տատ, պապ) ունեցող անձանց, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում հանցագործություն կատարելու համար հետախուզվող անձանց վրա:

3. Օտարերկրացուն տրամադրված մուտքի վիզան ուժը կորցրած է ճանաչվում, եթե նա աշխատանքի է անցել Հայաստանի Հանրապետությունում առանց աշխատանքի թույլտվության, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:

4. Բացառության կարգով սույն հոդվածի առաջին մասի «ա», «բ» և «է» կետերում նշված հիմքերի առկայության դեպքում օտարերկրացիների մուտքը կարող է թույլատրվել խիստ հիմնավորված դեպքերում:

5. Սույն հոդվածով մուտքի վիզայի տրամադրման (ժամկետի երկարաձգման) մերժման, մուտքի վիզան ուժը կորցրած ճանաչելու կամ մուտքի մերժման մասին օտարերկրացու անձնագրում կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ձևի նշում:

6. Սույն հոդվածի 1-3-րդ մասերում նշված անձանց մասին տվյալները մտցվում են Հայաստանի Հանրապետության տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկ:

Տվյալների բանկը վարում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինը, որն էլ անհրաժեշտ տեղեկություններ է մուտքագրում տվյալների բանկ: Տվյալների բանկում տեղեկություններ մուտքագրելու նպատակով ազգային անվտանգության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնին տեղեկություններ են ներկայացնում Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմը, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինը, ոստիկանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինը, արտաքին գործերի բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինը, միգրացիայի բնագավառում լիազորված պետական մարմինը:

Տվյալների բանկից օգտվելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմը, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինը, ոստիկանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինը, արտաքին գործերի բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինը, սահմանային հսկողություն իրականացնող լիազոր մարմինը, միգրացիայի բնագավառում լիազորված պետական մարմինը, ինչպես նաև օրենքով նախատեսված դեպքերում` Հայաստանի Հանրապետության դատարանները, Հայաստանի Հանրապետության քրեական հետապնդում իրականացնող մարմինները:

Տվյալների բանկում տեղեկություններ մտցնելու և դրանից օգտվելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

7. Սույն հոդվածով նախատեսված գործառույթները պետական սահմանի անցման կետերում իրականացնում են ազգային անվտանգության մարմինները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել