Վրաստանում հյուրանոցների գները բարձրացել են

Ամռան առաջին ամսին Վրաստանում հյուրանոցների գներն աճել են գրեթե 8%-ով։ Այս մասին իր ուսումնասիրության մեջ հայտնում է PMCG խորհրդատվական ընկերությունը, հայտնում է Jnews.ge-ն։

Մայիսից հունիս ընկած ժամանակահատվածում Վրաստանում հյուրանոցներում կացարանի գներն աճել են 7,5%-ով: Հունիսին երկրում հինգաստղանի հյուրանոցում համարի միջին արժեքը կազմել է 519 լարի (185 դոլար), երեքաստղանի հյուրանոցինը՝ 157 լարի (մոտ 60 դոլար), իսկ չորս աստղանի հյուրանոցային համարն արժեցել է մոտ 245 լարի (90 դոլար):

Ընտանեկան տիպի հյուրանոցներում համարն օրական արժեցել է 110 լարի (40 դոլար): Ընդ որում, նման հյուրանոցներում գներն ամենաշատն աճել են ամսվա ընթացքում՝ միանգամից 9,8%-ով։

Տարեկան կտրվածքով, անցյալ տարվա հունիսի համեմատ, Վրաստանում հյուրանոցների գների ինդեքսն աճել է 10,2%-ով։ Ընդ որում, ընտանեկան տիպի հյուրանոցների դեպքում աճը կազմել է 15,8%, իսկ երեք, չորս և հինգաստղանի հյուրանոցների դեպքում՝ 8,4%։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել