Դատական նիստի ընթացքում դատավորի կողմից թույլ են տրվել օրենքին հակասող գործողություններ. փաստաբան

ՀՀ վարչական դատարանում դատավոր Ռուզաննա Հակոբյանի նախագահությամբ շարունակվում է Վարսենիկ Հակոբյանի, Հասմիկ Հարությունյանի, Ռաիսա Հակոբյանի, Քնարիկ Աբգարյանի և Անահիտ Գևորգյանի ներկայացրած հայցի քննությունն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի:

Հուլիսի 22-ին նշված նիստին առաջին անգամ, որպես հայցվորների ներկայացուցիչ, մասնակցել է «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի» կողմից գործարկվող «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի ավագ փաստաբան Կարեն Հովհաննիսյանը: Նա, ներկայացնելով համապատսխան փաստաթղթերը, դատարանի կողմից թույլտվություն է ստացել մասնակցելու գործի քննությանը:

Իրավաբան.net-ի հետ զրույցում վերջինս նշեց, որ դատական նիստի ընթացքում դատավորի կողմից թույլ են տրվել օրենքին հակասող գործողություններ, որոնցով խախտվել են մի շարք իրավական ակտերի պահանջները: Մասնավորապես` խախտվել է ՀՀ Սահմանադրության 18-րդ և 20-րդ հոդվածները, ինչպես նաև «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին» Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ մասը:

«Դատական նիստի ընթացքում ես ներկայացրել եմ մի քանի միջնորդություն, որոնք անհիմն կերպով մերժվել են»,- ասաց Կարեն Հովհաննիսյանը, ապա նշեց. «Իմ կողմից ներկայացված առաջին միջնորդությունը վերաբերում էր գործի նյութերին ծանոթանալուն: Քանի որ առաջին անգամ եմ մասնակցում գործի քննությանը, իսկ գործը շարունակվում է արդեն մի քանի տարի, ինձ հարկավոր էր ծանոթանալ գործի մանրամասներին: Այդ իսկ պատճառով միջնորդություն ներկայացրի դատական նիստը հետաձգելու համար, սակայն անհիմն մերժում ստացա»:

Փաստաբանն ընդգծեց, որ հայցվորների ներկայացուցչին զրկելով գործի նյութերին ծանոթանալու հնարավորությունից` դատավորը խախտել է արդար դատաքննության իրավունքը:

«Ինձ հնարավորություն չի ընձեռվել ծանոթանալու նաև դատական քննության շրջանակներում նշանակված և ստացված փորձագիտական եզրակացությանը, ինչպես նաև դրա վերաբերյալ ներկայացնելու դիրքորոշում` անհրաժեշտության դեպքում պահանջելով կրկնակի փորձաքննություն»,- հայտնեց հայցվորների ներկայացուցիչը:

Նրա հաղորդմամբ` ՀՀ վարչական դատարանի դատավոր Ռուզաննա Հակոբյանը դիմել է ավելի կտրուկ քայլի: Դատական նիստն անցկացնելով հայցվորի ներկայացուցչի բացակայությամբ ` անցում է կատարել դատաքննության փուլ, հայցվոր կողմին իսպառ զրկելով նոր ապացույցներ ձեռք բերելու, համապատասխան միջնորդություններով հանդես գալու հնարավորությունից. «Դատավորի նման պահվածքն անընդունելի է և հակաիրավական: Նման պահվածքով վերջինիս կողմից չարաշահվում են իր լիազորությունները և ակնհայտորեն ու կոպիտ կերպով խախտվում են հայցվոր կողմի դատավարական իրավունքները, որը նաև կարգապահական պատասխանատվության հիմք է հանդիսանում»:

Փաստաբանը, ի նշան բողոքի, լքել է դատական նիստերի դահլիճը:

«Ես պատրաստվում եմ ՀՀ օրենսդրությամբ ընձեռված հնարավորությունների շրջանակներում ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ: Դատավորի նկատմամբ կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությամբ դիմելու եմ ՀՀ արդարադատության խորհրդին, ինչպես նաև պատրաստվում եմ ներկայացնել դատավորի ինքնաբացարկի միջնորդություն»,- զրույցի վերջում հավելեց Կարեն Հովհաննիսյանը: Նշենք, որ հիշյալ դատական գործը սկսվել է դեռևս 2006 թվականից, երբ Երևան քաղաքի Մայիսի 9-ը փողոցի թիվ 51 շենքի մի խումբ բնակիչներ դիմում-բողոք էին ներկայացրել Երևան քաղաքի Շենգավիթի թաղապետին` շենքի դիմացի կանաչ տարածքում կառուցվող ապօրինի կիսակառույց շինության վերաբերյալ:

Արդյունքում թաղապետը կայացրել է որոշում, ըստ որի` տասնհինգօրյա ժամկետում նշված կիսակառույց շինությունը քանդվի: Սակայն որոշումն այդպես էլ չի իրականացվել: Որից հետո բնակիչները խնդրի լուծման համար հայց են ներկայացրել Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարան: Դատարանի կայացրած վճռի համաձայն` Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարը պարտավորվում է կատարել իր կողմից ընդունված որոշումը:

Սակայն Երևանի քաղաքապետի որոշմամբ Երևան քաղաքի Մայիսի 9-ը փողոցի թիվ 51 շենքի դիմաց կառուցված ինքնակամ կիսակառույց շինությունը ճանաչվում է օրինական և Երևանի քաղաքապետարանի սեփականություն, որը կառուցապատման իրավունքով փոխանցվում է երրորդ անձի:

Արև Ավագյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել