TikTok հավելվածն անհետացել է ռուս օգտատերերի App Store-ից: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։
Երբ փորձում եք հավելվածը փնտրել App Store-ում, ցուցադրվում են այլ հավելվածներ:
Այնուամենայնիվ, ծառայությունը մնում է հասանելի Google Play-ում:
Նշենք, որ մարտի սկզբին TikTok-ը հայտարարեց Ռուսաստանի տարածքում նոր բովանդակության ցուցադրման և ուղիղ հեռարձակման հնարավորության ժամանակավոր դադարեցման մասին՝ ռուսական օրենսդրության խստացման պատճառով:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 4-ին ստորագրել է օրենքը, որը քրեական պատասխանատվություն է նախատեսում Ռուսաստանի զինված ուժերի վերաբերյալ կեղծ տեղեկությունների տարածման համար։ Ընդունված օրենքի համաձայն՝ ՌԴ Քրեական օրենսգիրքը լրացվում է 207.3 հոդվածով՝ «Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի օգտագործման մասին գիտակցաբար կեղծ տեղեկությունների հրապարակային տարածումը»։ Այն նախատեսում է ազատազրկում մինչև երեք տարի ժամկետով կամ տուգանք՝ մինչև 1,5 միլիոն ռուբլի։
Միևնույն ժամանակ, օրենքի նման խախտումը, որը կատարվել է պաշտոնեական դիրքից օգտվելով՝ եսասիրական դրդումներից ելնելով, քաղաքական, գաղափարական, ռասայական, ազգային կամ կրոնական ատելության հիման վրա՝ պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 10 տարի ժամկետով կամ տուգանքով՝ մինչև 5 միլիոն ռուբլի:
Եթե կեղծ տեղեկատվությունը լուրջ հետևանքներ է առաջացրել, ապա ազատազրկման ժամկետը կկազմի 10-ից 15 տարի։