Ֆրանսիան պատրաստակամություն է հայտնել Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրել Ռուսաստանի Դաշնության ռազմական գործողության ավարտից հետո։ Այս մասին այսօր՝ ապրիլի 19-ին, հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով հանրապետության նախագահի խորհրդականին, փոխանցում է «ՏԱՍՍ» լրատավական գործակալությունը։
«Մեր երկիրը պատրաստ է անվտանգության երաշխիքներ տրամադրել: Մենք կարող ենք խոսել զենքի մատակարարման մասին, որպեսզի Ուկրաինան կարողանա հաղթահարել հնարավոր նոր հարձակումները»,- մեջբերում է գործակալությունը պաշտոնյայի խոսքերը:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։