Ֆրանսիան կշարունակի օգնություն տրամադրել Ուկրաինային. Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն օրվա ընթացքում երկրորդ հեռախոսազրույցն է ունեցել իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու հետ, որի ընթացքում խոստացել է շարունակել օգնություն ցուցաբերել Կիևին։

«Ես վերահաստատեցի մեր մտադրությունը աջակցելու Ուկրաինայի նախագահ Զելենսկուն՝ հակամարտությունը դադարեցնելու համար և հայտնեցի մեր համերաշխությունը»,- գրել է Ֆրանսիայի ղեկավարը Twitter-ում, փոխանցում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։

Մակրոնը հիշեցրել է, որ հակամարտության սկզբից ի վեր 50 օրվա ընթացքում Ֆրանսիան Ուկրաինային մատակարարել է ավելի քան 100 միլիոն եվրո արժողությամբ ռազմական օգնություն:

Ընդհանուր առմամբ, ԵՄ երկրները մտադրություն են հայտնել Ուկրաինային մինչև 1,5 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն հատկացնել:

Ըստ Մակրոնի՝ Ֆրանսիան Ուկրաինա կմատակարարի 24 հրշեջ և շտապօգնության մեքենա, ինչպես նաև փրկարար ծառայության համար 50 տոննա բեռ:

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել