Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի ապօրինի շրջանառության գործով երեք անձի մեղադրանք է առաջադրվել

Երևան քաղաքի երկու բնակիչների կողմից առանց իրացնելու նպատակի թմրամիջոցի ապօրինի շրջանառության և օժանդակության փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում թվով երեք անձանց մեղադրանք է առաջադրվել:

Ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով 2013թ. հունիսի 25-ին ոստիկանության Մեծամորի բաժին բերման են ենթարկվել Երևան քաղաքի բնակիչներ Ս.Սիմոնյանը և Հ.Կարապետյանը, որոնց անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափերի համապատասխանաբար 51.584 և 48.667 գրամ ափիոն տեսակի թմրամիջոց:

Փաստի առթիվ նույն օրը հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 268-րդ հոդվածի 3-րդ մասով:

Նախաքննության ընթացքում ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է թմրամիջոց ձեռք բերելու հարցում Հ.Կարապետյանին օժանդակած անձի ինքնությունը: Ըստ այդմ, Հ.Կարապետյանը Ժ.Թևոսյանի միջոցով թմրամիջոցը ձեռք բերել Գորիսի բնակիչ Ս.Սայունցից, ով մահացել է:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա Ս.Սիմոնյանին և Հ.Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել առանց իրացնելու նպատակի թմրամիջոցների ապօրինի շրջանառության, իսկ Ժ.Թևոսյանին` թմրամիջոցների ապօրինի շրջանառությանն օժանդակելու համար:

Ինչպես տեղեկացնում են Դատախազությունից, Ս.Սիմոնյանի, Հ.Կարապետյանի և Ժ.Թևոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել