Դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունից բխող գործողությունների ծրագրով նախատեսված է, որ 2020 թվականին պետք է քայլեր ձեռնարկվեին դատական իշխանության անկախության և անաչառության ամրապնդման համար։
Իրավաբան․net-ը թեմայի վերաբերյալ խոսել է փաստաբանների պալատի անդամ Աշխեն Դաշյանի հետ:
–Արդեն 2022 թվականն է, Դուք որևէ փոփոխություն զգացե՞լ եք ոլորտում։ Ի՞նչպես կգնահատեք կատարված կամ կատարվող աշխատանքը։
-Որոշ բարեփոխումներ իրականացվեցին կիսատ՝ այդպես էլ ամբողջ ծավալով չիրագործելով իրենց առջև դրված խնդիրները:
Եթե նույնիսկ կատարվել են աշխատանքներ, այնուհանդերձ դրանք չհանգեցրեցին համակարգային բարեփոխումների:
Դատական և իրավական բարեփոխումներով նախատեսվել էին Էլեկտրոնային եղանակով ծանուցումների իրականացման անհրաժեշտ գործիքակազմի ներդնում, դատավարական փաստաթղթերը էլեկտրոնային եղանակով ներկայացնելու անհրաժեշտ կառուցակարգերի ներդնում, էլեկտրոնային արդարադատության համակարգի ներդնում, դատական գործերի էլեկտրոնային մակագրության և բաշխման կարգի կատարելագործեում, մինչդեռ մենք հակառակ իրավիճակին ենք ականատես լինում, օրինակ ոչ միայն էլեկտրոնային մակագրության և բաշխման կարգն է կատարելագործվում, այլ արդեն տևական ժամանակ է դատական գործերի «ձեռքով» մակագրության պրակտիկան է շարունակվում:
Այս պրակտիկան վտանգում է յուրաքանչյուր անձի արդար դատաքննության, անկախ ու անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի քննության սահմանադրական իրավունքը:
Բարեփոխումների շրջանակում նախատեսվում էր նաև դատարանների գործունեության արդյունավետության բարձրացում, դատարանների ծանրաբեռնվածության նվազեցում, դատական քննության ողջամիտ ժամկետի ապահովում, դատարանների շենքային պայմանների բարելավում և տեխնիկական աջակցության տրամադրում, մինչդեռ մենք ականատես ենք լինում նվազագույնը 2-3 ամիս միջակայքով դատական նիստերի հրավիրում, «Դատալեքս» համակարգում տվյալների չհրապարակում, գրառումների բացակայություն, օրինակ հասանելի չեն տվյալներ, թե ինչ պահանջ է ներկայացված, դատարանը վարույթ է ընդունել, թե վերադարձրել է հայցը, վերջնական դատական ակտերի հրապարակում, իսկ «Դատալեքս» համակարգում յուրաքանչյուր լրացված տեղեկություն դատավարության մասնակիցներին կամ հանրությանը հնարավորություն է տալիս տեղեկանալ դատական գործընթացների մասին, արդյունավետ կազմակերպել իր պաշտպանությունը՝ չսպասելով 1 ամիս նամակով հանձնվող ծանուցումների:
–Նախատեսված էր նաև Բարձրագույն դատական խորհրդի որոշումների ընդունման գործընթացի բարելավում, թափանցիկության և պատճառաբանվածության ապահովում։ Ձեր գնահատմամբ, այս գործողությունն իրականացվե՞լ է, եթե այո՝ որքանո՞վ։
-Արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները՝ եռաստիճան դատական համակարգի միջոցով, և որպես այդ գործառույթի անարգել իրականացման երաշխավոր հանդես է գալիս Բարձրագույն դատական խորհուրդը: ԲԴԽ-ն պետք է երաշխավորի դատարանների և դատավորների անկախությունը:
Մինչդեռ կարգապահական վարույթը որևէ պարագայում չի կարող և չպետք է վերածվի դատավորի կողմից կայացված դատական ակտի «քողարկված» վերանայման:
Կարգապահական վարույթով չպետք է երբեք քննարկման առարկա դառնա արդյոք դատավորը ճիշտ է որոշել, թե ոչ այս կամ այն հարցը: Որոշումները չպետք է միտված լինեն դատավորի կողմից կայացված դատական ակտի «քողարկված» վերանայմանը: Դատավորի կայացրած որոշումը կարելի է կասկածի տակ դնել միայն բողոքարկման վարույթի միջոցով: Մինչդեռ կարգապահական վարույթի ոչ բոլոր որոշումների ընդունման գործընթացն է զերծ այս հանգամանքներից:
–Ռազմավարությամբ առանձնացված գործողություններից էր նաև դատական իշխանության անկախության և անաչառության ամրապնդումը, դատական իշխանության հանրային հաշվետվողականության կառուցակարգերի բարելավումը և կոռուպցիայից ու հովանավորչությունից զերծ դատական համակարգ ունենալը։ Ինչպես կգնահատեք այս կետը․ դատական իշխանությունն անկախ ու անաչա՞ռ է։
-Անկախ և հանրության վստահությունը վայելող դատական համակարգից հեռու ենք, բայց որոշ դատավորների շնորհիվ, ովքեր իրենց սահմանադրական կոչումին հավատարիմ մնալով և արժանապատիվ վարքագիծ դրսևորելով թույլ են տալիս բոլորիս մտածել, որ անկախ և անաչառ դատական իշխանությունը սոսկ իրավական ամրագրում չէ միայն:
–Արդյո՞ք ՀՀ–ն այժմ ունի կոռուպցիայից ու հովանավորչությունից զերծ դատական համակարգ։ Ի՞նչ եք կարծում՝ ինչ աշխատանքներ են տարվում կամ պետք է տարվեն այս ուղղությամբ։
-Կոռուպցիայից զերծ դատական համակարգ ունենալը, դատական իշխանության անկախության գործնականում կիրառությունը ենթադրում է գործառական, ինստիտուցիոնալ, նյութական ու սոցիալական անկախության այնպիսի նախադրյալներ, որոնք անհրաժեշտ ու բավարար են դատարանների ու ողջ դատական իշխանության անկախությունը երաշխավորելու համար: Այսպիսի համալիր աշխատանքների արդյունքում նոր հնարավոր կլինի ունենալ անկախ դատական համակարգ: Իրավական պետության ձևավորումն անհնար է առանց ուժեղ և անկախ դատական իշխանության: