Բողոքի ակցիա Կառավարության շենքի մոտ. պահանջում են ընդունել «Ընտանեկան բռնության մասին» օրենքը

5 տարուց ավելի «Ընտանեկան բռնության մասին» ՀՀ օրենքի նախագծի վրա աշխատելուց հետո, այս տարի Կառավարությունը հավանություն չի տվել: Այդ պատճառով այսօր` հունիսի 20-ին, Կառավարության շենքի մոտ կազմակերպվել էր բողոքի ակցիա:

«Երբ «Ընտանեկան բռնության մասին» օրենքի նախագիծը մերժվեց, մենք ստորագրահավաք կազմակերպեցինք, որպեսզի ներկայացնեինք Կառավարությանը: Սա ևս մեկ քայլ է, որ ցույց տանք` այս օրենքի ընդունումը հասարակությանը շատ է պետք: Կառավարությունն «Ընտանեկան բռնության մասին» օրենքն ընդունելու համար նաև միջազգային պարտավորություններ ունի»,- Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց «Կանանց աջակցման կենտրոնի» ղեկավար Մարո Մաթոսյանը:

Նրա խոսքով` օրենքը չընդունելը, որի վրա այդքան տարի աշխատել են և փողեր են ծախսել, նշանակում է քաղաքական կամք չկա կանանց խնդիրներին անդրադառնալու:

«Ընտանեկան բռնությունը հատուկ իր բնույթն ունի և քրեական օրենսգիրքը չի լուծում այդ բացը, որովհետև սպանությունն կամ բռնությունը կատարվում է չորս պատերի մեջ, ինտիմ հարաբերության մեջ, դու վկաներ չունես: Շատ անգամ կարող է ներկայացվել, թե ինքն է իրեն վնասել»,- նշեց «Կանանց աջակցման կենտրոնի» ղեկավարը:

Բողոքի ակցիայի մասնակիցները նամակ են պատրաստել վարչապետին փոխանցելու համար, որին կցել են նաև «Ընտանեկան բռնության մասին» օրենքն ընդունելուն կողմ 1500 անձանց ստորագրություններ:

«Նամակի մեջ նշել ենք, որ Հայաստանի Հանրապետությունն ունի մի շարք միջազգային պարտավորություններ և այդ պարտավորությունների համաձայն` պետք է արդեն վաղուց ընդունած լիներ «Ընտանեկան բռնության մասին» օրենքը»,- ասաց «Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ի ներկայացուցիչ Աննա Նիկողոսյանը:

«Հայաստանում տարածված է, որ մի ակցիայից հետո բարձրացրածդ խնդրի վերաբերյալ պատասխան ես ստանալու: Ակցիան պրոցես է, ակցիան չի լուծում խնդիրը: Եթե պետք լինի մինչև 2020 թվականն էլ կշարունակենք»,- նշեց Մարո Մաթոսյանը:

Տեղեկացնենք, որ «Ընտանեկան պաշտպանության մասին» օրենքի նախագծի նախնական դրութները մշակել է «Կանանց իրավունքների կենտրոնը»: 

Ըստ ոստիկանության տվյալների` 2012 թվականի գրանցվել է ընտանիքում բռնության 766 դեպք, 5 կին մահացել է` թողնելով 12 մանկահասակ երեխա:

 

Նունե Հովսեփյան
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել