Ըստ վիճակագրական տվյալների՝ 2012թ. Երեխաների իրավունքների պաշտպանության բաժնում հաշվառվել է առանց ծնողական խնամքի մնացած 117 երեխա և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող 8 անձ։
67 երեխա ստացել է մանկատանը տեղավորելու եզրակացություն, իսկ ծնողների դիմումների հիման վրա 16 երեխայի տրվել է մանկատնից կենսաբանական ընտանիք վերադարձնելու եզրակացություն։
Վերոհիշյալ բաժինը ուսումնասիրել է նաև ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված ընտանիքներից ստացված դիմումները, ըստ որոնց` 20 երեխա տեղավորվել է Երևանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություններում, իսկ 70 ընտանիքի ցուցաբերվել է սոցիալական աջակցություն:
Տեղեկացնենք նաև, որ ՀՀ կառավարության որոշման համաձայն ուսումնասիրվել են որդեգրել ցանկացող 33 քաղաքացու կենսապայմաններ, որոնց հիման վրա տրվել է 32 դրական և 1 բացասական եզրակացություն:
Որպես որդեգրման ենթակա հաշվառվել է 43 երեխա, և որպես որդեգրողի թեկնածու՝ 72 քաղաքացի։
Աշխատանքներ են իրականացվել նաև Երևանում մուրացիկ, թափառաշրջիկ երեխաներին հայտնաբերելու, անչափահասների շրջանում իրավախախտումները կանխարգելելու նպատակով։
Բաժինը համապատասխան աշխատանքներ է կատարել նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին հայտնաբերելու, հաշվառելու և նրանց կարիքը վկայագրելու աշխատանքները կազմակերպելու նպատակով։ Կատարված աշխատանքների արդյունքում 2012թ. ընթացքում նախապատրաստվել, քաղաքապետի հաստատմանը ներկայացվել և երեխաների օրինական ներկայացուցիչներին է հանձնվել կրթության առանձնահատուկ կարիքի առկայության մասին 1057 վկայագիր։
Աղբյուրը` Իրավաբան․net
Սույն հրապարակումը պատրաստվել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից ֆինանսավորած և ՀԵԻԱ-ի կողմից իրականացվող «Հանրային վերահսկողություն և թափանցիկության ապահովում» ծրագրի շրջանակներում: Սույն հրապարակման մեջ ամփոփված տեսակետները, մեկնաբանություններն և եզրակացությունները պատկանում են հեղինակներին և կարող են չհամընկնել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի տեսակետների հետ: