Կապան-Ճակատեն ավտոճանապարհին ադրբեջանական կողմը կտեղակայի անցակետ․ ԱԱԾ

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ սույն թվականի նոյեմբեր 15-ին՝ տեղական ժամանակով ժամը 00։00-ից, Կապան-Ճակատեն ավտոճանապարհի ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատվածում սահմանային և մաքսային հսկողություն իրականացնելու նպատակով ադրբեջանական կողմը կտեղակայի անցակետ։

Համապատասխանաբար հայկական կողմը հայելային եղանակով նշված ավտոճանապարհին նույնպես կտեղակայի սահմանային ու մաքսային հսկողության կետեր։

«Միաժամանակ հայտնում ենք, որ տվյալ հատվածում այլընտրանքային ավտոճանապարհը պատրաստ կլինի մինչև սույն տարեվերջ»,-նշված է հայտարարության մեջ։

ՊՆ-ն ավելի վաղ հայտնել է, որ ժամը 19։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ, որտեղ այսօր ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները փորձել էին դիրքային առաջխաղացում ապահովել, հարաբերականորեն կայունացել է, կրակոցներ չկան։

Ընթանում են բանակցություններ՝ իրադրության հանգուցալուծման նպատակով։ Հայկական կողմից տուժածներ չկան։

«Հավելենք, որ սոցիալական ցանցերում տարածվող տեղեկությունները, թե սահմանային այդ հատվածում հայկական տարածք ադրբեջանական ԶՈՒ զրահատեխնիկա է մտել՝ չի համապատասխանում իրականությանը»,-նշված է հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել