Տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստ, որը 3 ՀԿ-ների մասով մինչ օրս ոչ լեգիտիմ է

Կառավարությունից հոկտեմբերի 28-ին հայտենցին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի հերթական նիստը:

Ըստ հաղորդագրության՝ Խորհուրդը նախ հաստատել է նիստի օրակարգը, ինչից հետո ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Գրիգորյանը ներկայացրել է Հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի կատարողականը:

Հարկ է նշել, որ ի սկզբանե, երբ ձևավորվեց Հակակոռուպցիոն քաղաքականության խորհուրդը, Իրավաբան․net-ը հետաքննություն հրապարակեց այն մասին, որ Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի կազմում հասարակական կազմակերպությունների ներգրավման համար հայտարարված մրցույթը կազմակերպվել էր մի շարք խախտումներով:

Վարչապետի որոշմամբ հաստատված՝ Խորհրդի կազմում ներգրավվող հասարակական կազմակերպությունների մրցույթի և ռոտացիայի կարգի 3-րդ մասի (ՀԿ-ների՝ խորհրդի կազմում ներգրավվելու նպատակով հայտեր ներկայացնելը) 5-րդ կետի համաձայն Հասարակական կազմակերպությունները հայտերը ներկայացնում են արդարադատության նախարարություն՝ հայտարարությունը հրապարակվելու հաջորդ օրվանից սկսած 10 օրվա ընթացքում: Այս կարգով նախատեսված չէ մրցույթի ժամկետը երկարացնելու վերաբերյալ որևէ դրույթ, անկախ որևէ տեսակ էներգետիկ վթարների, և որևէ նշանակություն չունի՝ «ընդամենը» մեկ, թե տասն օրով է հետաձգվել մրցույթը: Այնինչ, արդարադատության նախարարությունը մրցույթի ավարտին վերջին՝ 10-րդ օրը հայտարարություն  հայտարարություն էր տարածել, որ այն հետաձգվում է 1 օրով։

Հետաձգված օրն էր հենց «Իրազեկ քաղաքացիներ միավորում» խորհրդատվական ՀԿ-ն նախարարությանը ներկայացրել իր հայտը, ինչի արդյունքում  «Իրազեկ քաղաքացիներ միավորում» խորհրդատվական ՀԿ-ն «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ն և «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ն ոչ իրավաչափ որոշման արդյունքում, Վարչապետի որոշմամբ հաստատված՝ Խորհրդի կազմում ներգրավվող հասարակական կազմակերպությունների մրցույթի և ռոտացիայի կարգի խախտմամբ ընդգրկվել  էին Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի կազմում։

———————

Նիստի հետ կապված՝ Կառավարության տարածած հաղորդագրության մեջ ասվում է․ «Զեկուցվել է, որ հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի կայացման շրջանակում հաշվետու ժամանակահատվածում ԱԺ-ի կողմից ընդունվել է Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծմանն ուղղված օրենսդրական փաթեթը: Վերջինիս ձևավորման մեկնարկն ապահովելու նպատակով կայացել է կոմիտեի նախագահի մրցույթը, որի արդյունքներով կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 16-ի թիվ 1479-Ա որոշմամբ նշանակվել է կոմիտեի նախագահ: Միաժամանակ, Հատուկ քննչական ծառայությունից 30 քննիչներ Հակակոռուպցիոն կոմիտեում նշանակվել են ինքնավար պաշտոններում՝ որպես ժամանակավոր պաշտոնակատարներ, մինչև մրցութային ընթացակարգերով տվյալ պաշտոնների համալրումը: Աշխատանքներ են իրականացվում Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող ստորաբաժանման ձևավորման իրավական հիմքերի սահմանման ուղղությամբ: Զուգահեռաբար աշխատանքներ են տարվում Հակակոռուպցիոն կոմիտեի շենքային պայմանների ստեղծման ուղղությամբ»։

Իրավաբան.net-ն ավելի վաղ անդրադարձել էր Հակակոռուպցիոն կոմիտե նախագահի ընտրության համար կազմակերպված մրցույթին՝ ներկայացնելով հետաքննությունն այն մասին, որ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի ընտրությունն ապահովվեց շղարշային մրցույթի միջոցով։

Ըստ հետաքննության ու ներկայացված փաստարկների՝ Մրցութային խորհուրդը չի գործել ամբողջական կազմով և վերջնական որոշումը կայացվել է 7 անդամի փոխարեն 4 անդամով, այնինչ օրենքի կարգավորումը ինքնանպատակ չէ և նմանատիպ որոշումները պետք է կայացվեն ոչ թե նվազագույն, այլ՝ առավելագույն ձայներով։ Իսկ ամենակարևորը, մասնագիտացված ՔՀԿ-ները, որոնք փոխկապակցված չեն կառավարության հետ, չեն մասնակցել մրցութային խորհրդին, որի պատճառով թեկնածուների ընտրության մասին մրցութային խորհրդի որոշումը ոչ լեգիտիմ է, իսկ մրցութային խորհուրդը` շղարշային` ի սկզբանե կառավարության կանխատեսելի թեկնածուին շղարշային մրցույթի միջոցով կոմիտեի նախագահ նշանակելու նպատակով։

Հավելենք, որ մրցութային խորհրդում էին նաև քաղհասարակության այն նույն երկու կազմակերպությունները՝ «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ն և «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդակցական ՀԿ-ն, որի ներկայացուցիչները ներկայացված են նաև Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդում։

Թեպետ պետք է նաև նշել, որ «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ ներկայացուցիչ Հայկ Մարտիրոսյանը մրցութային խորհրդի հուլիսի 29-ին կայացած նիստի ժամանակ հայտարարեց, որ դուրս է գալիս կազմից՝ որոշ անհամաձայնություններ ունենալու պատճառով։

Նաև հիշեցնենք, որ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհուրդը հունիսի 8-ին դատապարտող հայտարարությամբ էր հանդես եկել․

«2021 թվականի հունիսի 4-ին Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի (այսուհետ նաև՝ Խորհուրդ) կազմում քաղաքացիական հասարակության երկու ներկայացուցիչների ներգրավման նպատակով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը հայտարարել է մրցույթ: Մրցույթի հայտարարությունը հրապարկվել է Կառավարության կայքէջում 2021 թվականի հունիսի 4-ին, ուրբաթ օրը: Հայտերի ընդունման ժամկետ է սահմանված ընդամենը 5 օր, հունիսի 7-11-ը ներառյալ (հայտարարությանը հաջորդող երկուշաբթիից ուրբաթ):

«Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության համար ձևավորվում է մրցութային խորհուրդ: Խորհուրդը ձևավորվում է Կառավարության, Ազգային ժողովի խորհրդի, Բարձրագույն դատական խորհրդի, գլխավոր դատախազի, Մարդու իրավունքների պաշտպանի նշանակած մեկական թեկնածուներից և քաղաքացիական հասարակության երկու ներկայացուցչից:

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան, հաշվի առնելով այն արատավոր պրակտիկան, որ առկա էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության համար ձևավորվող մրցութային խորհրդի գործընթացներում, որի վերաբերյալ հունիսի 4-ին հանդես է եկել դատապարտող հայտարարությամբ, հայտարարում է, որ չի մասնակցելու Խորհրդի կազմում քաղաքացիական հասարակության երկու ներկայացուցիչների ներգրավման նպատակով անցկացվելիք մրցույթին»,-նշվում էր հայտարարության մեջ:

Ավելին, Կոալիցիան կասկածի տակ էր դրել չհիմնավորված հապճեպությունը, որպիսի պայմաններում կազմակերպվում է մրցույթը` Հայաստանում ընթացող արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական արշավի ժամանակ՝ հանկարծակիության, կեղծ ժողովրդավարության ու թափանցիկության շղարշի ներքո։

Կոալիցիան կոչ էր արել Կառավարությանը մինչև արտահերթ խորհրդարանական ընտրությունների ավարտը և Ազգային Ժողովի նոր կազմի ձևավորումը ձեռնպահ մնալ վերոնշյալ ձևական մրցույթի անցկացումից և դրա շղարշի ներքո քաղաքական նշանակումներ կատարելուց: Դեռ ավելի վաղ, Կոալիցիան բացասական կարծիք էր ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի,  այլ պաշտոնյաների նշանակման գործընթացի ու այլ կարևոր դրույթների վերաբերյալ, քանի որ այն լինելու էր կոլեկտիվ կուսակցական և խմբային շահի առաջնորդությամբ, կառավարության հովանավորության ներքո, մեկ անձի՝ վարչապետի կողմից կատարված քաղաքական նշանակում:

«Ի սկզբանե, նման ձևակերպմամբ օրենքը չի բավարարում Հակակոռուպցիոն գործակալությունների գործունեության սկզբունքների մասին Ջակարտայի հայտարարության նախատեսված այնպիսի կարևոր չափանիշներին, ինչիպիսիք են՝ նշանակման գործընթացի անկողմնակալությունը, չեզոքությունը, բարեխղճությունն ու իրավասությունը, անկախությունը և քաղաքական չեզոքությունը։ Հետեւաբար, կոռուպցիոն վարքագծով, շահերի բախմամբ հակակոռուպցիոն մարմինների ձեւավորումն ի սկզբանե դատապարտված է անհաջողության: Եւ դրա մասնակիցը մենք՝ որպես հակակոռուպցիոն պայքարի առաջամարտիկներ, չենք կարող լինել»,-ասված էր հայտարարության մեջ:

———————

Պաշտոնական հաղորդագրության մեջ ըստ ոլորտների նշվում է, թե ինչ փոփոխություններ են կատարվել հակակոռուպցիոն ոլորտում։

Ավելի վաղ հետաքննել էին նաև, թե ինչպե՞ս և ովքե՞ր Հայաստանում ձախողեցին հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգը։ Դրանում ակտիվ դերակատարություն անձանցից մի քանիսն այժմ էլ շարունակում են իրենց մասնակցությունը թե՛ Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդում, թե՛ պետական տարբեր պաշտոններում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել