Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Երեխաների պաշտպանության միջազգային օրվա շրջանակում, հյուրընկալել է ֆենոմենալ հիշողությամբ օժտված ութամյա Սիմոն Հարությունյանին: Փոքրիկն անաձամբ էր դիմել քաղաքապետին ընդունելության խնդրանքով:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` Սիմոն Հարությունյանը օժտված է առանձնահատուկ հիշողությամբ, ամբողջությամբ գիտի աշխարհի քարտեզը, բոլոր պետությունների մայրաքաղաքներն ու դրոշները, նաև պատասխանում է տարբեր բնագավառներին վերաբերող շուրջ 200 հարցերի: Ի դեպ, փոքրիկ Սիմոնը իր կարողությունների շնորհիվ արդեն իսկ գրանցված է հայկական դյուցազնագրքում:
Շնորհակալություն հայտնելով քաղաքապետին՝ խնդրանքը չմերժելու և ջերմ ընդունելության համար, Սիմոն Հարությունյանի հայրը` Լևոն Հարությունյանը, խոստացել է, որ իրենց կողմից կարվի ամեն ինչ, որպեսզի Սիմոնը միշտ բարձր պահի Երևանի պատիվը:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ, շնորհավորելով փոքրիկին Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ, մաղթել է նրան անհոգ մանկություն ու նորանոր ձեռքբերումներ: Քաղաքապետը նաև նվերներ է հանձնել փոքրիկին:
Լուսանկարը` www.yerevan.am-ի
Իրավաբան.net