Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի հայտարարությունը ԶՊՄԿ կողմից իր նախկին աշխատակիցների դեմ ներկայացված դատական հայցի վերաբերյալ

Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը դատապարտում է «Զանգեզուրի պնղձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի (ԶՊՄԿ) աշխատանքից ազատված նախկին 8 գործադուլավորների նկատմամբ ԶՊՄԿ-ի կողմից
2025 թվականի մայիսին ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ներկայացված հայցի հանգամանքը, որով ընկերությունը նրանցից պահանջում է  4.758.480.000 (չորս միլիարդ յոթ հարյուր հիսունութ միլիոն չորս հարյուր ութսուն հազար) ՀՀ դրամ, իբր ընկերությանը պատճառված վնասների փոխհատուցման գումար: Առավել մտահոգիչ է, որ ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ բավարարվել է ԶՊՄԿ հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդությունը, և 2025թվականի մայիսի 20-ին արգելանք է դրվել այդ քաղաքացիների գույքի վրա։

Համակարծիք ենք, ՀՀ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) քաղհասարակության խմբակցության 2025 թ. մայիսի 29-ին տարածած  հայտարարության և 2025 թ. հունիսի 4-ին  քաղաքացիական հասարակության մի խումբ կազմակերպությունների տարածած հայտարարության այն պնդումներին, որ նման հայցադիմումները բացասական ազդեցություն են ունենում արտահայտման ազատության, իրավունքների եւ խնդիրների բարձրաձայնման առումով և հանդիսանում են զսպող և լռեցնող մեխանիզմներ, որը միջազգային ժողովրդավար ինստիտուտների կողմից բնորոշվում է որպես հանրային մասնակցության դեմ ռազմավարական գործիք-ՀՄԴՌԳ (SLAPP-strategic lawsuit against public participation): Այն հաճախ է կիրառվում հասարակության և մասնավորապես աշխատողների հանդեպ, այն նպատակով, որ նրանք չբարձրաձայնեն իրավունքների խախտումների ու աշխատանքային հարաբերություններում առաջացող խնդիրների մասին։

Հայաստանի Հանրապետությունը, հանձնառություն ունենալով, կառուցել ժողովրդավարական երկիր, պետք է ձեռնարկի հանրային մասնակցության դեմ ռազմավարական գործիքից ՀՀ քաղաքացիներին պաշտպանելու օրենսդրական մեխանիզմների ներդման գործընթացներ՝ հետևելով իր գործընկեր հանդիսացող Եվրոպական միության և Եվրոպական խորհրդի չափորոշիչներին և առաջարկություններին (ԵՄ դիրեկտիվներԵԽ ռեկոմենդացիաներ): Դա բխում է Հայաստան-ԵՄ համափարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի (CEPA) տրամաբանությունից։ SLAPP գործընթացները, ՀՀ քաղաքացիների, բնապահպանների, ակտիվիստների, իրավապաշտպանների և լրատվամիջոցների գործունեության դեմ խոչընդոտ են ՀՀ-ի՝ Եվրամիության անդամակցության մեկնարկի մասին օրենքի մակարդակով ամրագրված ինտեգրման ձգտումներին: Վերջին տարիներին առկա է այդպիսի ավելի քան 30 դեպք, որոնք հիմնականում դրսեւորվել են հանքարդյունաբերական ընկերությունների կողմից քաղաքացիների դեմ ներկայացված հայցերով։

2025 թվականի հունվարի 31-ից մինչեւ փետրվարի 10-ը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ ՓԲԸ (ԶՊՄԿ) գործադուլ իրականացրած աշխատակիցները բարձրաձայնել են իրենց իրավունքների, խնդիրների և սոցիալական արդարության պահանջի մասին։ Գործադուլ իրականացնելու իրավունքը քաղաքակիրթ և ժողովրդավար հասարակություններում կարևորագույն և անօտարելի իրավունք է։

Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ կառավարությունը հանդիսանում է հայցը ներկայացրած ընկերության համասեփականատեր, ՀՀ կառավարությունից պահանջում է՝

-Միջամտել և միջնորդել, որպեսզի ԶՊՄԿ-ի կողմից ԶՊՄԿ նախկին աշխատողների նկատմամբ ներկայացված հայցադիմումը հետ կանչվի։

-Լիարժեքորեն լուծել ԶՊՄԿ գործադուլի մասնակիցների բարձրաձայնած եւ գործադուլի պատճառ հանդիսացած խնդիրները և այդ մասին ներկայացնել հանրային հաշվետվություն:

-Վերականգնել աշխատանքից ազատված քաղաքացիներին իրենց նախկին հաստիքներում։

-Աշխատանքներ ձեռնարկել ՀՀ-ում ՀՄԴՌԳ/SLAPP գործընթացներից քաղաքացիներին պաշտպանելու օրենսդրության մշակման և ներդրման համար։

-Իրականացնել աշխատանքային օրենսդրության փոփոխություններ՝ գործադուլի իրավունքը հասանելի և կիրառելի դարձնելու համար՝ այն համապատասխանեցնելով Աշխատանքի միջազգային
կազմակերպության թիվ 87 կոնվենցիային և Վերանայված եվրոպական սոցիալական խարտիային, ինչպես նաև վերացնելով դրա իրականացմանը չափազանց բարդ և խոչընդոտող երկարատև ընթացակարգերը։

-Ապահովել իրական երաշխիքներ, որպեսզի արհմիությունները կարողանան առանց խոչընդոտների իրականացնել իրենց լիազորությունները և օգտվել կոլեկտիվ բանակցություններ վարելու իրավունքից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել